Ուսանողն իմ կրտսեր ընկերն է. Վարդան Վլասյան

«Երիտասարդ դասախոս» շարքի այս շաբաթվա մեր զրուցակիցը ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Վարդան Վլասյանն է։

Վարդան Վլասյանը 11 տարուց ավելի աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2012 թվականից մինչ օրս ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի փոխդեկանն է։

2 մենագրության և 15 գիտական հոդվածների հեղինակ է։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տնտեսագիտության տեսությունը, տնտեսագիտական ուսմունքների պատմությունը, ցանցային տնտեսությունը։

Երիտասարդ գիտնական-դասախոսի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության, ավագ գործընկերների հետ հարաբերությունների,  դասախոս-ուսանող միջանձնային շփումների մասին և, ի վերջո, բացահայտել, թե որն է, ըստ Վարդան Վլասյանի, ուսանողների սիրտը տանող ամենաճիշտ ուղին։

– Ձեր մասնագիտական գործունեությունը սերտորեն կապված է Տնտեսագիտական բուհի հետ։ Ինքնե՞րդ եք ընտրել այդ ճանապարհը, թե՞ հանգամանքներն են թելադրել։

– Անկեղծ ասած՝ միշտ կանգնած եմ եղել երկընտրանքի առջև՝ տնտեսագիտությո՞ւն, թե՞ կիրառական մաթեմատիկա։ Վերջնարդյունքում ընտրությունը կանգ առավ տնտեսագիտության վրա։ Բայց նեղ մասնագիտացումն ընտրվել է պատահականորեն՝ հանգամանքների բերումով, այսպես ասած՝ «սխալի» պատճառով: Բանն այն է, որ ընդունելության հայտը լրացնելիս «շիֆրի» սխալ էի արել՝ 01/10-ի փոխարեն գրելով 01։ Այդպիսով, «Համաշխարհային տնտեսություն» բաժնի փոխարեն ընդունվեցի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ։ Սկզբում շատ էի սրտնեղել, բայց, լինելով Գրիգոր Կիրակոսյանի* ուսանողը, որը մեզ «Տնտեսագիտության տեսություն» էր դասավանդում, սկսեցի սիրել առարկան, թեև դպրոցական տարիներին հիմնական ուղղվածությունս եղել է մաթեմատիկան և ֆիզիկան, ու ինձ երբեք չեմ պատկերացրել տեսական գիտության մեջ։ Առաջին կուրսից արդեն պարոն Կիրակոսյանն ու մյուս դասախոսներն ինձ «աչքի տակ առան», այսպես ասած՝ թիրախավորեցին։ Կիրակոսյանն ինձ միշտ ասում էր, որ դասերս պետք է կարդամ ոչ թե դասից հետո, այլ մինչև դասախոսությունը, որ ցանկացած պահի կարողանամ շարունակել իր կիսատ թողած դասախոսությունը։ Երկրորդ կուրսից արդեն հասկացա, որ պետք է դասախոս դառնամ, հանգամանքները նպաստավոր էին, միջավայրը՝ տրամադրող. ցանկացած հարցով՝ լիներ գիտական, խորհրդատվական, թե այլ, ես ազատ ելումուտ ունեի ամբիոն, բոլոր դասախոսներն ինձ հոժարակամ օգնում էին, և արդեն ուսանողական տարիներից ինտեգրվել էի կոլեկտիվին։

– Ինչպե՞ս են վերաբերվում ամբիոնի ավագ գործընկերները երիտասարդներին և ի՞նչ հիմքերի վրա են կառուցվում ձեր հարաբերությունները։

– Ավագ սերնդի նկատմամբ հարգանքը շատ խոր արմատներ ունի մեր ամբիոնում։ Ամբիոնում կախված էր մի նկար, որն սկզբում ինձ ծանոթ չէր. հայ ականավոր տնտեսագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Զաքարե Բաշինջաղյանի* նկարն էր։ Իմ ավագ գործընկերները մշտապես ակնածանքով ու սիրով էին պատմում նրա և մյուս կարկառուն մտավորականների մասին: Բնականաբար, մենք չէինք կարող հարգանքով չլցվել ու չդաստիարակվել այդ սերնդով։ Նրանք ոչ միայն մեր մասնագիտական կայացման ճանապարհին են իրենց ավանդն ունեցել, այլ նաև մասնագիտական էթիկայի և դաստիարակության հարցերում։ Հիշում եմ, թե ինչ դերակատարություն ուներ մեր ամբիոնում Իշխան Խլղաթյանը. բարդ իրավիճակներում կարողանում էր այնպիսի լուծում առաջարկել, որը հնարավորություն էր տալիս խուսափել կոնֆլիկտից: Նրան ես համարում էի մեր ամբիոնի արտգործնախարարը։

– Դուք նաև ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի փոխդեկանն եք։ Ո՞ր աշխատանքն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ վարչակա՞ն, թե՞ գիտամանկավարժական։

– Երկուսն էլ։ Ինքս սովորել եմ կառավարման ֆակուլտետում, և ամբողջ հոգով ինձ համարում եմ կառավարման ֆակուլտետի սան և կառավարման ֆակուլտետի մասնիկ։ Վարչական աշխատանքը շատ եմ սիրում։ Դեռ 10 տարի առաջ այստեղ եկանք Միքայել Թավադյանի հետ, նա՝ որպես դեկան, ես՝ որպես դեկանի տեղակալ։ Պարոն Թավադյանը՝ հսկայական կուտակած փորձով, ես՝ նորեկ վարչական աշխատանքի մեջ, բայց էներգիայով լի։ Փորձեցինք իրար փոխլրացնել ու, կարծում եմ, հաջողվեց։ Միասին աշխատել ենք 7-8 տարի՝ մինչև 2018 թվականը, ու շատ բարեհաջող, բոլոր աշխատանքային խնդիրները լուծելով հօգուտ ֆակուլտետի։

Դասախոսական գործունեությունը ևս շատ հետաքրքիր եմ սկսել։ Պարոն Կիրակոսյանը սկզբնական շրջանում միշտ ինձ հետ մտնում էր լսարան, նստում հետևի շարքում ու, իբր, թերթ կարդում։ Բայց ես հո գիտեի՞, որ նա թերթ չի կարդում, այլ ուշադիր հետևում է, թե ոնց եմ ինձ դրսևորում։ Ու ամեն դասից հետո խորհուրդներ էր տալիս, վերլուծում։ Այսպես, դասախոսություն կարդալն ինձ համար վերածվեց ոչ թե զուտ գիտելիք փոխանցելու, այլ 70 րոպեանոց մի յուրատեսակ ներկայացման, որի յուրաքանչյուր պահը ես ապրում եմ։ Վարչական և դասախոսական աշխատանքը շատ ժամանակ ու եռանդ է խլում, և հատկապես վերջին տարիներին այդ բեռնվածության հետևանքով տուժում է գիտական աշխատանքը՝ այն երկրորդ պլան է մղվում։

– Հնարավո՞ր է ազդել Ձեզ վրա, փոխել Ձեր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ։

– Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Հնարավոր է ազդել, բայց դա չի նշանակում, որ ամեն իրավիճակում հնարավոր է իմ կարծիքը կամ որոշումը փոխել։ Միևնույն ժամանակ, նաև չի նշանակում, որ երբեք չի կարելի փոխել։ Ես միշտ փորձում եմ կարծիքս հայտնել այն ժամանակ, երբ հստակ գիտեմ, թե ինչ եմ մտածում այս կամ այն հարցի շուրջ կամ, երբ գիտեմ, որ այն լսելի է լինելու։ Անհրաժեշտ է լսել մյուսներին և, որպես եզրահանգում, ընդունել ճիշտ որոշում։ Այո, հնարավոր է ազդել, բոլորս էլ մարդ ենք, ունենք զգացմունքներ, ու բոլորս էլ կարող ենք սխալ որոշումներ ընդունել, հատկապես՝ բազմակարծության, գերբեռնված աշխատանքի պայմաններում։

– Հե՞շտ եք ընդունում Ձեր սխալը։

– Այո´, ավելին՝ երբեք չեմ խուսափում թե ՛սխալիս համար ներողություն խնդրել, թե ՛ ժամանակին ասել՝ «ներեցեք, ես սխալ եմ»։

– Ինչպե՞ս եք շփվում այն մարդկանց հետ, որոնք Ձեզ հետ համակարծիք չեն։

– Շատ լավ, շատ դրական, շատ հանգիստ… Եվ չեմ շփվում այն մարդկանց հետ, որոնք մի ՛շտ են ինձ հետ համակարծիք։

– Որո՞նք են այն հիմնական խութերը, որ այսօր կան ՀՀ կրթական համակարգում։ Ի՞նչ ենք ակնկալում, և որո՞նք պետք է լինեն մեր առաջնային քայլերը։

– Խութերը շատ-շատ են՝ բուհ-աշխատաշուկա, արտադրություն-բուհ, գիտություն-կրթություն և այլն: Բայց թերևս առանձնացնեմ մեկը՝ մենք առաջին հերթին պետք է փոփոխություն կատարենք մեր ազգային մենթալիտետում. կրթական համակարգը կբարեփոխվի միայն ու միայն այն ժամանակ, երբ ոչ թե դիպլոմը դառնա նպատակ, այլ՝ ուսումը։ Այսինքն՝ մարդն ընդունվի բուհ ոչ թե դիպլոմ ստանալու համար, այլ՝ ուսում, գիտելիք։ Այդ դեպքում արդեն ուսանողը կլինի իրական պահանջատեր, նրա «կռիվը» կլինի ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի համար։ Իսկ դասախոսը, զգալով՝ ունա՞կ է տալու այն, ինչ պահանջում են, կհայտնվի կամ «կոմֆորտ զոնայում», որովհետև լողում է իր առարկայի մեջ, կամ «դիսկոմֆորտ զոնայում» ու, բնականաբար, երկար չի աշխատի։ Այս գիտակցությունը պետք է տանի նրան, որ դեռ մանկապարտեզից հասկանանք մեր նպատակը։

– Կրթության ոլորտում կա՞ն երևույթներ (դասավանդման բովանդակություն և մեթոդաբանություն, դասախոս-ուսանող միջանձնային հարաբերություններ և այլն), որոնք Ձեզ համար անընդունելի են։

Դասախոս-ուսանող հարաբերություններում, իմ դիտարկամբ, նվազել է փոխադարձ հարգանքը:Ժամանակին՝ իմ ուսանողական տարիներին, եթե դասախոսը նկատողություն էր անում, անգամ՝ անտեղի, երբեք մեզ թույլ չէինք տալիս պատասխանել նրան, լավագույն դեպքում դասամիջոցին էինք մոտենում: Այժմ անգամ տեղին նկատողության դեպքում կան ուսանողներ, որոնք կարող ենք ոչ հարգալից գտնվել՝ հաշվի չնստելով անգամ դասախոսի տարիքի հետ։ Կարող ենք արձանագրել նաև հակառակ պատկերը. երբ դասախոսն էլ ուսանողին չի վերաբերվում որպես կրտսեր ընկերոջ։  Այսինքն՝ պետք է ընդունել, ուսանողն ու դասախոսը նույն գործընթացի  փոխլրացնող տարրեր են, ոչ թե հակամարտող կողմեր։

Իսկ ո՞րն է, ըստ Վարդան Վլասյանի, ուսանողների սիրտը տանող ամենաճիշտ ուղին։

– Անկեղծությունը. ուսանողի հետ պետք է անկեղծ լինել։ Իսկ եթե ուզում ես քեզ չսիրեն, ուրեմն իրականացրու ընտրովի արդարություն։ Ստանդարտները պետք է լինեն միասնական. եթե դու փորձես խաղալ կեղծ արդարություն, դու կդառնաս բոլոր ուսանողների ամենաչսիրած մարդը։ Իսկ եթե ուսանողը քեզ որպես մարդ չսիրեց, չգնահատեց, դու արդեն նրա համար չես կարող լինել այն հեղինակությունը, որի գիտական խոսքը նա կընդունի որպես գիտական ճշմարտություն։ Պիտի խոսես քիչ, հստակ, բովանդակալից և տեղին։ Համենայն դեպս, լսարան մտնելու առաջին իսկ օրվանից առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ուսանողը ոչ թե իմ հակառակորդն է, այլ կրտսեր ընկերը, որ ուսանողն իրավունք ունի սխալվելու, իսկ իմ խնդիրը ոչ թե սխալի համար պատժելն է, այլ ճիշտ ուղի ցույց տալը։

– Ինչպիսի՞ն է Վարդան Վլասյանը աշխատանքից դուրս։ Սիրո՞ւմ եք արդյոք անակնկալներ մատուցել, թե՞ Ձեզ առավելապես կանխատեսելի մարդ եք համարում:

– Անկանխատեսելիությունն իմ հիմնական խաղաքարտն է. երբեք ոչ մեկին ոչ մի ժամանակահատվածում չի հաջողվել կանխատեսել, թե հաջորդը ինչ քայլ եմ կատարելու։ Աշխատանքից դուրս շատ չեմ տարբերվում՝ նույնքան խստապահանջ եմ և առաջին հերթին՝ իմ հանդեպ: Միևնույն ժամանակ, աշխատանքից դուրս հանգիստ, քչախոս եմ, նվիրված եմ ընտանիքիս, կնոջս, երեխաներիս ու ծնողներիս։ Ամեն օր պարտադիր գնում եմ ծնողներիս տուն, եթե չի հաջողվում (օրինակ՝ երեկոյան ուշ եմ ավարտում գործս), անպայման մինչև մեքենա նստելը զանգում եմ, նոր միայն գնում տուն։

– Իսկ սովորություն ունե՞ք աշխատանքը տուն տանելու, թե՞ տանը Դուք լիովին ընտանիքինն եք։

– Ցավոք, չի ստացվում չտանել, որովհետև բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում գործը կիսատ թողնել։ Տանն արդեն գիտեն, որ եթե այդ օրը տրամադրությունս մի քիչ տեղը չի, ուրեմն կիսատ կամ անհետաձգելի գործ ունեմ։ Տնեցիները շատ հանգիստ կարող են վերաբերվել նաև նրան, որ շաբաթ կամ կիրակի օրով իջնեմ աշխատանքի, գիշերը մնամ աշխատավայրում, որովհետև ավարտին հասցնելու գործ ունեմ։ Ինձ համար մի սկզբունք կա՝ ավելի լավ է գործը չսկսեմ, քան կիսատ թողնեմ, որովհետև, եթե կիսատ մնաց, չեմ քնի, տրամադրությունս տեղը չի լինի… Մի քիչ բարդ է ինձ հետ աշխատանքից դուրս (ժպտում է)։

– Երեխաները կարոտո՞ւմ են հայրիկին։

– Այո´, երեխաներս էլ սովորել են իմ գրաֆիկով ապրել, չեն քնում, մինչև տուն չեմ գնում։ Որքան էլ ուշ լինի, խաղում եմ նրանց հետ մի 5-10 րոպե, հեքիաթ եմ կարդում քնելուց առաջ։

– Ո՞ւմ հետ եք կիսում Ձեր անհանգստությունը, հույզերը։

– Բացառապես՝ կնոջս։ Միակ մարդը, որ առավելագույնն է տեղյակ իմ թե ՛ խնդիրներից, թե ՛ կոնֆլիկտներից, թե ՛ ձեռքբերումներից ու նպատակներից, կինս է։ Մենք ամեն օր քննարկում ենք, թե ինչ ենք արել այդ օրը, ինչ ենք անելու հաջորդ օրը, «ռազմավարական պլանում» ինչ նպատակներ ունենք որպես ընտանիք և ուր ենք գնում…

Լուսանկարները՝ Վարդան Վլասյանի անձնական արխիվից

* Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 1993-2006 թթ.՝ ԵՊՏԻ ռեկտոր, 2006-2012 թթ.՝ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ։

* Նկարիչ, գրող Գևորգ Բաշինջաղյանի որդին։

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *