Մասնակից 16

Վաճառում են մանկական կոշիկներ, երբևէ չկրած…

Տարիներ են անցել, բայց չեմ կարողանում մոռանալ այս նախադասությունը:

Մի օր արթնացա շատ բարձր տրամադրությամբ և որոշեցի դուրս գալ զբոսնելու:

Հանկարծ նկատեցի մի փոքրիկ տղայի, որը հազիվ հինգ տարեկան լիներ: Այնքան տխուր աչքեր ուներ, այնպես մտամոլոր էր երևում, որ չգիտես ինչու ցանկություն առաջացավ հետևելու նրան, տեսնելու՝ ուր է գնում, ինչու է միայնակ. գուցե  մոլորվել էր, կորցրել ծնողներին կամ փախել տնից: Սրտիս ձայնին լսելով՝ գնացի նրա հետևից:

Փոքրիկը նստեց մի նստարանի, հանեց մի քանի զույգ կոշիկներ, թուղթ ու գրիչ և սկսեց նայել շուրջբոլորը. կարծես փնտրում էր ինչ-որ մեկին: Որոշեցի մոտենալ: Հարցրի անունը, տարիքը, փորձեցի հասկանալ՝ ինչու է մենակ, ուր են ծնողները, որտեղ են ապրում, սակայն ոչ մի հարցի պատասխան չստացա: Ինձ տվեց թուղթն ու գրիչը և խնդրեց, որ գրեմ. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ  չկրած»:

Խնդրանքը կատարելուց հետո ամեն կերպ փորձեցի պարզել նրա իսկությունը, հասկանալ այդ քայլի դրդապատճառները և այն, ինչ իմացա, սրտի կսկիծով եմ հիշում հիմա:

Փոքրիկի եղբայրը հիվանդ էր, ծանր հիվանդ, ընտանեկան վիճակը, ինչպես հետո իմացա, այդքան էլ լավ չէր: Երեխան  այդ օրը դուրս էր եկել տնից առանց ծնողներին զգուշացնելու՝ թաքուն վերցնելով ծննդյան առթիվ նվեր ստացած կոշիկները, ու եկել այգի, որպեսզի վաճառի ու այդ գումարով եղբոր համար դեղեր գնի, որ մի փոքր մեղմացնի նրա ցավերը:

Տեղեկանալով այդ ամենի մասին՝ դիմեցի ծանոթ ու անծանոթ մարդկանց, և փորձեցինք օգնել փոքրիկի ընտանիքին:

Այժմ հիվանդ երեխան  ապաքինվել է՝ շնորհիվ փոքր եղբոր, որը, այդքան փոքր լինելով, միևնույն ժամանակ այնքան հասուն է, որ նույնիսկ լիովին չհասկանալով իր քայլի լրջությունը՝ փոխեց ամեն ինչ: Ոչ միայն օգնեց եղբորն ու ընտանիքին, այլև օգնեց ինձ ու այն բոլոր մարդկանց, որոնք տեղյակ են այս պատմությունից:

Այլ է զգացողությունը, երբ գիտակցում ես, որ քո ձեռքով գրված փոքրիկի միտքը կարողացավ փրկել կյանք…

One thought on “Մասնակից 16”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *