Մասնակից 22

Քայլում էի աշնանային տխուր փողոցներով, շուրջս տեսնում էի մարդիկ՝ մռայլ, թախծոտ, և խորհում՝ արդյոք դարձյալ աշունն է իր տխրությունը սփռել բոլորի հոգում, թե՞ նրանց մի ուրիշ ցավ է տանջում։ Աշնանային այդ տխրության մեջ, սակայն, նշմարվում էր հոգեհարազատության մի կայծ, որը մարդկանց ստիպում էր ապրել ու շարունակել ուղին։ Ճանապարհը թվում էր երկար և անվերջանալի։ Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե հենց այդ ճանապարհն էլ բոլորի անհաջողությունների բավիղն է, որտեղ մոլորվել, խճճվել են, ու դրանից է, որ ուրախ չեն… Ժամերը սահում էին աննկատ, և ինքս էլ չզգացի, որ մութը պատել է ամբողջ երկինքը: Ճանապարհին տեսա մի մարդու, որը, փողոցի անկյունում նստած, վաճառում էր զանազան մանրուքներ: Չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ մոտեցա: Այդ զանազան իրերի մեջ աչքիցս չվրիպեցին աջ անկյունում դրված մանկական կոշիկները, որոնք կարծես խոսում էին ինձ հետ, կարծես պատմում էին իրենց դառը կյանքի պատմությունը: Պատմում էին, թե ինչպես են սպասման զոհ դարձել… Կյանքը նրանց հետ անարդար էր եղել, նրանց մատնել էր թշվառության: Նրանք ստացել էին միայն անտարբերություն, որն օրեցօր ավելի ու ավելի էր տանջում նրանց: Անցնում էին օրեր: Ամեն անգամ այդ կողմով անցնելիս ուշադրությամբ նայում էի կոշիկներին. նրանք անշարժ դրված էին աջ անկյունում. նրանք չէին վաճառվում: Նրանք միայն պատմում էին իրենց խոր ցավի, իրենց գոյության թշվառ կռվի, ամենօրյա անտարբեր անցուդարձի մասին տխուր պատմությունը…

46 thoughts on “Մասնակից 22”

  1. Ներկայացվող հոգեվիճակը ստիպում է անընդհատ կարդալ գրվածի յուրաքանչյուր տողը .. Հիացած եմ

  2. Շատ գեղեցիկ է գրված: Հետաքրքիր է,երբ ուշադրություն են դարձնում մանրուքներին ,որոնք այդքան էլ մանրուք չեն…

  3. Հետաքրքիր է,երբ սակավ իրադարձությունների մեջ թաքնված խորը միտք ես գտնում ։

  4. Ստիպեց մի քանի վայրկյանով կտրվել իրականությունից🤗

  5. Հետաքրիր էր, կցանկանայի, որ այն շարունակություն ունենար։

  6. Հետաքրքիր էր, կցանկանայի, որ այն շարունակություն ունենար։

  7. Երբ կարծրանում են սրտերը, փակվում են դեպի կարեկցանք տանող անգամ ամենանեղ արահետները։

Leave a Reply to Մերի Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *