Վահե Վերդյանն օգոստոսի 27-ին կդառնար 27 տարեկան

Մերօրյա պատերազմի հերոս, ՀՊՏՀ շրջանավարտ Վահե Վերդյանն օգոստոսի 27-ին կդառնար 27 տարեկան

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Վերդյանին առիթ ունեցել ենք անդրադառնալու մեր նախկին հրապարակումներում: Վահեն մեկն էր այն բազում հայորդիներից, ովքեր համառ մարտեր մղելով` քայլ անգամ չնահանջեցին թշնամու գերակայող ուժերի առաջ` հերոսության վառ օրինակներով համալրելով մեր պատմության նորագույն էջերը:

Ցավոք, հայրենիքի պաշտպանության գործում նրանցից շատերը նահատակվեցին: Այդ սուրբ նահատակներից մեկն էլ Վահե Վերդյանն էր, ով այսօր կդառնար 27 տարեկան:

2014 թվական

Ծնվել է Ստեփանակերտում, 1994 թ. օգոտոսի 27-ին: 2010թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի կառավարման տեղեկատվական համակարգեր բաժինը: 2012-2014թթ. ծառայել է ԱՀ ՊԲ-ում: 2014-2016թթ. շարունակել է ուսումը ՀՊՏՀ-ում և ավարտելով ստացել տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարչի որակավորում: 2016թ. Վահեն կամավոր մասնակցել է Ապրիլյան պատերազմին, որի համար 2019թ. ԱՀ նախագահի կողմից ստացել է մարտական ծառայության մեդալ: 2016թ. սեպտեմբերի 28-ից ծառայության է անցել ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի, ապա` ավագ լեյտենանտի կոչում: 2017թ. սեպտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, ՀՀ ՊՆ-ի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով Վահե Վերդյանն ընդունվել է Չինաստանի ռազմական ակադեմիայի Նանկինի պոլիտեխնիկական համալսարան և ուսումնասիրել համակարգչային ցանցերի ինժեներիա:

2014 թվական

Վերադառնալով Հայաստան` 2018-2019թթ. ծառայությունը շարունակել է ՀՀ Զինված ուժերում՝ որպես փոքր հզորության ռադիոկայանների խմբի պետ, իսկ 2019թ. հոկտեմբերից սեփական նախաձեռնությամբ ծառայությունը շարունակել է ԱՀ ՊԲ առաջնային զորամասում՝ որպես դասակի հրամանատար: Նահատակվել է 2020 թ. հոկտեմբերի 26-ին` փրկելով իր զինվորի կյանքը: Եղբոր մասին հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց Վահեի քույրը` Անուշ Մանուկյանը:

«Արդեն իսկ դպրոցական տարիներից Վահեն հստակ ձևավորված միտք ու դիրքորոշումներ ուներ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ: Նա բացառիկ տաղանդ ուներ` որոշումներ կայացնելու, ցանկացած իրավիճակում ճիշտ և արագ կողմնորոշվելու: Միշտ վստահ էր, որ հայ ազգի համար լավագույն տեղը Հայաստանի Հանրապետությունն է, որի հզորացումը, ըստ նրա, կախված է յուրաքանչյուրից և, առաջին հերթին, հենց իրենից: Այդ է պատճառը, որ իր անձնական օրինակով փորձում էր վարակել շրջապատին, լինել բարեխիղճ քաղաքացի, արդար սպա, նվիրված ընկեր և սիրող, հոգատար զավակ: Նա երբեք Արցախը Հայաստանից չի զատել», – հիշում է Անուշը: «Եղբայրս ծնվեց 1994 թ. օգոստոսի 27-ին և անմահացավ 2020 թ. հոկտեմբերի 26-ին. արցախյան անկախության հետ եկավ ու գնաց հավատքով, որ հաղթելու ենք»,- շարունակում է քույրը` նշելով, որ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, թողնելով դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը, եղբայրն առաջին իսկ օրը մեկնեց ռազմաճակատ` որպես կամավոր: «Վահեն բացառիկ մարդ էր, տարբերվող մտածողությամբ, շատ մաքուր և պարզ սրտով: Պատերազմից հետո նրա համար պարզ էր, որ եթե ապրում է Հայաստանում, պետք է կցվի հայրենիքի պաշտպանության գործին ու ապրիլյանից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, ծառայության անցավ ՀՀ զինված ուժերում»: Չինաստանում անցկացրած ժամանակաշրջանի մասին Անուշը հիշում է, որ եղբայրը երբեք առիթը չէր կորցնում Չինաստանում լավագույնս ներկայացնելու Հայաստան աշխարհը, նրա մշակույթը, հզոր բանակը և անպարտ ոգին:

2019թ. իր դիմումի համաձայն Վահե Վերդյանը տեղափոխվում է Արցախ։ Անուշի խոսքով` արդեն Վահեի մահից հետո հրամանատարը պատմում էր, որ այդ մեկ տարվա ընթացքում նրա մասնագիտական ավանդը կապի կարգավորման մեջ մեծ էր, իսկ պատերազմի ընթացքում թև ու թիկունք էր իր հրամանատարին, ցանկացած հարցում աջակցում էր իր խելամիտ խորհուրդներով: «Հրամանատարը պատմում էր, որ իր կամքով զորքի մոտ չքացնում էր վախի մթնոլորտը: Ավելի քան տասն օր նրանք անձնուրաց պայքարել են` Ֆիզուլիի սահմանը պահելու համար։ Սակայն հոկտեմբերի 26-ին, մի քանի անգամ հրաշքով ողջ մնալուց հետո, բայրաքթարի հարվածը խլեց մեզանից մեր Վահեին` անձնուրաց հայորդուն»,- պատմում է Անուշն ու հավելում, որ Վահեի մասին կարելի է անվերջ խոսել, և որ նրա մարդ տեսակը պիտի շարունակական լինի:

Վահե Վերդյանի անհատական քաջության վառ օրինակը, մարտ վարելու դժվար պայմաններում ճիշտ կողմնորոշվելու և հակառակորդին անկասելի հարվածներ հասցնելու դրվագներն արժանի են միայն խոնարհումի: Ցավոք, Վահեն այսօր մեզ հետ չէ, մեր դյուցազուններից շատ-շատերի նման հավերժական փառքով է պսակվել ու անցել անմահության գիրկը, բայց դա չի խանգարում, որ ասենք` ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՀԵՐՈ՛Ս, հայրենիքը երբեք չի մոռանա քեզ ու մեր մյուս վարդաններին:

Փառք ու պատիվ մեր հերոսներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *