ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆԱԵՎ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է․ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի ավագ դասախոս Անուշ Գասպարյանի հետ է։

Անուշ Գասպարյանը հաշվապահության  ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ հաշվապահություն, բիզնես, բանկային գործ։

Դասախոսական ութ տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ աշխատում է նաև «Էյչ Սի Վի Թի Ինթերնեյշնլ» ամերիկյան ընկերությունում՝ որպես ավագ հարկային մասնագետ։

Անուշ Գասպարյանի հետ զրուցել ենք թվերի, մասնագիտական աճի, ուսանող-դասախոս հարաբերության և ամանորյա հրաշքներին հավատալու մասին։

– Ինչո՞ւ հաշվապահություն, ինչո՞վ Ձեզ գրավեց թվերի աշխարհը, և ե՞րբ հասկացաք, որ դա այն մասնագիտական ոլորտն է, որտեղ Ձեզ լիարժեք եք զգում։

– Նշեմ, որ սկսել եմ աշխատել ուսումնառությանս հինգերորդ տարում «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունում։ Հենց այդ ժամանակվանից էլ մեծ հետաքրքրություն եմ ունեցել ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահության ոլորտի նկատմամբ։ Շարունակել եմ մասնագիտական գործունեությունս բանկային ոլորտում՝ խորացնելով գիտելիքներս։ Իսկ թվերի աշխարհը այնքան հետաքրքիր է, որ շարունակում եմ անընդհատ մասնագիտանալ ու ավելի սիրել։ Ուսանողներին էլ փորձում եմ հնարավորինս հետաքրքիր, գործնական ու մատչելի ներկայացնել առարկաները, որպեսզի իրենք էլ սիրեն ու շարունակեն աշխատել։

– Ինչպիսի՞ն է այսօրվա ուսանողը, հե՞շտ է նրա հետ աշխատելը։

– Այսօրվա ուսանողը տարբերվում է տարիներ առաջվա ուսանողից։ Ավելի պահանջատեր է և ավելի լավ է հասկանում գիտելիքի արժեքը։ Այսօրվա ուսանողը պայքարող է և խելացի։ Այս բոլոր հատկանիշները շատ կարևոր են ներկայիս ժամանակահատվածում։ Ինքս շատ հեշտ եմ աշխատում ուսանողների հետ, միշտ փորձում եմ լավը տեսնել ու գնահատել։ Շատ կուզենամ, որ ներկայիս ուսանողը լինի ավելի աշխատասեր, ընթերցասեր ու նպատակասլաց։ Կուզենամ, որ երբեք չընկճվի ոչ մի խոչընդոտից ու միշտ զարգանա։

– Ինչպիսի՞ ուսանող եք եղել Դուք ինքներդ։

– Ինքս եղել եմ ակտիվ և պրպտող ուսանող։ Լավ եմ սովորել ու ձգտել եմ ստանալ շատ գիտելիք։ Նաև եղել եմ մի քիչ կամակոր։ Թելադրվող դասախոսություններ երբևէ չեմ գրել՝ բոյկոտելով «թելադրության մշակույթը»։

– Ուսանողի հետ անհատական աշխատանքի պրակտիկան որևէ ձևաչափում՝ արտալսարանային շփումներ, ՈՒԳԸ գիտաժողովներին աջակցություն, սեմինար պարապմունքներ, որքանո՞վ եք կարևորում և կիրառում Ձեր աշխատանքում։

– Արտալսարանային շփումները շատ եմ կարևորում, քանի որ կարծում եմ, որ ուսանողը այս կամ այն մասնագիտական հարցով պետք է հնարավորություն ստանա ազատորեն դիմելու դասախոսին։ Բազմաթիվ ուսանողներ աշխատանքային հարցազրույցների գնալիս միշտ խորհուրդ են հարցնում։ Կան ուսանողներ, որոնց ես եմ ուղղորդել աշխատանքի։ Կան ուսանողներ, որոնք անգամ տարիներ անց զանգահարում են՝ խորհրդակցելու կամ պարզապես շնորհակալություն ասելու։ Ինքս բաց եմ շփման համար ու սիրում եմ օգնության ձեռք մեկնել։ Անհատական աշխատանքի պրակտիկան իմ դեպքում կիրառելի է հատկապես  ՈՒԳԸ աշխատանքներում: Լինելով մեր ամբիոնում ՈՒԳԸ գիտաժողովի համակարգողը՝ ամբողջ ընթացքում գործնականում օգնում եմ ուսանողներին գիտահետազոտական աշխատանք կատարել, պատրաստել գիտական զեկուցումներ, պատշաճ կերպով ներկայացնել դրանք։ Նրանց հաղթանակը նաև իմ հաղթանակն  է։ Շատ կարևորում եմ նաև սեմինար պարապմունքները, որովհետև այդ ընթացքում գործնական գիտելիքն է ձևավորվում։ Դասընթացին իմ շեշտադրումն էլ գործնականի ուղղությամբ է։

– Ի՞նչ կասեք դասախոս-դասախոս (հատկապես՝ երիտասարդ և ավագ սերնդի միջև) փոխհարաբերությունների մասին. համագործակցության ի՞նչ ձևաչափեր են արդյունավետ:

– Դասախոս-դասախոս փոխհարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։ Երիտասարդ և ավագ սերնդի միջև փոխհարաբերությունները դիտարկում եմ դրական։ Հենց այս փոխհարաբերությունների, բաց քննարկումների միջոցով է տեղի ունենում փորձի փոխանակում, որը չափազանց կարևոր է յուրաքանչյուր մասնագետի համար։

– Մասնագիտական, անձնային ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ այսօրվա ուսանողին՝ աշխատանքային ասպարեզում կայանալու համար։

Ուսանողին անհրաժեշտ են գիտելիքների հիմնավոր մակարդակ, աշխատասիրություն, ինքնավստահություն և նպատակին հասնելու անկոտրում կամք։ Շատ հաճախ մարդ կարող է հուսահատվել ու ճանապարհի կեսից հետ կանգնել կարևոր նպատակներից։ Սակայն ես խորհուրդ եմ տալիս միշտ պայքարել սեփական երազանքների և նպատակների համար։

– Իսկ Ձե´ր առաջխաղացումն ու մասնագիտական աճն ինչով եք պայմանավորում։

– Իմ տեսակով ուժեղ ու պայքարող մարդ եմ։ Միշտ աշխատում եմ թարմացնել գիտելիքներս, ինքնակատարելագործվել ու կարծում եմ՝ սա մշտական գործընթաց է։ Դասախոս և լավ մասնագետ լինելու համար պետք է միշտ սովորել, կարդալ, զարգանալ։ Շատ կարևոր է նաև սիրել այն, ինչով զբաղվում ես։ Դասախոսը շատ կարևոր պարտականություն ունի, այն է՝ ուսանողին զինել թե´ տեսական, թե´ գործնական գիտելիքով, հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ։ Կարևոր է նաև հարգել յուրաքանչյուր ուսանողի մարդ տեսակը։ Ես շատ սիրում եմ ուսանողներին։

– Առջևում Ամանոր է, իսկ Ամանորը յուրաքանչյուրս զուգորդում ենք այս կամ այն իրի, հիշողության, անգամ բույրի հետ։ Ի՞նչ զգացողություններ է արթնացնում Նոր տարին։

– Միշտ սիրել եմ Ամանորը, այժմ ավելի եմ սիրում։ Պատճառը, կարծում եմ, փոքրիկներս են։ Սիրում եմ անակնկալներ մատուցել ու վայելել նրանց ուրախությունը, ընտանեկան ջերմությունը։ Նոր տարին առաջացնում է ուրախության բարի, ջերմ զգացողություններ։

– Ձմեռային հեքիաթին բոլորս ենք ցանկանում հավատալ, ի՞նչ սպասումներ ունեք 2022 թվականից։

– Ցանկանում եմ, որ 2022 թվականը լինի առողջության ու խաղաղության տարի բոլորիս համար։ Ցանկանում եմ, որ երկրիս առջև ծառացած խնդիրները արագ լուծվեն։ Ցանկանում եմ լինենք ուժեղ, խելացի ու կերտենք մեր պայծառ ապագան։ Ցանկանում եմ շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը։

Լուսանկարները՝ Անուշ Գասպարյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *