Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լիլիթ Հարոյան

Լիլիթ Հարոյանն օրերս ավարտեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի բակալավրիատը։ «Ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման ուղղությունները տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ նյութերով» թեմայով ավարտական աշխատանքը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը 20 գնահատեց։

Դեռևս դպրոցական տարիներից Լիլիթն ակտիվորեն ներգրավվել է դասարանական ու դպրոցական միջոցառումների կազմակերպման գործում, հանդես բերել կազմակերպչական ջիղ. «Ինչքան զգում էի, որ դա բարդ է, որ ես անասելի շատ էներգիա ու ժամանակ պիտի ծախսեմ, այնքան ավելի մեծ մոտիվացիայով էի ներգրավվում դրա մեջ։ Աստիճանաբար հասկացա, որ կազմակերպումն ու կառավարումը իմ տարերքն են, ու որ ես անասելի բավականություն եմ ստանում դրանից»։ Իսկ սերը մաթեմատիկայի նկատմամբ այն կամուրջն էր, որը Լիլիթին կապելու էր ՀՊՏՀ «Կառավարում» մասնագիտության հետ։

Տնտեսագիտականը,ի թիվս շատ-շատերի, արդարացրեց նաև Լիլիթի սպասումները, ավելին՝ գնալով սիրեց «Կառավարումը», ուստի մտադիր է մագիստրոսական որևէ ծրագրով նույն ֆակուլտետում շարունակել կրթությունը։

Թե ինչ տվեց իրեն ՀՊՏՀ-ն ու ինչ վերցրեց ինքը ՀՊՏՀ-ից, Լիլիթն անվարան պատասխանում է՝ առաջին հերթին՝ ընկերներ. «Հիմա ես ունեմ մարդկանց, որոնք կյանքի տարբեր փուլերում իմ կողքին կլինեն։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք միասին հետ կգնանք ու հետո միասին առաջ կքայլենք»։ Իհարկե, առանձնացնում է նաև սիրելի դասախոսներին, որոնք իր կողքին են եղել այս տարիներին։

Վաղվա օրվա նկատմամբ լուսավոր հեռանկարի զգացումը Լիլիթին ուղեկցում է միշտ և ամենուր։ Շարունակական տքնաջան աշխատանքի արդյունքում ավելի վստահ ու կայացած է զգում իրեն։ Համոզված է՝ անպայման կգտնի իր տեղը այս մեծ աշխարհում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *