Մասնակից 3

Հինգշաբթի երեկոյան՝ իմ մշտական ժամին, աշխատանքից հոգնած եկա տուն, նետվեցի բազմոցին ու աչքերս փակեցի։ Ինքս էլ չզգացի, թե ինչպես քնեցի, բայց արթնացա բարձր ճիչերի ձայներից։ Երբեք չէի մտածի, որ իմ հարևանությամբ 13 տարի շարունակ անաղմուկ բնակվող ամուսինների տնից նման ձայներ կարող եմ լսել։ Բայց քունն ինձ հաղթեց, ու ես չկարողացա տեղիցս բարձրանալ։

Հաջորդ օրն արթնացա կատարյալ լռության մեջ. ինձ թվաց, թե երեկվա դեպքն ընդամենը երազ էր։ Շքամուտքի դիմաց վաղ առավոտյան, սովորության համաձայն, հարևաններից ու վատ հարսներից բողոքող կանանց մեջ տեսա՝ իր հարսից հավերժ բողոքող ու ինքն իրեն «անթոռ մնացած» համարող հարևան տիկնոջը։ Նրա դեմքն այսօր փայլում էր, և նա ոչ ոքի խոսելու հերթ չէր տալիս։

-Աղջի՜կ է, է՜, աղջի՜կ, իմ անունն են դնելու։

Հասկացա` երազ չէր եղածը։ Ամբողջ օրը մտքումս պտտվում էին այդ տիկնոջ երջանիկ դեմքը, փայլող աչքերն ու իր թոռնուհու ապագա գոյության մասին միտքը։

Տուն էի վերադառնում ու ճանապարհին մանկական հագուստի խանութ տեսա։ Այն նույն խանութը։

Անցած տարի` աղջկաս համար այդ խանութից հագուստ գնելիս, նկատեցի, որ ուժեղ քամի է սկսվում։ Հայացքս բարձրացրի մեր տան պատուհանների վրա, ու մինչ աչքերս կորսային նրանց, տեսա հարևան կնոջը, ով, աչքերը սրբելով, մեզ էր նայում։

Մտա խանութ, ու աչքովս ընկան մի զույգ մանկական կոշիկներ. գնեցի առանց վարանելու ու նվիրեցի ապագա մայրիկ հարևանուհուս։

Մի քանի ամիս էր անցել, նորից աշխատանքից վերադարձել էի տուն ու քնել։ Արթնացա ինձ ծանոթ ձայներից, վազեցի հարևաններիս տուն ու անհամբեր սկսեցի դուռը թակել՝ սպասված լուրն իմանալու համար։ Բացող չկար, ու ձայներ էլ չկային։ Առավոտյան շքամուտքում չկային կանայք, անգամ շները չէին հաչում։

Ծանոթ խանութի մոտ տեսա «անթոռ մնացած» տատիկին`իմ գնած կոշիկները ձեռքին,ու դիմացը` մի գրություն՝ «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չհագած»։

8 thoughts on “Մասնակից 3”

  1. Սրանից ավելի հրաշալի և միաժամանակ հուզիչ բան երբեք չեմ կարդացել…աչքերս լցվեցին, ուղղակի բրավո հեղինակին, խոսքեր չունեմ…👏🏼👏🏼👏🏼

  2. Պատմությունը հուզիչ էր ու բովանդակալից, ապրես Ստելլա ջան 😊

  3. For sale: baby shoes, never worn. Իմ սիրելի Հեմինգուեյին վերագրվող վեցբառանի պատմվածքի գեղեցիկ ընդարձակում։ Ապրես, Ստե՚լ ջան։

  4. Հրաշալի է ստացվել, ճիշտ է ստիպում է հուզվել, բայց այնքան իրական է…

  5. Ապրես, Ստելա ջան։ Կյանքում դեռ շատ բաների կհանդիպես։ Կարեւորը՝ ՄԱՐԴ մնալն է։Զուր չի գրել Թումանյանը.” Երմակ նրան, ով մսրդ կուգա եւ մարդ կերթա աշխարհից։

  6. Իմ քնքուշ Ստելլա, ինչ լավ լուծում էիր տվել, ինձ դուր եկան պաուզաները,բարձրաձայն չասված խոսքերը,ապրես!!!
    Սիրում եմ քեզ👏

  7. Իմ աշխատասեր եւյուրօրինակ Ստելլա, ես միայն ուրախ եմ քո հաջողությանհամար։
    Գրածդ շատ հուզիչ էր, շարունակիր աշխատել եւ ստեղծագործել։

Leave a Reply to Մելանյա Գեղամյան Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *