Չեմ հանձնվելու, ձեզ էլ չեմ թողնելու՝ հանձնվեք

2020 թ., սեպտեմբերի 20, 6:30 րոպե

– Մա՛մ, դե, մենք  գնացինք։

– Մա՛ր, զգույշ կլինեք, չմոռանաս, երազանք  կպահես, որ կատարվի։

– Հա՛, հա՛,  անպայման։

Մամա՜ս, ո՜նց եմ կարոտելու քեզ, կուզեի՝ իմ տեղը դու լինեիր, դու տեսնեիր էն, ինչ տեսնելու եմ  ես:

Մեկն էլ կարդա,  կմտածի՝ ընդմիշտ մեկնում եմ երկրից: Չէ՛, իրականում գնում եմ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռ՝ երազանքիս հետևից: Բայց եթե անկեղծ լինեմ, ամբողջ ճանապարհին մտքերս խառն էին, չէի կենտրոնանում, թե ինչ երազանք պիտի պահեմ: Նայում էի դուրս, հիանում ոսկի դաշտերով, քաջ սարերով, ԽԱՂԱՂ երկնքով:

14:00

– Մո՛ք, խնդրում եմ, էլ ուժ չունեմ բարձրանալու, դուք գնացեք, ես էստեղ կսպասեմ ձեզ:

Էդ պահին ամենամեծ խնդիրը էդ բլրակը բարձրանալն էր, ուրիշ ոչինչ: Թեև իսկապես ինձ վատ էի զգում, բայց բարձրացա:

Ամբողջ ՀԱՅԱՍՏԱՆՍ երևում էր, աչքիս առաջ էր, երկինքը՝ մոտ, ազատությունը՝ մոտ: Անբացատրելի զգացում էր, ուզում էի անընդհատ շնչել էդ օդը, տպավորություն էր, թե հիմա կվերջանա ու ինձ բաժին չի հասնի: Երկրիս չքնաղությունն ինձ էնպես էր կուրացրել, որ անգամ երազանքիս մասին էի մոռացել: Ու էդպես էլ չհասկացա հստակ, թե երազանքս պահեցի՞, կատարվե՞ց, չկատարվե՞ց: Եթե անկեղծ լինեմ,  դա ինձ էդքան էլ չէր հուզում, բավական  էր միայն տեսնել  ու զգալ  այդ ամենը:

2020 թ., սեպտեմբերի 27, 10:00

Արթնացա…

Երանի չարթնանայի, ուղղակի քնեի ու չլսեի, չտեսնեի ոչինչ:

Սովորությանս համաձայն՝ հեռախոսս ձեռքս վերցրի:

Համացանցը ողողված էր աղոթքներով, զինվորների լուսանկարներով, տանկերի ոչնչացման հոլովակներով. ՊԱՏԵՐԱԶՄ էր:

Երկրումս պատերազմ էր: Չէի հասկանում, կամ էլ չէի ուզում հասկանալ  ու հավատալ, որ ես պատերազմ եմ տեսնելու, որ դեմ առ դեմ հանդիպելու եմ իմ ամենամեծ վախին:

Ինձ հուզելը բարդ չէ. ընդամենը մի զինվորի լուսանկար, և վերջ: Արցունքներս հոսում էին անդադար, խելակորույս դիտում էի բոլոր լուսանկարներն ու հոլովակները, որ մի ծանոթ մարդ գտնեի: Փոխարենը տեսնում էի տղերքի հզոր կամքի ուժն ու հաղթական տրամադրվածությունը: Ես հավատում էի, չէ՜, ոչ թե անիմաստ հեշթեգներին ու խոսքերին, այլ ՏՂԵՐՔԻՆ, հավատում էի հայի ուժին:

2020 թ., սեպտեմբերի 28, 8:30

Գնում եմ համալսարան, գիտեմ՝  իմ կարիքը կա, չնայած  ուզում էի ուղղակի փախչել բոլորից ու ոչինչ չլսել: Նայում էի մարդկանց  ու այնքան էի ուզում գրկել  բոլորին, ուղղակի գրկել  ու ասել, որ տղերքը, ախր, ամեն ինչ անելու են, հիմա Անին հետ են բերելու, ինչի՞ց եք տեղյակ:

Մտա լսարան․ Մարիամն էր ու մի քանի աղջիկ։ Դե, բնական է, ոչ ոք սիրտ չուներ դաս լսելու, ու բոլորը զբաղված  էին կամավորական  աշխատանքներով: Բոլորը փոխվել էին, մարդիկ փոխվել էին, հասկանո՞ւմ եք, ես չէի տեսնում էն անհոգ աչքերը, չէի տեսնում էն խաղաղ երկինքը, էն ազատությունը, անգամ շնչելն էր բարդ:

Լեզվի, գրականության ժամ էր։ Տիկին Աբգարյանը փորձում էր ինչ-ինչ  խոսքեր գտնել, անհանգստությունն ու տագնապը մեր միջից դուրս բերել․ չստացվեց: Աչքերս լցվեցին, առանց հարցնելու դուրս վազեցի, լավ չէի զգում, սիրտս կծկվել էր, օդը չէր հերիքում, ուզում էի վազել, առանց դադարի վազել տղերքի մոտ ու… ու ասել, որ մենակ չեն, հաց տալ, ջուր տալ, ինչ-որ բան անել իրենց համար:

12:30

Զանգ:

Վախենում էի պատասխանել, որ մի վատ լուր չլսեի:

– Մա՛ր, ո՞նց ես, քեռին էլ ա գնացել, ավտոբուսից զանգել ա, ասել՝ գնում եմ:

– Լո՞ւրջ,  մա՛մ, Աստված՝ իր ու բոլորի հետ, մեր երեխեքն էլ են ընդեղ, լավ ա լինելու։

– ԷԷ՜հ , հուսանք։

2020 թ., սեպտեմբեր, անհայտ

– Երեխե՛ք , նորածինների շորերը  ո՞ր արկղի մեջ են։

–  Բե՛ր, բե՛ր, մենք ենք դասավորում:

– Որ խնդրեմ, էս արկղը  կտանե՞ք վերև։

– Հա՜, քու՛րս , տու՛ր։

Խառնված էինք, բայց բոլորս՝ մեկ, մի բռունցք:

Կամավորություն էինք անում, փողոցներում ժամերով նստում ու ինչ-որ իրեր հայթայթում:

– Երեխե՛ք ջան, զինվորների՞ն եք ուղարկում։

– Հա՛,  տա´տ ջան, տնտեսագիտականի երեխեքն ենք, հանգիստ տուր, իմացի՝  տեղ կհասնի։

– Տաք շորեր են, էս մեծ ադյալը տղերքին կդնեք, տաք քնեն գոնե։

2020 թ., անհայտ, անհայտ

– Մա՛ր , մեր Աշոտն ա, գտել են…

2020 թ., անհայտ, անհայտ

–  Զոհվեց, լեզվաբաններից՝  Դավոն, ժպիտը աչքիս առաջ ա: Ասում են՝ Ավագն էլ չկա։

– Մեր Ավո՞ն, Գարիկից լուր կա՞, Արտյո՞մը․․․

– Գարիկից տեղյակ չեմ, բայց իմանամ՝ կասեմ։

2020 թ., անհայտ, անհայտ

– Մա՛ր,  պապին մահացավ։

2020 թ., անհայտ, անհայտ

– Քե՛ռ, ի՞նչ ա եղել։

– Կարենի կուրտկեն են գտել, հեռախոսով զանգել են․․․

– Չէ՛, չէ՛, հաստատ քեռին չի, հաստատ մեկին պետք ա եղել, հանել տվել ա, քեռին չի հաստատ․․․

– Կարենն ա…ՇՈՒՇԻում ա եղել, ասում ա՝  տղերքը ուժեղ կռիվ են տվել․․․

2020 թ., նոյեմբերի 9, 01:25

– Ո՜նց, չգիտե՞ս՝ ինչ ա եղել:

– ՇՈՒՇին տվել ենք, ՔԱՐՎԱՃԱՌը, ՀԱԴՐՈՒԹը…

2021թ., փետրվար, անհայտ

– Մա՛ր, Գարիկին են գտել մեր, 120 հոգու փրկել ա, նահանջի  հրամանը  չի լսել ու …

2021 թ., մարտ, անհայտ

– Ավոյին էլ գտան…

2021թ., նոյեմբեր 22, 16:48

Գրեցի… գրել եմ սրտումս կատարված ու շարունակվող քաոսի, կռվի, երկրաշարժի, ՊԱՏԵՐԱԶՄի մասին: Սիրտս կռիվ տեսած ա, կռիվ տված ա, սիրտս վիրավոր ա, բայց աղոթքը մեջն ա, ԱՍՏՎԱԾ մեջն ա, ՏՂԵՐՔՍ մեջն են:

ՀՈՂՍ մեջն ա, ՏՈՒՆՍ մեջն ա, ՀԱՅԱՍՏԱՆիս ամեն քարն ու թուփը մեջն են:

Չեմ հանձնվելու, ձեզ էլ չեմ թողնելու՝ հանձնվեք: Ոչինչ չի վերջացել, կռիվ ունենք, ես կռիվ ունեմ, խոստում ունեմ, պիտի ՇՈՒՇին հետ բերեմ, պիտի ԱՐՑԱԽս ամբողջ դարձնենք բոլորս միասին:

Գնանք ՇՈՒՇԻ, գինի լցնեմ, մատաղ անեմ, քոչարի պարեմ  ու էնքան ուժեղ ոտքով հարված տամ, որ աշխարհն իմանա ՀԱՅԱՍՏԱՆի զարկը, որ ոչ մի թուրք շուն էլ չփորձի ՀԱՅՐԵՆԻՔիս վրա մատ թափ տալ:

ՎՍՏԱՀ ԵՄ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Մարիա Գալստյան

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ, զբոսաշրջության կառավարում, 2-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *