Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Դավիթ Խառատյան

Վանաձորցի Դավիթ Խառատյանը ՀՊՏՀ «Մարքեթինգ» մասնագիտության այս տարվա շրջանավարտներից է, արդեն՝ մագիստրոս։ «Մարքեթինգն» ընտրել է նույն ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Աննա Սալոմեի խորհրդով, որին ճանաչում է դեռ դպրոցական տարիներից։ Իր հաջողության պատմությունը Դավիթն արդեն սկսված է համարում։ 2014-ի սեպտեմբերի 1-ին էր, երբ 16-ը նոր բոլորած նորաթուխ ուսանողը ոտք դրեց Տնտեսագիտական համալսարան, կարճ ժամանակ անց անդամագրվեց ուսխորհրդին, և սկսվեց բուռն ուսանողական կյանքը։ Այդ ընթացքում Դավիթը զորակոչվեց բանակ, պատվով ծառայեց ու վերադարձավ սիրելի ֆակուլտետ. «Ես սիրում եմ նայել անցյալին, տեսնել, թե ինչ եմ ունեցել ու ինչ ունեմ հիմա։ Բանակում անցկացրած երկու տարիներն ինձ համար վերարժևորման տարիներ էին։ Երբ վերադարձա, հասկացա, որ պետք է մտածել նաև աշխատանքի ուղղությամբ, ուսումնասիրեցի մարքեթինգի շուկան, պարզեցի առաջնահերթությունները։ Կես տարի անց աշխատանքի անցա որպես վաճառքի խորհրդատու»։

Ուսանողական տարիներին Դավիթն ակտիվորեն ներգրավվել է «Էրազմուս+»-ի ծրագրերին, մեկ կիսամյակ սովորել Լիտվայում`Կաունասի տեխնոլոգիական համալսարանում (2019 թ.):Այդ հնարավորության շնորհիվ ճամփորդել է աշխարհի 15 երկրներում։ Վերադառնալով՝ Դավիթն աշխատանքի է անցել «Լինզ Օպտիկ» ցանցում՝ որպես կայքի բովանդակության պատասխանատու (content writer), այնուհետև՝ մենեջեր։ Իսկ ԿԲ-ից ստացած անսպասելի առաջարկը շրջադարձային եղավ Դավթի կյանքում. բակալավրն ավարտելուն պես միացավ ԿԲ թիմին և արդեն նախագծերի կառավարիչ է: Վերջերս էլ թիմակիցների հետ ՀՊՏՀ-ում էր՝ արդեն որպես դասընթացավար։

Երիտասարդ մասնագետը համոզված է՝ ՀՊՏՀ-ն ուսանողներին լայն հնարավորություններ է ընձեռում, պարզապես պետք է ճիշտ օգտագործել, քաղել առավելագույնը ու զարգացնել։ ՀՀ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված մարքեթինգային միջոցառումների վերաբերյալ թեման Դավիթը զարգացրեց և դարձրեց մագիստրոսական թեզի ուսումնասիրության նյութ։ Գերազանց ներկայացավ ու «Գերազանց» գնահատվեց։

«Իմ հաջողությունների համար շատ մարդկանց եմ պարտական, հատկապես՝ դասախոսներիս, որոնք ընդառաջել են ինձ ամեն հարցում, մոտիվացրել, հարկ եղած ժամանակ՝ ներել ու դրանով ավելի են պարտավորեցրել»,- ասում է Դավիթը, որը լավատես է, հավատում է իր ուժերին և հաջողակ լինելուն։ Այդ լուսավոր ճանապարհին նրան մաղթենք հաջողություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *