Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լիլիթ Ղազարյան

Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանող Լիլիթ Ղազարյանին ՀՊՏՀ-ում բակալավրական կրթության 4 գերհագեցած տարիներն օժտել են մասնագիտական կարողություններով և ինքնավստահությամբ: Իր որոնող մտքի և ստեղծագործ խառնվածքի շնորհիվ Լիլիթն օգտվել է բուհի կողմից ընձեռվող  ակադեմիական և ոչ ֆորմալ կրթության հնարավորություններից. հարազատ վիճակագրության ամբիոնի պրոֆեսիոնալ և բանիմաց դասախոսների ավանդած դասերը, ՀՊՏՀ ՈՒԳԸ գիտաժողովները, ՀՊՏՀ Change Lab-ի SMM դասընթացները (որի շնորհիվ գրեթե մեկ տարի է՝ աշխատում է մարքեթինգային ընկերությունում) և այլ ձևաչափի միջոցառումներ: 3-րդ կուրսում Լիլիթը թիմային աշխատանքով հաղթող է դարձել «Ինգո Արմենիա» ընկերության և www.insurebusiness.am ապահովագրական-վերլուծական կայքի կողմից ՀՊՏՀ ուսանողների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթում, մասնակցել և հաղթել է Մինսկում կայացած Եվրասիական 7-րդ ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Լիլիթը նաև ակտիվորեն ներգրավված է կամավորության մեջ՝ կազմակերպչական աշխատանք է կատարում «Հզոր միտք» ՀԿ-ի կազմում, որը  կրթական և սոցիալական ծրագրեր է իրականացնում Հայաստանի մարզերում և Արցախում:

«Ավարտական աշխատանքիս թեման՝ «ՀՀ տնտեսության գլոբալ մրցունակության վերլուծությունը վիճակագրական մեթոդներով», սկսել էի ուսումնասիրել դեռևս ՈՒԳԸ գիտաժողովին մասնակցելու ընթացքում: Հետո խորամուխ լինելու ցանկություն  առաջացավ, այսինքն՝ փորձեցի հնարավորինս համակողմանի վերլուծություն կատարել և ուրախ եմ, որ ատեստավորման հանձնաժողովը և իմ սիրելի դասախոսները ըստ արժանվույն՝ առավելագույն 20 գնահատեցին ջանքերս: Շատ ուրախ եմ, որ բակալավրիատում ուսումնառությանս տարիներին, վիճակագրությունից զատ, ինձ հաջողվեց բացահայտել տնտեսագիտության այլ ուղղություններ ևս՝ ապահովագրություն, մարքեթինգ: Սակայն ասեմ՝ նոր բացահայտումների ձգտում ունեմ, այն է՝ խորությամբ ուսումնասիրել մակրովերլուծություն, տվյալագիտություն: Իսկ թե երբ կլինի ուսումնառության նոր ժամանակահատվածը, այս պահին ինձ համար ևս անորոշ է, բայց վստահ եմ՝ այն ևս արդյունավետ կլինի և ապագաս կառուցելու նոր հնարավորություններ կընձեռի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *