Տիգրան Պետրոսյան. «Անցած ճանապարհի դժվար օրերը միայն ամրացրել են իմ կամքը»

Համառոտ տեղեկանք

Տիգրան Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 25-ին Երևանում: Սովորել է թիվ 112 փորձարարական դպրոցում: 2017 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, այսօր «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող է: 2019 թվականի հուլիսի 9-ին զորակոչվել է Հայոց բանակ՝ իր պարտքը մատուցելու հայրենիքին:

Սիրելի´ ընթերցող, մեր ստեղծագործական թիմի համար պարտավորեցնող է, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները հետևում են մեր խորագրին, արձագանքում և գնահատում: Այդպիսի գնահատանքի արդյունքում էլ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Նարինե Խալաթյանը  մեզ պատմեց Տիգրան Պետրոսյանի մասին, որը դարձավ մեր խորագրի նոր հերոսը:

Տիգրանը, ինչպես պարզվեց, տաղանդավոր և բազմաշնորհ երիտասարդ է՝ տարատեսակ հետաքրքրությունների տեր՝ գեղանկարչություն, դիզայն, շախմատ, օտար լեզուներ:  7 տարի նկարչության է հաճախել «Տարոն» գեղագիտական կենտրոնում, մասնակցել է մի շարք ստեղծագործական մրցույթների: Վրաստանում կայացած հերթական մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի՝ Բաթում քաղաքում հանգստյան ուղեգրի: Ինչպես ինքն է խոստովանում, հատկապես մեծ ներշնչանքով է ստեղծում գեղանկարներ՝ արտացոլելով բնության ներդաշնակ գեղեցկությունը, և դիմանկարներ՝ ներկայացնելով մարդկային դիմագծի, բնավորության ինքնատիպությունն ու բազմազանությունը:

Իր հաջողությունների և ձեռքբերումների համար Տիգրանը երախտապարտ է պապիկին:  Նրա խորհրդով և օգնությամբ է սովորել շախմատ խաղալ, բացահայտել այդ հինավուրց խաղի խորությունը, ճկունությունը, շախմատի շնորհիվ նաև հղկել իր բնավորությունն ու կամքը:  Մանկապատանեկան տարիքում կարգային մրցաշարերի է մասնակցել, դարձել 1-ին կարգային:

Եվս մեկ բացահայտում. ապագա ֆինանսիստն հասցրել է յուրացնել նաև գծագրող-ճարտարապետի մասնագիտությունը: Գուցե, անսպասելի է լսել, բայց նա արդեն որպես գլխավոր գծագրող-չափագրող է աշխատում կահույքի գործարանում և մեծ բավականություն ստանում այդ անչափ հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքից:  Ֆիզիկական աշխատանքից էլ երբեք չի խուսափել, իսկ 16 տարեկանից օգնել է ծնողներին՝ զարգացնելու ընտանեկան բիզնեսը՝ արտերկրից ներկրված վարագույրների ու կտորեղենի առքուվաճառքը սեփական խանութում: 

Տիգրանը տիրապետում է 3 օտար լեզվի՝ ռուսերենի, անգլերենի և թուրքերենի: Ահա այստեղ մեզ հետաքրքրեց, թե ինչո՞ւ հենց թուրքերեն:

«Թշնամուն հաղթելու համար պետք է տիրապետել նրա լեզվին»,- ասում է Տիգրանը և պատմում, որ սկզբում ինքնուրույն է սովորել թուրքերեն, հետո խորացնելու համար պարապել է մասնագետի մոտ: «Լեզվին տիրապետելն էր պատճառը, որ ծառայել եմ հետախուզական գումարտակում»,- ավելացնում  է, բայց փորձում շրջանցել պատերազմի թեման, որի վերաբերյալ հարցերը ցանկանում էինք բարձրաձայնել: Նա հայացքը փախցնում էր, բայց աչքերում տեսնում էինք ցավոտ հուշերի անդրադարձը:

Տիգրանը պատերազմ անցած այն հերոսներից է, որը չի կոտրվել, իրեն բաժին հասած փորձություններն ընդունել է արիաբար ու ավելի է կոփվել:

«Ցավն ու դժվարությունները կոփում են մարդուն. անցած ճանապարհի դժվար օրերը միայն ամրացրել են իմ կամքը»,-ասում է Տիգրանը և ամփոփում այն բոլոր հարցերը, որոնք ցանկանում էինք ուղղել իրեն:

Ապագայի ծրագրերի մասին զրուցելիս մի բան հասկացանք. Տիգրանի ոչ մի հետաքրքրություն ու զբաղմունք զուր չի անցել. շատ չխոսեց, միայն ասաց, որ գծագրության մեջ ևս կփորձի մասնագիտանալ ու հիմնել սեփական կահույքի արտադրամասը, ինչի համար արդեն իսկ քայլեր է ձեռնարկում:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *