Մարքեթինգի Հարութը…

Պատերազմն էլ իր ազգի մեջ

Հայը հային կսպանի, տե՛ս,

Երբ թշնամին վայրագ է, էհ՜…                         

                Հարութ Արտակի Հովհաննիսյան

Երբեք չեմ ներելու 2020-ին՝ ինձնից իմ ամենահարազատին տանելու համար:

Հարութի հետ սովորել ենք նույն կուրսում: Հենց առաջին օրվանից էր տպավորվել. ամեն օր մի տարբերվող վերնաշապիկով գալիս էր ու ակտիվ մասնակցում բոլոր դասաժամերին: Իր առջև նպատակ ուներ, որ պիտի մինչև բանակ գնալը բարձր գնահատականներ ստանա, որ վերադառնալուց հետո անվճար սովորի:

Երբ դասի զանգը հնչում էր, ու ես լսարանի ուղղությամբ չէի գնում, միանգամից գալիս էր, որ բարկանա: Միշտ ասում էր. ‹‹Արի´, նստի´ր դասի, հետո կասես՝ մեկը չկար՝ տար գլխիս, քանի կամ, ես եմ էդ մեկը››:

Մի օր էլ դասի ժամանակ ես ու ընկերուհիս հեռախոսով ինչ-որ բան էինք նայում, մեկ էլ Հարութից նամակ ստացա, բայց չբացեցի, ու էդ պահին դասախոսը նկատողություն արեց: Նորից նամակ ստացա ու երբ բացեցի, տեսնեմ գրել է. ‹‹Անջատի´ր, դի´ր մի կողմ, հիմա քեզ ա դաս հարցնելու››… ‹‹այ, որ նամակս չարհամարհեիր, նկատողություն չէիր ստանա››:

Միշտ գիտեր՝ որ պահին ինչ ասել: Բոլորի հոգեվիճակը հասկացողն էր:

Բանաստեղծություններ էր գրում, բայց քչերին էր թույլ տալիս, որ կարդան, ու էդ եզակի բախտավորներից մեկն էլ ես եմ, ով գրելուց րոպեներ հետո կարդում էր: Ասում էր. ‹‹Դու դուզն ասող մարդ ես, ասա տենամ` ինչ ես մտածում››: Էնքան խոր, ասելիքով լի ու միաժամանակ հիասթափված տողեր էին… Մի անգամ կարդալուց հետո հարցրի. ‹‹Հարութ, սիրահարված ե՞ս››: Ու ինքն ասաց, որ սիրահարվելն ամենավերջին բանն է, որ կկարողանա իրեն կոտրել:

Հարութը երբևէ չի սիրել, դե, միշտ էդպես էր ասում: Սպասում էր: Անընդհատ փնտրում էր աղջկան, ում անունը կլիներ ՆԱՐԵ ու կունենար էն նրբությունը, որն ունի էդ անունն իր մեջ: Երբ տուն էր գնում, գրպանից հանում էր ականջակալները, դնում էր Nemra-Նարե երգը ու էդպես՝ ամբողջ ճանապարհին: Այ, հենց էդ երգից հոգնել չուներ:

Սեր չեմ ապրել ես իմ օրում,

Բայց շատ օրեր կան առջևում,

Կսիրեմ էլ ու կսիրվեմ,

Սրտիս վերքը կսպիացնեմ:

Կգտնեմ ես այնպես մեկին,

Որ դարման կլինի սրտիս վերքին:

Կնայեմ ես նրա դեմքին,

Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին:

Ոչ կգոռամ կամ բղավեմ,

Աչքերով իմ ես կսիրեմ…

Սեպտեմբերին կուրսում ամենաակտիվը ես ու Հարութն էինք, որ ոչ մի միջոցառում բաց  չէինք թողնում: Բայց սկսեցինք ավելի մտերմանալ, երբ որոշեցինք մասնակցել КВН-ին, ու դա արդեն դարձավ ապրելակերպ:

Չորսս էինք`ես, Հարութը, Դինան ու Դավիթը:

Չորսս էլ՝ տարբեր բնավորության ու խառնվածքի տեր, բայց գաղափարակից: Առավոտից մինչև երեկոյան 10-ը համալսարանում փորձեր էինք անում: Մի օր՝ միջոցառումից օրեր առաջ, փորձից հետո, շաաա~տ էինք հոգնել, ու Հարութը ներս մտավ, թե բա «հելեք` փորձ անենք»: Ախր, շատ էինք հոգնած է, արձագանք չտվեցինք, ու Հարութը մեր պահվածքից վիրավորվեց, դեմքը խոժոռեց, ձայնը բարձրացնելով ասաց. ‹‹Ես էս մի ամիսը դասերս աչքաթող եմ արել, 10-ից շուտ տուն չեմ գնում, պլյուս գիշերներն էլ նորմալ չեմ քնում, որ լավ համար հորինեմ, ու դուք մտածում եք, թե ինձ մասնակցությունն արդեն հերիք ա՞: Մենք պիտի հաղթենք, մեզանից ուժեղ թիմ չկա››:

Ու հա’, մենք հաղթեցինք: Հաղթեցինք, որովհետև Հարութը պարտվել բառն իր բառապաշարից ջնջել էր:

Անհնար էր իր կողքին լինելն ու լուրջ մնալը համատեղել, ամեն 2-րդ բառին կատակում էր:

Պատմությունները շատ են, որոնց մասին կարելի է անվերջ խոսել: Մեկ տարին էնքան քիչ էր Հարութի պես ընկեր ունենալու համար:

Բանակ գնալուց առաջ ինձ ասաց. ‹‹Դու ժողում կլինես իմ աչքերն ու ականջները, որ ես ոչ մի բանից հետ չմնամ››:

Ծառայության մեկնեց 2020-ի հունվարի 21-ին: Օրեր առաջ, երբ խոսում էինք, վստահ էինք, որ Մուղնի պիտի գնա: Ու գնաց: Վեց ամիս շարունակ` շաբաթը գոնե մեկ անգամ անպայման զանգում էր, ու բոլոր-բոլորից հարցնում: Դե ես խոստացել էի, չէ՞, որ պիտի ոչնչից հետ չմնա: Հետո, երբ տեղափոխվեց Արցախ, զանգեց, թե բա ասում էի, չէ՞, Հարութը Հադրութում:

Ամիսներն էր հաշվում: Ամեն ամսի 21-ին ինստագրամում սթորի էր տեղադրում, որ իրեն շնորհավորեն, հիշեցնում էր` ինչքան մնաց վերադարձին:

Հոկտեմբերի 21-ին էլ հիշեցրեց  9-րդ ամսի մասին ու բոլորիս դարձրեց իր վերադարձին հավերժ սպասող…

Հարութը մեկն էր, ով չէր ասում ոչ մի անիմաստ բառ. հա-հաա~, ամեն խոսքը պիտի ուշադիր լսեիր, որ կարողանայիր հասկանալ: Գիտե՞ք՝ ինչպես էր արձագանքում, երբ ասածները չէի ընդունում, ասում էր. ‹‹Հետո կհասկանաս` ուշ կլինի››:

Ինչպես միշտ, ճիշտ էր…հիմա արդեն հասկանում եմ ամեն բառի իմաստը:

Հարութը մեծ սեր էր վայելում, շրջապատում բոլոր-բոլորի կողմից էր սիրված: Ինքն էլ բոլորին  էնքան շատ էր սիրում, ու նաև շատ սիրում էր կյանքը, ի’ր կյանքը…

Իր` մեր կյանքում լինելով սովորեցրեց հավատալ անհավատալիին: Ու հիմա մենք ո՞նց հավատանք իր ֆիզիկական բացակայությանը…

Իսկ որպես վերջաբան, ուզում եմ իր ‹‹Հայրենիքս›› վերնագրով շարադրությունից մի հատված թողնել, որ, կարծում եմ, յուրաքանչյուրիս կպարտավորեցնի ճիշտ ապրել, շենացնել ու գնահատել այն հայրենիքը, հանուն որի Հարութը չխնայեց իր ամենաթանկը` կյանքը:

Մի բան ասեմ, երբ տղադ կանչի պապա, դու ի՞նչ կասես: Կասես ‹‹հա ջան››:

Եթե մի երկիր գտնես որտեղ էսքան ջիգյար կա, արի, արի գնանք:

Վերջապես հասկանանք՝ ես եմ հայրենիքը, դու ու նա:

Հայրենիքը մի փազլ է, որի ամեն կտոր մենք ենք, ու ամեն գաղթող հանում է իր կտորը:

Հուսով եմ՝ փազլը մի օր կվերականգնվի…

Լուսինե Մարտիրոսյան

Մարքեթինգ, 2-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *