Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Աննա Անտոնյան

Օրեր անց Աննան կստանա «Մարքեթինգ» մասնագիտության գերազանցության դիպլոմը: Անցած չորս տարիների ընթացքում նա ամեն ինչ արել է, որ զարմիկի խորհրդով ընտրած մասնագիտությունը, որը սկզբից ևեթ սիրել է, ուսումնասիրի բազմակողմանիորեն՝ կարդա, պրպտի, հետազոտի: Մի կարևոր խնդիր էլ էր լուծում. ընդունելության քննությունների շեմը բարձր միավորներով էր հաղթահարել ու ընդունվել պետպատվեր համակարգ, հարկավոր էր լրացուցիչ ջանք գործադրել և պահպանել անվճար սովորելու իրավունքը:

Եվ այսպես՝ պատասխանատվությամբ և ջանասիրությամբ օժտված օրիորդի համար բուհական 4-ամյա ուսումնառության տրամաբանական եզրափակումը դարձավ «Բրենդի կառավարման հիմնախնդիրները» թեմայով ավարտական աշխատանքի  փայլուն պաշտպանությունը:

Առաջիկայում որոշել է փոքրիկ դադար վերցնել. վերականգնել ուժերը, ծանրութեթև անել հետագա անելիքները, ընտրել այն ոլորտը, որտեղ կցանկանա ներդնել իր գիտելիքն ու կարողությունը, և որի համար անհրաժեշտ կլինի նոր մասնագիտական գիտելիք ձեռք բերել: Իր մասնագիտությունից բխող հետաքրքրությունների երկու ուղղություն է ձևավորել Աննան՝ բրենդինգ և անիմացիայի աշխարհ:

«Կցանկանայի իմ մասնակցությունն ունենալ հայկական անիմացիոն ֆիլմերի զարգացման գործում. դարձնել դրանք առավել գունեղ, մանկական շնչով տոգորված: Կարծում եմ՝ մանուկներին անհրաժեշտ է նաև հոգևոր թեմաներին առնչել, իհարկե՝ մանկան ընկալման շրջանակում»,-ասում է Աննան և պատմում իր մանկության մի հետաքրքրության մասին. սիրում էր աքրոստիկոսներ գրել և ծննդյան տոների առիթով նվիրել մտերիմներին՝ դրանով իր հոգու ջերմությունից մի մասնիկ փոխանցելով նրանց: Իսկ  նրա հասուն հետաքրքրություններում գեղանկարչությունն է՝ Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, պոեզիան՝ Հովհաննես Թումանյան, Համո Սահյան, հայրենի բնաշխարհը՝ իր ողջ կատարելությամբ և գույներով:

Հետաքրքրությունները, մարդկային զգայուն հատկանիշները, ինչպես նաև սիրելի մարքեթինգը, համոզված ենք, Աննային կօգնեն ճիշտ «թիրախավորվել և վերադիրքավորվել»,  հաստատակամությամբ անցնել ճանաչողության իր ուղին, կյանքի կոչել նվիրական երազանքները և իրատեսական ծրագրերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *