Ուզում եմ, որ «բանավոր հայրենասիրություն» չլինի մեր երիտասարդության մեջ, որ նրանք գիտակցված ու ազնիվ մղումներով վերաբերվեն իրենց երկրին. Մարինե Սահրադյան

«Երիտասարդ դասախոս» շարքի հերթական հարցազրույցը ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Մարինե Սահրադյանի հետ է։

Մարինե Սահրադյանը պատմաբան է։ Դասախոսական ընդամենը մեկ տարվա փորձ ունի։ Աշխատում է նաև Հայկական պետական մանկավարժական  համալսարանում, իբրև զբոսավար համագործակցում է տարբեր զբոսաշրջային ընկերությունների հետ։ ՀՊՏՀ-ում դասավանդում է «Հայոց պատմություն» առարկան։

Մարինե Սահրադյանի հետ զրուցել ենք դասախոսական գործունեության, ուսանողների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցելու, սերնդափոխության և հայրենասիրության մասին։

– Մասնագիտության որոնման ճանապարհին ե՞րբ հասունացավ պատմաբան-մանկավարժ դառնալու որոշումը։

– Առհասարակ, կրթությունը մեր ընտանիքում միշտ առաջնային տեղ է զբաղեցրել։ Դեռ վաղ տարիքից ես հետաքրքրված էի պատմությամբ, իրավագիտությամբ, օրենքներով, մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Սակայն ավելի ուշ մի փոքր շեղվեցի այդ ուղղվածությունից և որոշեցի ընտրել պատմաբանի մասնագիտությունը։ Հիմա էլ մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ կատարում աշխատանքս՝ փորձելով հայոց պատմության վերաբերյալ ճշգրիտ և լիարժեք գիտելիք փոխանցել ուսանողներին։

– Նշեցիք, որ Ձեր ընտանիքում կրթությունը շատ կարևոր տեղ է զբաղեցրել։ Անշուշտ, որակյալ կրթություն ստանալը հասարակական պահանջմունք է եղել միշտ։ Սակայն մեր հասարակությունում հաճախ գերիշխել է դիպլոմ ձեռք բերելու ձգտումը՝ երբեմն ստվերելով հիմնարար մասնագիտական գիտելիքի և հմտության կարևորությունը, երբեմն հաշվի չառնելով աշխատաշուկայի պահանջները: Մոտ կանգնած լինելով կրթության ոլորտին՝ նկատո՞ւմ եք այս առումով դրական տեղաշարժ։

– Շատ հետաքրքիր և բարդ հարց եք տալիս։ Ես բավականին երկար մտածել և շարունակում եմ մտածել այս հարցի ուղղությամբ։ Իսկապես, հայ ընտանիքներում, դեռևս խորհրդային տարիներից սկսած, եղել է այդ «մոլուցքը». ծնողների համար գերխնդիր է եղել, որ երեխան պարտադիր բարձրագույն կրթություն ստանա։ Լավ կրթություն ստանալը, ըստ իս, այն է, երբ դու ներդրում ես կատարում՝ վճարում ես, ստանում ես կրթություն և հետո այդ դիպլոմը ծառայում է իր նպատակին, այն է՝ աշխատանք և եկամուտ։ Սակայն մեր հասարակության մեջ այս շղթան մի փոքր այլ կերպ է զարգանում. ծնողն ամեն կերպ, երբեմն նույնիսկ զրկանքների գնով վճարում է, միայն թե երեխան բարձրագույն կրթություն ստանա, սակայն հետագայում տեսնում ենք, որ այդ նույն երեխան չի գտնում իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, չի ստանում եկամուտ։ Սա խնդիր է, որի արմատները շատ խորն են, բայց դրական տեղաշարժը քիչ թե շատ տեսանելի է։ Իհարկե, կա մեծ ցանկություն, որ այդ տեղաշարժը լինի ավելի թռիչքային, մեր հասարկությունն ի վերջո գնահատի որակյալ կրթությունը, լավ մասնագետ դառնալու կարևորությունը, ոչ թե լոկ դիպլոմ ստանալու հանգամանքը։

– Ինչպե՞ս եք վերաբերվում ոչ ֆորմալ կրթությանը։

– Ոչ ֆորմալ կրթությունը դիտարկել որպես հակադրություն ֆորմալ կրթությանը, սխալ կլինի, այն նախևառաջ պետք ընկալենք համադրության մեջ՝ հասկանալով, որ նպատակը ֆորմալ կրթության բացթողումները բացահայտելն է, առաջարկներ ու լուծումներ տալը: Այն աշակերտները, ուսանողները, որոնք ընդգրկված են ոչ ֆորմալ կրթական գործընթացներում, միանգամայն տարբերվում են աշխարհայացքով, խոսքով, զարգացածությամբ։

– Ի՞նչ տեղ է Ձեր կյանքում զբաղեցնում զբոսավարությունը։

– Զբոսավարությունն ինձ հնարավորություն է տալիս օտարերկրացիներին ներկայացնելու մեր պատմությունը։ Երբ նրանց հետ շփման ընթացքում հանկարծ խոսում ես թագավորությունների, հզոր ժամանակաշրջանների մասին, նրանք զարմանքով լսում են ու հարցնում՝ իրո՞ք, այդպիսի բա՞ն է եղել։ Ես հպարտանում եմ ամեն անգամ, երբ խոսում եմ մեր պատմությունից։ Այստեղ ուզում եմ նաև շեշտել, որ ցանկացած պարագայում պետք է ներկայացնել ճշգրիտը, այսինքն՝ մի փոքր դուրս գալ գունային երանգներից։

– Պատմության մասնագետ ասելով հասկանում ենք մարդ, որն զբաղվում է անցյալի իրադարձությունների համակարգված ուսումնասիրությամբ, խորամուխ լինում, հետազոտում,  ունի  լայն մտահորիզոն … Իսկ ի՞նչ է տալիս հայոց պատմության իմացությունը ապագա տնտեսագետին, փիլիսոփային կամ ֆիզիկոսին։

Ես հայոց պատմություն եմ դասավանդում տնտեսագետներին, բայց չեմ փորձում մեկ-երկու կիսամյակի ընթացքում նրանց ներկայացնել հազարամյակների պատմական ընթացքը՝ հայ ժողովրդի ծագումնաբանությունից մինչև մեր օրերը, այլ փորձում եմ բացահայտել առարկայի գրավչությունը, համեմատականներ տանել իրենց մասնագիտության հետ։ «Հայոց պատմություն» առարկայի դասավանդմանը հատկացված ժամերին կարևորում եմ հայրենասիրության, հայրենասիրական գաղափարախոսության ձևավորումը, ճշգրիտ գիտելիք և առողջ մտածողություն զարգացնելը։ Վարդգես Պետրոսյանը մի հետաքրքիր խոսք ունի՝ «բանավոր հայրենասիրություն»։ Ուզում եմ, որ «բանավոր հայրենասիրություն» չլինի մեր երիտասարդության մեջ, որ նրանք գիտակցված ու ազնիվ մղումներով վերաբերվեն իրենց երկրին։

Տնտեսագետը կարող է հետաքրքրված լինել հայոց պատմության՝ քո ներկայացրած ժամանակաշրջանով. թե ինչպիսին էր տնտեսությունը պատմական այդ փուլում, ինչքանով էր դա ազդում պետության, պետական կառուցվածքի ձևավորման, ներքին կամ արտաքին քաղաքականության վրա։ Սրանից հետևում է, որ ուսանողը պետք է բազմակողմանի զարգացած լինի, քանի որ 21-րդ դարում աշխարհը ևս բազմակողմանի է ու բազմաշերտ։

– Սերնդափոխությունը հարատև գործընթաց է, և հայրերի ու որդիների «պայքարը» բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր յուրօրինակ դրսևորումը։ Դուք, որպես երիտասարդ մանկավարժ, ինչպե՞ս եք պատկերացնում ներկա սերնդի և ավագների միջև համերաշխության հաստատումը։

– Ավագների և երիտասարդների միջև պայքարը հարատև է և եղել է բոլոր ժամանակներում։ Ասել, թե դա իսպառ կարող է վերանալ, դժվարանում եմ, բայց կարելի է գտնել այն ոսկե միջինը, որով կարելի է առաջ գնալ։ Դա առողջ քննարկումն է, առողջ վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Մենք պետք է հասկանանք, որ երիտասարդն այսօր ունի նոր մոտեցումներ՝ այս կամ այն խնդիրը լուծելու, բայց այդ նոր մոտեցումների մեջ հարկավոր է նաև ավագ սերնդի փորձառությունը։ Սրանք համադրելու դեպքում յուրաքանչյուր խնդիր հրաշալի լուծում կստանա։

Լսարանում լինել ընկերական, ջերմ, անկեղծ. սրանք են իմ մոտեցումները։ Երբ անկեղծ ես, ուսանողները դա զգում են և նույն անկեղծությունը վերադարձնում են քեզ։

– Իսկ գաղափարական ի՞նչ արժեքներ, համոզմունքներ ունեն այսօրվա երիտասարդները։ Ի՞նչ գործոններ են ձևավորում նրանց աշխարհայացքը։

– Խոսել Հայաստանի երիտասարդության մասին և ընդհանրացնել որպես այդպիսին մեկ գաղափարական արժեք բոլորի համար, կդժվարանամ, քանի որ Հայաստանի երիտասարդությունը հակասական մի ամբողջություն է՝ սկսած սոցիալական դիրքից, քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աղջիկ կամ տղա լինելուց։ Հետևաբար, մի փոքր բարդ է ընդհանրական վերլուծություն կատարելը Բայց պետք է ասեմ, որ բավականին լավ երիտասարդություն ունենք, դա անկախության սերունդն է, ինքս էլ այդ սերնդի ներկայացուցիչ եմ և կարող եմ փաստել, որ մենք ավելի ազատ ենք մտածում, ավելի ինքնուրույն ենք։

Ինձ համար, թերևս, ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ այսօրվա երիտասարդության համար դժվար է ամբողջապես օգտագործել սեփական ներուժը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ երիտասարդն ունի մասնագիտություն, սակայն գործազրկության պատճառով կա´մ պարզապես լքում է իր երկիրը և ներուժն օգտագործում այս կամ այն պետության համար, կա´մ էլ հրաժարվում է իր մասնագիտությունից, որտեղ կարող էր լինել լավագույնը և զբաղվում է մեկ այլ աշխատանքով։

– Լսարան մտնելն ի՞նչ է Ձեզ համար՝ լոկ աշխատա՞նք, միգուցե՝ վայե՞լք, տո՞ն…

– Լսարան մտնելն ինձ համար լոկ աշխատանք չէ. յուրաքանչյուր անգամ լսարան մտնելիս ես ստանում եմ դրական լիցքեր։ Տարբեր բնավորության տեր, գաղափարական տարբեր արժեքներ կրող երիտասարդների հետ փոխշփումը պարզապես հաճույք է ինձ համար։ Երբ լսում եմ նրանց քննարկումները, տեսակետները, ամեն անգամ մի նոր բան եմ սովորում, մի նոր բան եմ ստանում նրանցից։ Սովորաբար աշխատանքից հետո մարդիկ հոգնած են լինում, մի տեսակ իրենց սպառած, բայց իմ դեպքում մի փոքր այլ է. լսարանում ես այնքան շատ էներգիա եմ ստանում, որ լսարանից դուրս գալուց հետո չգիտեմ՝ այդ էներգիան որտեղ սպառել։ Լսարանում ես պարզապես լսող չեմ, ոչ էլ պարզապես խոսող, սիրում եմ քննարկել, դասին տալ գրավչություն, շարժ, ուսանողներին մղել մտածելու։ Առհասարակ, այն կարծիքին եմ, որ չկա սխալ տեսակետ, կան կարծիքներ, և այդ կարծիքների քննարկման արդյունքում դուրս բերվող ճիշտ ինֆորմացիա։

– Յուրաքանչյուր անհատ ունի միայն իրեն բնորոշ, առանձնահատուկ մոտիվներ։ Ի՞նչ ձգտումներ ունի Մարինե Սահրադյանը։

– Կյանքիս բոլոր փուլերում հաղթահարել եմ դժվարություններ և անընդմեջ աշխատել եմ։ Երբեք չեմ հանձնվել և երբեք չեմ դադարել պայքարել։ Հաջողության գաղտնիքը երբեք չհանձնվելու և շարունակական պայքարի մեջ է։ Այսինքն՝ հեռանկարների բացահայտման ուղիներ որոնելու, երբ դու չես բավարարվում եղածով և յուրաքանչյուր ձեռքբերումից հետո փորձում ես ավելիին ձգտել, բացահայտել նոր հորիզոններ, ներդնել աշխատասիրություն։ Սա կարող է լինել հաջողակ մարդու բանաձևը։

– Իսկ ո՞րն եք համարում մինչ այժմ Ձեր ամենամեծ ձեռքբերումը։

– Կյանքիս ընթացքում տարբեր հաջողությունների, մանր ու մեծ ձեռքբերումների մեջ, թերևս, կառանձնացնեմ մեկը, որն ինձ համար կարևոր է և իմ բոլոր ձեռքբերումների հիմնաքարն է. դա այն միջավայրն է, որտեղ ես հայտնվել եմ դեռևս ուսանողական տարիներից, այն միջավայրը, որը նպաստել է իմ կայանալուն, խրախուսել, որ չհանձնվեմ, աշխատեմ ու պայքարեմ, ձգտեմ լավագույնին, որը նույնիսկ սխալվելու դեպքում չի քննադատել ինձ, այլ մոտիվացրել է ու խրախուսել, որ առաջ գնամ։ Իմ ընկերական շրջապատը ևս իմ ձեռքբերումներից մեկն է. ժողովրդական մի խոսք կա՝ մարդն իր ընկերներով է հարուստ։ Դա իսկապես այդպես է։

Որո՞նք են այն համոզմունքները, որոնցով առաջնորդվում եք։

– Համոզմունքները այն բացարձակ ճշմարտություններն են, որոնց մարդ հետևում է՝ անկախ հետևանքներից։ Բայց ես այդ տեսակի մարդկանց թվին չեմ պատկանում։ Իհարկե, չեմ ասում, որ ամեն օր կարող եմ փոխել համոզմունքներս, պարզապես, մի փոքր իրավիճակային է. երբ քո արած ճիշտ և սխալ քայլերից հետևություններ անելով գալիս ես մի համոզման և ինքդ մի նոր բանաձև դուրս բերում։

Իսկ եղե՞լ է Ձեր կյանքում դիպված, երբ ստիպված դեմ եք գնացել սեփական սկզբունքներին, լռեցրել խղճի ձայնը։

– Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լսում եմ խղճիս ձայնը, առաջնորդվում եմ խղճով։ Եթե հարկ է, շրջանցում եմ նաև իմ որոշ սկզբունքներ։

– Կկարողանա՞ք գաղափարի համար զոհել Ձեզ համար կարևոր ինչ-որ բան։

– Այստեղ իմ մեջ սկսում է խոսել պատմաբանը. յուրաքանչյուր մարդ պետք է ունենա գաղափար, գաղափարախոսություն։ Իմ ուսանողներին ես ուղղորդում եմ, որ ապրեն գաղափարական արժեքներով, այդպես ապրելը մեծագույն հաճույք է, և եթե գաղափարը վերաբերում է հայրենիքին, միասնությանը, հայրենիքի փրկությանը, ապա, այո´, ես դեմ  կգնամ որոշ բաների, եթե դրանք նույնիսկ ինձ համար կարևոր լինեն։

– Կա՞ մի բան, որին հավատում եք ու սպասում։

– Հավատում եմ ու սպասում եմ, որ ունենալու ենք խաղաղ, հզոր պետություն, պետություն, որ աշխարհում կլինի թելադրող, ում խոսքը լսելի կլինի։

Լուսանկարները՝ Մարինե Սահրադյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *