Մասնակից 8

Անձրևը սկսեց վարարել, անձրևանոց չունեի. ստիպված վազեցի ու մտա առաջին պատահած խանութը: Վարդագույն պատերով փոքրիկ  խանութի ներսում գեղեցիկ շարված էին երեխաների կոշիկներ,  իսկ առաստաղից կախված ցուցանակի վրա գրված էր. «Վաճառվում են կոշիկներ՝ երբևէ չկրած»:  Տարօրինակ է, մի՞թե պետք է կրած կոշիկներ վաճառեին, այն էլ՝ մանկական: Մի քանի րոպե լուռ ուսումնասիրում էի գրվածքն ու  կոշիկները, երբ լսեցի տարեց կնոջ ձայն.

-Հանի’ր թաց բաճկոնդ, ես քեզ նորը կտամ, իսկ թեյը շուտով պատրաստ կլինի:

Մոտեցա սենյակի անկյունում դրված աթոռին.  սենյակի այդ հատվածը քիչ էր լուսավորած: Թեյը մատուցելուց  հետո այդ կինը սկսեց շոյել մազերս՝  թեթև ժպիտով նայելով աչքերիս: Սկզբում  վախեցա, բայց նրա հայացքի մեջ նշմարվող մայրական ջերմությունը ցրեց իմ բոլոր վախերը: Որոշ ժամանակ լռելուց հետո  տիկինը խոսեց.

-Ի՜նչ լավ է, որ դու կաս: Ի՜նչ լավ է, որ դու ծնվել ես: Ի՜նչ լավ է, որ քո կոշիկներն այստեղ չեն վաճառվում:

Մտքերս խառնվեցին. ի՞նչ է խոսում այս կինը, ուզում էի հարցնել, բայց չգիտես ինչու չէի կարողանում: Ապշած հայացքս տեսնելով՝ ասաց.

-Իմ աղջիկն էլ պետք է երկար մազեր ունենար. ես նրան միշտ այդպես էի պատկերացնում: Երկար ժամանակ է անցել այն օրից,  երբ ամուսինս ստիպեց ինձ հրաժարվել իմ հրեշտակից։ Նա պետք է Արևիկ անունը կրեր։ Այնքան  փոքրիկ ու գեղեցիկ կոշիկներ էի գնել նրա համար. այ նայի՛ր, դրանցից մի քանիսը այստեղ եմ պահում: 

Սենյակի կենտրոնում միանգամից աչքի էին ընկնում դեղին կոշիկները։ Դրանք դրված էին ապակե տուփի մեջ. տուփի վրա կար այսպիսի մակագրություն. «Ես Արևիկն եմ, ես չեմ ծնվել, քանի որ աղջիկ էի»:

-Իսկ ու՞մ են պատկանում մնացած կոշիկները,-հուզմունքս մի կերպ թաքցնելով՝ հարցրի ես:

-Աննային, Հասմիկին, Սոնային ու մնացած աղջիկներին: Տարեկան 1500 կոշիկ…

Անձրևը կտրվեց. խոստացա կրկին այցելել կնոջը ու շնորհակալություն հայտնելով՝ դուրս եկա խանութից:  Մտքումս միայն մի  միտք էր. «Տարեկան 1500 կոշիկ… Ինչ լավ է, որ ես կամ, ինչ լավ է, որ իմ կոշիկներն այդտեղ չեն վաճառվում»։

37 thoughts on “Մասնակից 8”

  1. Շատ լավ է գրված։ Հուզիչ ու կարևոր իմաստ պարունակող պատմություն է։ Ապրես

  2. Կուզեյի, որ շատերը կարդային այս պատմությունը, քանի որ այժմ շատ արդիական է դարձել աղջիկ երեխաներից հրաժարվելու հարցը, քանի որ նրանք ԱՂՋԻԿ են։ Այս պատմությունը կարդալը շատերին դաս կլինի, ինչու չէ նաև բարոյախրատական իմաստ է պարունակում։ Շատերը սա կարդալով կփոխեն իրենց աշխարհայացքը այս հարցի շուրջ։ Շատ հավանեցի պատմությունը, թեպետ սեղմ, բայց մեծ իմաստով։ Ընկերներիս նույնպես կառաջարկեմ կարդալ, քանզի մեր ժողովուրդը նմանատիպ պատմություններ կարդալու կարիք ունի։

  3. Սա սովորական պատմություն չէ, այն պետք է կարդան բոլորը։ Պատճառը հնուց արմատավորված կարծրատիպերն են, որոնք չունեն ոչ մի խելամիտ բացատրություն։Ո՞վ գիտի քանի կոշիկներ են արդեն վաճառվել։Խտրականությանը պետք է վերջ դրվի։

  4. Բառեր չեմ գտնում նկարագրելու զգացածս։Անչափ հուզիչ եւ խորիմաստ պատմություն էր։

  5. Թող բոլոր Արևիկները, Սոնաները, Աննաները ասպիսի բախտի չարժանանան։ Ինչ վերաբերում է պատմությանը՝ խոսքեր չունեմ։
    Գերազանց աշխատանք։

  6. Հուսով եմ,որ մի օր կփոխենք այս մտածելակերպը։Յուրաքանչյուր երեխա ունի ապրելու իրավունք։Աստված իր սիրված էակին է կյանք տալիս։Ոչ մեկ Աստծուց այնքան բարձր չէ, որպեսզի չհարգի իր տված կյանքը՝ մոր սրտի տակ

  7. Արդի և կարևոր թեմա է, պետք է վերջ դնել խտրականություններին։ Պատմությունն էլ շատ հուզիչ էր։ Ապրես

  8. Մտովի տեղափոխվեցի այդ փոքրիկ խանութ.հիասքանչ էր ուղակի։

  9. Հիանալի էր
    Հուսով եմ նաև նման պատմությունների օգնությամբ մի օր մենք չենք ունենա սեռով պայմանավորված ընդհատված կյանքեր և կոշիկներ՝ երբևէ չկրած…

  10. Հետաքրքիր պատմություն էր։ Ցավալի է, որ դեռ այս արատավոր երևույթը չի վերացել։ Ապրես, լավ ես շարադրել։

  11. Շատ հուզիչ պատմություն էր հույսով եմ որ սա կլինի վորջինը։ Այդ բոլոր աղջիկներն են որ կծնեն թէ տղաներ թէ աղջիկներ

  12. Շատ հուզիչ պատմություն էր հույսով եմ որ սա կլինի վորջինը։ Չէ որ այդ բոլոր աղջիկներն են որ կծնեն թէ տղաներ թէ աղջիկներ

  13. Խոսքերն ավելորդ են։Թող ծնվեն բոլոր Սոնաներն ու Արևիկները։Նրանք են կերտելու հայ կնոջ վսեմ կերպարը և ազգիս համար ծնելու են Մոնթեներ։Հիանալի պատմություն որը պիտի խրատ լինի նրանց ովքեր դեռ չծնված `սպանում են

    1. Անչափ հուզիչ էր։Մի պահ ուզում էի արտասվել նույնիսկ…Խոսքերն ավելորդ են❤❤❤❤

Leave a Reply to Levon Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *