Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Սպարտակ Բալայան

Սպարտակ Բալայանը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտությունն ավարտում է Կարմիր դիպլոմով:

Արցախցի է՝ Հադրութի շրջանից։ 2016 թվականին Ստեփանակերտի Ֆիզմաթ հատուկ դպրոցն ավարտելուն պես ուղևորվեց Երևան։ Որ դիմելու էր հենց Տնտեսագիտական համալսարան, վաղուց էր որոշել։ Ասում է՝ սերը տնտեսագիտության, մաթեմատիկայի հանդեպ հարազատներից է փոխանցվել․ պապիկը տնտեսագետ էր, սովորել էր Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում (այժմ՝ ՀՊՏՀ)։

Սպարտակի մաթեմատիկական բացառիկ գիտելիքները չվրիպեցին բուհի  պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունից, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հայտարարած էսսեների մրցույթում նախորդ տարի գրավեց 2-րդ տեղը: Էսսեն վերնագրված էր՝«Հայաստանը նոր աշխարհատնտեսական խաչմերուկում»։

Սպարտակի գիտելիքն ու հմտությունը բակալավրիատում սովորելու տարիներին նաև գործատուների ուշադրությանն արժանացավ․ աշխատանքի բազմաթիվ առաջարկներ ստացավ տարբեր ընկերություններից, բայց որոշել էր՝ կարիերայի մասին կմտածի դիպլոմային աշխատանքը ավարտելուց հետո միայն։ Եկավ նաև այդ պահը. «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության տնտեսական փոխհարաբերությունները և դրանց հեռանկարները» թեմայով ավարտական աշխատանքը և փայլուն պաշտպանությունը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը «Գերազանց» գնահատեց:

Արդեն մեկուկես ամիս է, ինչ Սպարտակ Բալայանն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչությունում։ Աշխատանքի է անցել համալսարանի ուղղորդմամբ։ Իսկ համալսարանը նրան ոչ միայն աշխատանքի է ուղղորդել․ «Բակալավրիատում սովորելու 4 տարիների ընթացքում բոլոր դասախոսները, ում հետ բախտ եմ ունեցել շփվելու, դրական ազդեցություն են թողել իմ հետագա քայլերի, մասնագիտական կողմնորոշման, ընտրություն կատարելու գործում։ Նրանց եմ պարտական ոչ միայն փոխանցած գիտելիքի, այլ նաև իմ մեջ մարդկային բարձր արժեքներ ու որակներ դաստիարակելու համար»։

Շարունակաբար մասնագիտանալու ձգտումը և նպատակասլացությունը Սպարտակին շուտով կտանեն ՀՊՏՀ մագիստրատուրա։ Նորաթուխ տնտեսագետը, ում միշտ հրապուրել է խնդիրները լուծելու ընթացքում չհանձնվելու և արդյունք ստանալու գործընթացը, պատրաստ է անվերջ սովորել և նույնը խորհուրդ է տալիս բոլոր ուսանողներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *