Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Բլոգի սիրելի´ այցելուներ, բուհում այս օրերին ամփոփիչ ատեստավորման են մասնակցում բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները։ Մենք, իհարկե, ուշի-ուշով հետևում ենք ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացին, հաճելի բացահայտումներ կատարում, զրուցում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ու անդամների հետ, բարձր առաջադիմությամբ աչքի ընկածների մասին հետաքրքրվում դեկանատներից։

Այս շարքով, կերտելով ավարտական կուրսի ուսանողների փոքր դիմանկարներ՝ մեծ ապագայի նախաշեմին, բլոգի «Ուսանողներ» խորագրում կներկայացնենք ՀՊՏՀ-ն ավարտողների մտքերը, երազանքները, հուզումներն ու ապրումները՝ իրենց համար բախտորոշ այս ժամանակաշրջանում, ինչպես նաև համալսարանական կյանքի՝ հիշողություն դարձող վառ դրվագները։

Առիթն օգտագործելով՝ ուզում ենք հիշեցնել, որ ՀՊՏՀ բլոգը ազատ հարթակ է ստեղծագործող, շնորհալի, հաջողություններ արձանագրած և պարզապես գրելու ձիրք, ցանկություն ունեցող ՀՊՏՀ-ականների համար։  Իսկ ներկայացվող խորագրում, առաջարկվող ձևաչափով կարող են հանդես գալ ավարտական կուրսերի բոլոր ուսանողները՝ ապագայի նախաշեմին պատմելով համալսարանական կյանքի և իրենց երազանքների մասին:

Շարքի առաջին դիմանկարով փորձել ենք բացահայտել  «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտության ավարտական կուրսի մագիստրանտ Մանե Գաուդյանին։

Մանե Գաուդյան

Մանեն օրերս հաջողությամբ պաշտպանեց մագիստրոսական ատենախոսությունը՝ «Ֆինանսական ռեսուրսների ներգրավման արդի ռազմավարությունները ՀՀ արտադրական կազմակերպություններում» թեմայով, և ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները միաձայն «գերազանց» գնահատեցին։

Մաթեմատիկան ու թվերի աշխարհը Մանեն սիրել է մանկուց, դպրոցական տարիներին զգացել ճանաչողության և գիտելիք կուտակելու բերկրանքը, հետո դարձել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող և հասունանալով՝ սկզբունքներ ու համոզմունքներ է ձևավորել, որոնցով էլ առաջնորդվում է: Օրինակ՝ որևէ գործ ձեռնարկելիս պետք է այն կատարել լավագույնս ու հասցնել ավարտին, և սա վերաբերում է նաև ուսմանը:

 «Այնքան էի սիրում մասնագիտությունս, որ մագիստրատուրան ևս շարունակեցի այդ ուղղությամբ՝ ընտրելով «Կորպորատիվ ֆինանսներ», որը հնարավորություն է տալիս մասնագիտորեն աճելու, իրականացնելու վերլուծություններ, և մաթեմատիկայի հանդեպ վաղ տարիքից ծագած սերս էլ իրեն նորովի գտավ այստեղ»,- ասում է Մանեն:

Ուսումնառությանը զուգահեռ 4-րդ կուրսից սկսել է կերտել նաև իր աշխատանքային կենսագրությունը. «Ինգո Արմենիա» ընկերություն, «Հայփոստ» ՓԲԸ: «Բուհում ստացած գիտելիքներս շատ են օգնում աշխատանքում, օգնում են թե´ ավելի լավ պատկերացնելու համակարգը, թե´ առաջացած խնդիրների դեպքում լուծումներ առաջարկելու»,- ասում է ու անկեղծանում՝ նոր ծրագրեր ու նպատակներ էլ ունի. ցանկանում է ստանալ կորպորատիվ ֆինանսիստի միջազգային հավաստագիր՝ CPA, և բոլոր ջանքերն այդ նպատակին են միտված։

Մանեին ոգեշնչում է նաև արվեստը․ ստեղծագործում է՝ արձակ բանաստեղծություններում արտահայտում հոգու տվայտանքն ու կրակը, բայց ամենամեծ սերը (իհարկե, չհաշված ֆինանսները) լուսանկարչությունն է. տեսախցիկն իր հետ է ամենուր։

Մանեն անցնում է իր ճանապարհը՝ թևանցուկ իր հաջողության աստղին, ապավինելով նրան և կերտելով ՀՊՏՀ-ականի մի նոր լուսավոր դիմանկար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *