Մեր ուսանողները. Հռիփսիմե Առաքելյան

Ա

ՏՏ-ն բիզնեսում մագիստրոսական ծրագիրը կամրջեց իմ ուղին բուհից աշխատաշուկա

Ես Հռիփսիմե Առաքելյանն եմ, տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ: Ցանկանում եմ իմ կարծիքն արտահայտել այս նոր մագիստրոսական ծրագրի, ընձեռած հնարավորությունների մասին և հավելել իմ հաջողության պատմությունը:

Երբ որոշեցի ընդունվել նշածս բաժինը, դրականորեն էի տրամադրված, քանի որ ծրագիրը խոստումնալից էր: Բացի դրանից, այն եռակողմ համագործակցության արդյունք էր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Արփինետ» ընկերության և Հայաստանի օպերատորների միության միջև: Ի սկզբանե ասվել էր, որ սովորողներին հնարավորություն կընձեռվի փորձառություն անցնելու ոլորտի լավագույն ընկերություններում և հետագայում աշխատանքի տեղավորվելու: Սակայն, լավատեսության հետ մեկտեղ, մի փոքր թերահավատ էի և մտածում էի՝ գուցե, պարզապես գովազդ է: Աշխատանքի հրավերը, այն էլ 2020-ի մատուցած ծանր հետևանքներից հետո, մի տեսակ անհավանական էր թվում:

Երբեք չէի պատկերացնի, որ այդ օրը շուտ կգա: Սկսեմ ամենասկզբից: Երկար տարիների կամավորական աշխատանքից հետո մասնագիտական գործունեությունս սկսել եմ բակալավրի 4-րդ  կուրսում, երբ փորձառության անցա «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունում։ Կարճ ժամանակ անց փորձառությանը հաջորդեց հիմնական աշխատանքի առաջարկը՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։

Ուսումնառության տարիներին այդ ոլորտի հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունն ինձ մղել էին համապարփակ գիտելիք կուտակելու, հետագայում նույն ոլորտի վերաբերյալ ավարտական աշխատանքի թեմա ընտրելու, որպեսզի ավելի խորանամ ու աշխատանք գտնեմ այդ ոլորտում։

Ցավոք, համավարակով պայմանավորված, աշխատանքային առաջին գործունությունս երկար չտևեց։ 2020  թվականին գերազանցությամբ ավարտելով կառավարման ֆակուլտետը՝ որոշեցի ավելի ընդլայնել գիտելիքներիս շրջանակը ու որոշեցի ընտրել մի ոլորտ, որն ամենաարդիականն ու ամենաարագ զարգացողն է ամբողջ աշխարհում։ Համալսարանի առաջարկած նոր մագիստրոսական ծրագիրը ամենախոստումնալիցն էր հետագա զարգացմանս տեսանկունից, և ես ընտրեցի ՏՏ-ն բիզնեսում մագիստրոսական ծրագիրը։

Ծրագրի շրջանակում, բացի գործնական դասընթացներից, մենք նաև առարկայական փորձառություն էինք անցնում, որն էլ դարձավ իմ նոր աշխատանքի հնարավորությունը։ Փորձառության համար առաջարկված մի շարք ընկերություններից ընտրեցի «Էֆ Նեթ»-ը, որը Օպերատորների միության անդամ է: Երկշաբաթյա փորձառությունից հետո հրավեր ստացա միանալու «Էֆ Նեթ»-ի հրաշալի թիմին՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։

Խոստովանեմ՝ մինչ փորձառությունը սկսելն էական արդյունք չէի ակնկալում, թեև ծրագրի ղեկավարը նախապատրաստել էր, որ առարկայական փորձառության վայրը, լավ դրսևորելու դեպքում, կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրի ապագա աշխատավայրը:

Այժմ ես աշխատում եմ հեռահաղորդակցության ոլորտի արագ զարգացող ընկերություններից մեկում և շարունակում եմ ամենաարդի գիտելիքներով զինվել երեկոյան անցկացվող դասերի ընթացքում:  Հրաշալի է, երբ կա ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և նորը սովորելու հնարավորություն, որը, ըստ իս, զարգացման ամենաարդյունավետ տարբերակն է։

Երբ կան նպատակներ, անպայման պետք է որոնել դրանց հասնելու բազում տարբերակներ, միշտ ինքնազարգանալ ու անդադար սովորել:  Բայց այս ամենի հետ մեկտեղ, նաև շատ կարևոր է գտնել նպատակին հասնելու արդյունավետ ու կարճ ուղին։

Աշխարհում ամեն ինչ փոփոխվում է կայծակնային արագությամբ, ու ժամանակին համահունչ քայլելու միակ ճանապարհը մշտապես նորը սովորելն է ու պայքարելը, ինքդ քեզ ու երազանքներիդ հավատալը: Այլ տարբերակ չկա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *