Միքայել Թավադյան
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը 20 գնահատեց Միքայել Թավադյանի ավարտական աշխատանքը՝ «Վաճառքների գծով դեբիտորական պարտքերի հաշվառումը և վերլուծությունը՝ ըստ գոյացման ժամկետների» թեմայով: Համոզված ենք՝ այս անունը մեր ընթերցողներից շատերի ականջին ծանոթ ու հարազատ հնչեց: Այո´, այո´, կրտսեր Միքայել Թավադյանը ՀՊՏՀ անվանի տնտեսագետ-մանկավարժ Միքայել Թավադյանի թոռն է:
Միքայելն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ուսմանը զուգահեռ աշխատում է «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ում՝ որպես բիզնեսի ավտոմատացման մասնագետ (ինժեներ-տնտեսագետ): Հաշվապահի մասնագիտությունը սիրում է, թեև ի սկզբանե իր ընտրությունը չի եղել. բնագիտական հակումն ու ունակությունները (սովորում էր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում) այլ՝ մաթեմատիկական մոդելավորման ուղղություն էին կանխորոշում, բայց հանգամանքների բերումն այլ էր: Ասում է՝ չի ափսոսում:
2017-2019 թթ. Միքայելը բարեխիղճ ու պատրաստակամ կերպով ծառայել է բանակում, վերադարձել ու նույն հետևողականությամբ վերսկսել ուսումնառությունը: Վստահ է՝ երկամյա ծառայությունը միայն հարստացրել է իր կենսագրությունը՝ օժտելով զինվորական պատրաստականությամբ, պատասխանատվությամբ, կամային հատկանիշներով, կարգապահությամբ:
Մտովի հետ գնալով՝ հիշեցինք, որ 2017-ին զորամասի հրամանատարական կազմը զինվորի ընտանիքին հղել էր շնորհակալագիր, և պապիկը՝ Միքայել Թավադյանը, անչափ հպարտ ու հուզված էր: «Միայն հայրենիքի այդպիսի զինվորներով մեր ազգը կկարողանա դիմակայել թշնամուն…»,- ասված էր նամակում։
Թե ինչ երազանքներ ունի հարցին, Միքայելն անվարան պատասխանում է. «Էությամբ երազող չեմ, ավելի իրատես եմ. ձևավորում եմ նպատակներս և հաջողության հասնելու ուղիներ գտնում: Իսկ գլխավոր նպատակս ամուր ընտանիք կազմելն է և ֆինանսական կայունությունը»: Ապա հավելում է՝ մասնագիտական աճի տեսանկյունից ուսումնառության նոր փուլեր է պետք հաղթահարել, չի բացառում նաև գիտական-մանկավարժական աշխատանքը:
«Հարազատներս նկատել են, որ սովորեցնելու ջիղ և կարողություն ունեմ. փոքր քույրիկիս, որ 4-րդ դասարանում է սովորում, հաճախ օգնում եմ դասերը պատրաստել, և դա ինձ դուր է գալիս: Իսկ եթե մի քիչ ավելի անկեղծանամ, ապա տարիներ առաջ, երբ պապիկս ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանն էր, միշտ հպարտության զգացում էի ապրում՝ ցուցանակին նրա անունը կարդալով: Երբ արդեն վաստակած հանգստի էր անցել, մի օր տեսա, որ ցուցանակը փոխվել է: Շփոթմունք ու ափսոսանք ապրեցի, բայց հաջորդ պահին ներքին մի ձայն ինձ հուշեց՝ «Այս անունը դեռ կգրվի»: