Մասնակից 15

Դեժավյու, թե՞…

Աշխարհում չարիք են համարվում թրաֆիքինգը, ահաբեկչությունը, թմրամոլությունը, հարբեցողությունը, քաղցկեղը, զանգվածային ոչնչացման զենքերը, մասնավորապես կենսաբանական զենքը, որոնք դառնում են իսկական սպառնալիք ու իրական զենք հենց դրանք կիրառողների դեմ՝ չթողնելով անգամ այդ գործողներին մտածել, որ գոյություն ունի «կյանքի բումերանգ» էֆեկտը։

***

Միջանցիկ քամին խփում էր պատուհանին, փեղկերը բացուխուփ անելով՝ հարվածում մերթ աջ, մերթ ձախ։ Կարծես տանը ոչ ոք չկար, երբ բացարձակ լռության մեջ լսվեց խուլ հևոց։ Հղի կինն էր վազում աստիճաններով, բայց փոքրիկը չէր կարող իր հետ համընթաց վազել. դանդաղում էին քայլերը։ Ի վերջո, հասնելով պատուհանին արագորեն փակեց այն, ասես մի ծանր բեռ ընկներ ուսերից։ Ձեռքերով հետ տարավ գզգզված մազերը, բարձրացրեց իրերը, մարդկային ափի մեջ առավ փոքր-ինչ վախեցած դեմքը։ Յուրահատուկ ջերմություն իջավ դողացող սրտին, երբ ամուսնու տաք ու հոգատար ձեռքերը ծածուկ գրկեցին կնոջը՝ նրբորեն շոյելով կլորացած փորիկը։ Զարհուրած հայացքը լցվեց սիրելիի  ժպտուն աչքերի փայլով։ Կատարյալ երջանկություն էր։

Ոմն բժիշկ Սահակյան, որ կարծես գիտեր ամեն պահին ճիշտ կողմնորոշվել և իրավիճակում նույնչափ ճիշտ փարատել դիմացինի ցավերը. հզոր ու գիտատեխնիկական մեծ առաջընթաց ապահովող մեգակլինիկայի հիմնադիր-տնօրեն։ Բժիշկն այժմ միայն մեկ նպատակ ուներ, որը գուցե այդքան էլ հասկանալի չէր և կասկածի առիթներ տվող որոշում էր, բայց դա մեծ և նպատակային կոշիկների արտադրություն ապահովող, մեծ մասամբ բարեգործական հիմքեր ունեցող գործարանի ստեղծումն էր։ Այդ գործարանի ֆինանսավորումն ապահովելու համար լաբորատորիայում կատարվող հույժ գաղտնի փորձարկումները պիտի տային որոշակի արդյունք, որոնց վրա գիշեր-ցերեկ համախոհների հետ աշխատում էր բժիշկը։ Նպատակի մի մասն էլ այդքան սպասված երեխային բացարձակապես ամենալավ ապագա ժառանգելն էր, անհոգ և մտազերծ մթնոլորտ ստեղծելը։ Իր ցավերն ու մտքերն էլ թոթափվում էին կնոջ գրկում, միակ հանգիստ և խաղաղ վայրում՝ սիրաշատ տանը։

Քիչ բան կարելի էր իմանալ բժշկի մասին. նրա կյանքն ասես շքեղ ու խորհրդավոր պալատ լիներ՝ դրսից կատարյալ թվացող, բայց ներսից դատարկ զնգացող պատերի ամբողջություն։ Ծանր մանկություն էր ունեցել, տառապել, տանջվել կյանքի հարվածներից, բազմիցս հրաժարվել այլևս շնչելուց, բազմիցս սողացել բարձրանալու ակնկալիքով, բազում անգամներ ծնկաչոք անցել քարոտ ու փշոտ ուղիներով։ Շատ են խղճացել, շատ են կոտրել, բայց դա նրանց չի հաջողվել։ Կնոջ հետ ծանոթացել էր փորձությունների շրջանում. միասին են անցել շատ իրավիճակներ, և գուցե դա էր հենց նրանց ամուր սիրո գրավականը։ Երբ բժշկին ուղղում էին այն հարցը, թե ինչպես է հասել այս մակարդակին, ինչպես է որբանոցի փողոցներից ճանապարհ հարթել կատարյալ կյանք, ճանաչում, համբավ ստացել, որն է եղել հաջողության կարգախոսը, նա ժպտում էր՝ հայացքը թաքցնելով, քթի տակ մրթմրթում ինչ-որ բան, շրջանցում ու կարճ պատասխանում. «Ես կարող եմ ձեզ պատմել երկրորդ, երրորդ, տասներորդ կամ ունեցածս ողջ մնացյալ միլիոնների մասին, բայց ոչ առաջինի»։

Թերևս այսքանը…

Ամիսներ անց շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան, դրվեցին գործարանի կառուցման հիմքերը, բայց նոր մոլուցք էր ի հայտ եկել՝ անընդհատ հարստություն կուտակել. գործարանի գաղափարը տարօրինակ ու կայծակնային անցումներ էր մտցրել նրանց բնականոն կյանքում։ Կինն էլ զգում էր անբացատրելի սառնություն, բայց այս անգամ ոչ քամուց։ Անցնող-դարձող օրերի հետ ավելի ու ավելի էր աճում այդ անվերջանալի հեռավորությունը։

     Մի օր էլ գլխացավից ուշքի չէր գալիս կինը, փորձում էր ամեն կերպ ասել ամուսնուն, որ այլևս չի դիմանում, ինչ-որ բան այն չէ իր հետ։ Սաստկանում էր իրավիճակը, և օգնություն էր պետք։ Սակայն բժիշկը դուրս եկավ, ինչ-որ դեղեր շպրտեց սեղանին, հրեց կնոջն ու խնդրեց դրանց ձեռք չտալ, շուտով կվերադառնա ու մոլագարի պես դուրս ցատկեց։ Ցավից գրեթե ուշագնաց եղած կինը ձեռքը մեկնեց դեղերին, գլխացավի համար նախատեսված տուփը վերցրեց և ագահաբար կուլ տվեց…

     Օրեր անցան…

Կնոջ ու չծնված երեխայի շիրմաքարի գլխին լուռ ու գլխիկոր կանգնած էր բժիշկը… Վե՞րջ, այո’, վերջ… Ամեն բան հասավ իր ավարտին։ Այն, ինչ, թվում էր, նոր պիտի ծաղկեր, հանկարծ անհետացավ, անէացավ խավարտչին լռության մեջ։

Ապրած կյանքը բաց գրքի նման անցավ աչքերի առջևով։ Երբեմնի կուտակած ողջ հարստությունը քանի-քանի այդպիսի շիրմաքարեր կշարեր, եթե այսօր այստեղ նա կանգնած չլիներ ունեցվածք «դարսելու» չարածին մոլուցքի դիմաց։ Ասում են՝ «բումերանգի էֆեկտն» ամենուր է։ Իր ստեղծած կենսաբանական զենքը, այն հաբերը, որոնք կանաչ թղթիկներով պիտի լցնեին գրպանները, դատարկեցին  ողջ սիրտն ու հոգին։ Սովորական տուփերի մեջ քողարկված այդ «զենքը» ոչ այլ ինչ էր, քան սուր դանակ սեփական ոսկորի համար։ Փրկվեցին կյանքեր անմեղների գնով։

***

Դատի ժամանակ՝ մինչ դատավճիռ կայացնելը, վերջին բառերը խոսեց.

  – Երբ փոքր էի, ինձ գլորում էին որբանոցի աստիճաններից, գլորում ու գլորվում կյանքի սանդուղքներով։ Ես կոտրված ապակու միջով էի նայում բոլոր այն անհոգ մարդկանց, որոնք անհաս երազանք էին սրտիս ու մտքիս համար։ Դաժան օրերից հետո մտքումս հազար ու մի ծրագիր էի մշակում ինձ ցավ պատճառողներին կյանքից դանդաղ հեռացնելու մասին, հազար ու մի իրագործելի ծրագիր։ Ես ուզում էի լինել լավագույն ծնողը երեխաներիս համար, քանզի գիտեի՝ ինչ է նշանակում մնալ մեն-մենակ աշխարհի դիմաց։

Ինչևէ, արդեն գիտեք։

Բայց ինձ ամենամեծ ցավը տվեցին ու մինչև հիմա տալիս են կոշիկները։ (Քար լռություն դահլիճում)։ Այո’, կոշիկները։ Հերթական փախուստի ժամանակ ամբողջությամբ ոտքերս արյունոտվել էին, մաշված կոշիկներիս մեջ ապակեծածկ զանգված էին դարձել։ Հուսակորույս վազքի ժամանակ գլուխս խփեցի փոքրամարմին տղամարդու, որն էլ, տեսնելով կոշիկներս, հանեց իրենն ու ինձ հագցրեց հագած կոշիկները, և այդ օրից ես երդվեցի հիմնել գործարան, որտեղ կվաճառվեն երբևէ չկրած կոշիկներ ( քմծիծաղ տվեց): Ես այն ժամանակ կարծեցի, թե կոշիկները կրած են վաճառվում և ուրախությունից վազելով հեռացա, հետո վերադարձա, որ հարցնեի, բայց այլևս չգտա նրան։ Եվ հիմա (ավելի բարձր ծիծաղելով և ծոծագրպանից հանելով մանկան փոքրիկ նկարազարդ կոշիկները ՝ շարունակեց), երբ բոլորդ գիտեք՝ ով եմ ես, վերցրեք սրանք և համարեք, որ երազանքս կատարվեց։ Վերցրե´ք և ամբողջ աշխարհին գոռացե´ք. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։ Գոռացե´ք ու մեղադրե´ք հրեշիս. չէ՞ որ ես իմ երազանքով սպանեցի երազանքս։

Ծիծաղեց, խփեց, կորցրեց ինքնակառավարումն ու հեռացվեց դահլիճից։

***

Վճիռ՝ գնդակահարել ոճրագործին։ (Գնդակահարել երազանքը սպանողին

24 thoughts on “Մասնակից 15”

  1. Կարելի է շատ դասեր քաղել այս պատմվածքից: Պայքարել է պետական:Հուզիչ էր:

  2. Մեծ ու անկոտրում ուժ է պետք գիտակցելու համար, որ դու քո ձեռքով սպանում ես երազանքդ։
    Պետք է պայքարել դարի չարիքներնի դեմ և թողնել, որպեսզի ծնվեն երեխաներն ու երբեք «անտեր» չմնան մանկական կոշիկները։

  3. Շատ հաճելի է, որ մեր երիտասարդությունն այսպիսի լայն մտահորիզոն ունի և կարողանում է մեծ ճշգրտությամբ ու դիպուկությամբ փոխանցել էմոցիաները։

  4. Իրականում պատմությունը ինձ այնքան հուզեց,որ ես սկսեցի մտածել,թե ինձ համար ի՞նչն է այս աշխարհում ամենից կարևորը։Գու՞ցե դա մեկիս համար փողն է,մյուսիս համար իշխանությունը,հարստությունը,շատերիս համար էլ գաղափարը։
    Երևի ամենակարևորը մարդ մնալն է ու ագահության ճիրաններից չկառչելը։
    Հավատացե՛ք,մենք ունենք մեզ անհրաժեշտը պետք չէ լինել մոլեգին փառասեր ։
    Պատմությունը ինքնին տպավորիչ էր ու հետաքրքիր երանգներով։👏👏❤

  5. Խոսքերն ավելորդ են։ Հիացած եմ շարադրանքի ձևով, տակտիկայով։ ❤️😻🤩

  6. Բացարձակ ճշմարտություն,ճկուն միտք,հուզիչ պատմություն կյանքի դառը ճշմարտության մասին։Մարդկաց պետք է սիրել և գնահատել կենդանության օրոք։Թե չէ ծաղիկներն ու արցունքները ոչ ոքի պետք չեն։Ապրի հեղինակը,գուցե շատերը այս պատմությունը կարդալուց հետո սկսեն ավելի ճիշտ ապրել և մտածել։

  7. Տպավորիչ էր, հետաքրքիր և անսպասելի անցումներ կային, կյանքը թղթի վրա էր ներկայացված , սկիզբ և ավարտ , ամեն ինչ մտածված էր գեղեցիկ և ազդեցիկ , շնորհակալություն:

  8. հուզիչ և իրական պատմություն էր👏🏼
    Արժանի է հաղթանկի

  9. Արտակարգ էր..կարդալիս էտ ամեն ինչը աչքերիս առաջ էր հայտնվում։ Կարճ լինելով հանդերձ, գրվածքը իր մեջ ահռելի շատ բան էր պարունակում, շատ հասուն մտքեր..մեջը սիրտ ու հոգի կար..

  10. Հուզիչ,դաստիարակիչ բնույթ կրող պատմվածք է՝լի կյանքի իրականությամբ։Այո՛ բումերանգի օրենքը կա եվ լինելու է ըմդմիշտ։Աստծօ աչքի առաջ կատարվածը մարդը փորձում է չարամտորեն թաքցնել ուրիշների աչքից։Կյանքը բումերանգ է…Այսօրվա արածի պատասխանը՝վայելքներն ու դժվարությունները,կատարվածի պատասխանը ճաշակելու ենք վաղը։Տա Աստված,որ բումերանգի օրենքը լինի ուսուցողական, լինի բարության պատասխանը, լինի դաս անցյալի համար ու պարարտ հող հարթի դեպի ապագան։

Leave a Reply to Anna Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *