Մեր Հերոս ընկեր Արեն

Հերոսների մասին պիտի միշտ հիշե՛նք, բայց հիշելն անասելի քիչ է, մենք պետք է միշտ պատմե՛նք ու ասե՛նք, ամեն տեղ, որ բոլորն իմանան`աշխարհը ու՜մ է կորցրել… 

Արցունքներն ու հպարտությունը խառնվել են, կարոտը խեղդում է, բայց խոստացել ենք քեզ` ուժեղ ենք լինելու… 

Քո համո՛վ բարբառը, քո խո՛սքը, քո ծիծա՛ղը ականջներումս են, մե՜ր հրեշտակ, դու միշտ մեզ հետ ես, մեր կողքին ես, մեր անբաժան մասնիկն ես, դու կա՛ս ու մի՛շտ ես լինելու… 

Հերոսացար… 

Մի ամբողջ կյանք մեր սրտի մի անկյունում թողեցիր այդ դատարկությունը, ու ոչ մեկը երբևիցե չի կարող այն լցնել… Մե՛ր հերոս, քո մասին պատմելիս չկա մի դեպք, որ չժպտանք, որ չծիծաղենք․ դու տեղով լույս էիր, որ տարածում էիր շուրջդ… 

Բարություն բառին նոր հոմանիշ ավելացրեք, խնդրում եմ՝ «Արեն», որովհետև, այս չար աշխարհում իր մեջ անսահման բարություն կար, իր հետ անգամ մեծ ցանկության դեպքում վեճի հնարավոր չէր բռնվել։  

Ընկեր, ընկերներ, ընկերասիրություն, ազնվություն, նվիրվածություն, հարգանք․ սրանք այն մեծագույն արժեքներն են, որ իր մեջ եղել են։ Արենի հետ ծանոթությունը սկսվեց համալսարանական տարիների հենց առաջին իսկ շաբաթներից, ու կարճ ժամանակում այդ շփումը դարձավ  ջերմ ու շատ մտերմիկ։ Արենը չէր սիրում, որ գժտված էինք լինում, միշտ բոլորիս հաշտեցնում էր։ Իր նման ընկերասեր մարդկային տեսակները շատ քիչ են, ու մենք ունեցել ենք հնարավորություն վայելելու ու զգալու իսկական ընկեր, ավելին` հերո՛ս ընկեր ունենալու հաճույքը։ 

Մենք ընկերներով 8 հոգի ենք՝ մեկս մյուսից շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ՝ նման։ Տղաներ ու աղջիկներ, ովքեր միմյանց դարձնում են լիարժեք։ Ընկերություն, որտեղ տիրում է փոխադարձ հարգանք ու վստահություն։  

Այդ ընկերությունն այլևս երբե՛ք ամբողջական չի լինելու․․․

Արենն ուներ իր սիրելի սրճարանը, ուր մշտապես բոլորս էինք այցելում։ Այն դարձել է նաև մեր սիրելի սրճարանը․․․ Հիմա այդ սրճարան ավելի հաճախ ենք այցելելու ու քո տեղը միշտ ազատ ենք թողնելու, որովհետև դու ապրում ես մեր բոլորի կողքի՛ն, մեր բոլորի հոգու խորքո՛ւմ, մեր մե՛ջ։

Մենք քեզ երբե՛ք բացակա չենք դնելու։ 

Արենի սիրած ու հաճախ օգտագործվող արտահայտությունններից մեկն էր «Կյանքս էլ եմ պատրաստ տալ ընկերներիս համար…» ու․․․ տվեց․․․  

Արենի ու իր նման հերոսների անունները հավերժ գրվեցին անմահների ցանկում։ Այլևս ոչինչ չենք ուզում, միայն թող բոլորն իր տեսակի ընդամենը մեկ տոկոսն  ունենան, ու հենց այդ ժամանակ աշխարհը լավը կդառնա, երբեք պատերազմներ չեն լինի, ու ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ չեն լքի մեզ․․․

Արեն․․․

Մեր Արեն․․․

Մեր ՀԵՐՈՍ․․․

Վայելիր քո երկնային արքայությունը․․․ 

Ներիր մեզ մեր բացակայությունը… 

Քո գալուն ստիպված ենք մի ամբողջ կյանք սպասել…

Չե՛նք հարմարվելու․․․ 

Քեզ չունենալուն չե՛նք հարմարվելու․․․

Օր առանց քեզ չե՛նք հարմարվելու․․․

Անահիտ Եղիշյան

Վերոնիկա Հակոբյան

Մարիամ Բարսեղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *