Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Ռիմա Սևումյան

Ռիմային Տնտեսագիտական համալսարան է բերել որոնումների ճանապարհը՝ բուհի, մասնագիտության: 2-րդ կուրսում Եվրոպական համալսարանից տեղափոխվել է ՀՊՏՀ՝ ընտրելով տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտությունը: Մագիստրոսական մասնագիտության ընտրությունն ավելի հիմնավոր ու հեռանկարային պետք է լիներ, որովհետև արդեն գործունեություն էր ծավալում որպես հաշվապահ՝ «Հաշիվ» ՍՊԸ տնօրենն էր: Որոշեց ևս 2 տարի սովորել ՀՊՏՀ-ում՝ «Աուդիտ» մասնագիտությամբ, որն ավարտում է հաղթողի հպարտությամբ:

Այսօր Ռիման իր առջև խնդիր է դրել նաև հավաստագրվելու Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի կողմից՝ մասնակցելով քննական գործընթացին:

«Որակավորումը ստանալուց հետո նպատակ ունեմ բացել աուդիտորական կազմակերպություն և համապատասխան ծառայություններ մատուցել: Սակայն սրանով չեմ սահմանափակվի. ցանկանում եմ կրթությունս շարունակել ասպիրանտուրայում: Գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, ապա «Կազմակերպության սնանկացման գնահատման հիմնախնդիրները» թեմայով մագիստրոսական թեզը պատրաստելիս հասկացա, որ կարող եմ նաև գիտական-հետազոտական աշխատանքով զբաղվել և, ինչու ոչ, դասավանդել: Այս ամենը կուղեկցվի ինձ համար շատ հրաշալի իրողությամբ. հնարավորություն կստանամ երկարաձգելու իմ սիրելի համալսարանում գտնվելու ժամանակաշրջանը»,-ասում է Ռիման:

Նա խոստովանում է՝ երախտապարտ է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, որի շնորհիվ ոչ միայն մասնագիտացել է, համակողմանիորեն յուրացրել հաշվապահություն և աուդիտ, այլև ձեռք բերել մրցունակ ու կայացած մասնագետին անհրաժեշտ հատկանիշներ:

«Ինքս իմ հանդեպ անչափ պահանջկոտ եմ և փորձում եմ ինձ վստահված ամեն գործ անել պատասխանատվությամբ և կատարելապես: Առհասարակ, կարծում եմ, ինչ մասնագետ էլ լինես՝ մաքրուհի, ծրագրավորող, ոսկերիչ, թե բժիշկ, այդ ձգտումը պետք է լինի առաջնորդողը, և, հավատացեք, մեր կյանքն անհամեմատ որակյալ, գեղեցիկ ու լավատեսական երանգներ կստանա». վստահ է Ռիման, որի կատարելության ձգտման մի ապացույցն էլ նրա միջին որակական գնահատականն է՝ 100:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *