ՖԻՆԱՆՍԻՍՏ ԴԱՌՆԱԼԸ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒ ՃՇՄԱՐԻՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է․ ՍՐԲՈՒՀԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս Սրբուհի Իսրայելյանի հետ է։ Սրբուհի Իսրայելյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, մագիստրոսական կրթությունը ևս շարունակել է ՀՊՏՀ-ում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ։ Ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը։ 2017 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է տնտեսական զարգացման, ֆինանսական խորության, աղքատության կրճատման հետ կապված խնդիրները։

ՀՊՏՀ-ում դասավանդում է «Կորպորատիվ ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսների արդի հիմնախնդիրները», «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ», «Արժեթղթերի շուկա», «Ներդրումների կառավարում» առարկաները։

Սրբուհի Իսրայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողների հետ հարաբերությունների, մասնագիտական աճի և այլ հարցերի շուրջ։

– Յուրաքանչյուր հին ու նոր տարվա սահմանագլխին ցանկություն է առաջանում հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին՝ իմաստավորելու և արժևորելու անցնող տարին։ Ինչո՞վ է աչքի ընկել 2021 թվականը Սրբուհի Իսրայելյան երիտասարդ գիտնական-դասախոսի կյանքում, ի՞նչ հետագիծ է թողել գիտամանկավարժական գործունեության մեջ։

– 2021 թվականը հոգեբանական առումով եղել է շատ ծանր տարի, որովհետև 2020 թ․ պատերազմի հետևանքներն սկսել եմ առարկայացված տեսնել։ Այդ ամենն իմ մտքում ստեղծել է մեկ գաղափար․ յուրաքանչյուրս պետք է դառնանք ավելի ուժեղ, ավելի պատասխանատու ու պահանջկոտ մեր գործունեության նկատմամբ, պետք է կատարելագործվենք ու մեր առավելագույն հնարավորությունները գործադրենք ավելի ուժեղ պետություն ունենալու համար։ Այդ իսկ պատճառով, 2021 թ․ սկսել եմ շատ ավելի մեծ ջանքով աշխատել դոկտորական ատենախոսության և մասնագիտական աճի վրա ու գիտական, մասնագիտական գործունեության հետ կապված՝ երեք մեծ նպատակ եմ սահմանել։ Հույս ունեմ՝ կհաջողեմ և 2022 թ. ավարտին կկիսվեմ արդյունքներով։

– Սովորաբար մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ է լինում ծնողների կարծիքը կամ տրամադրվածությունը, ընտանեկան ավանդույթը, երբեմն նաև՝ սիրելի ուսուցչի խորհուրդը։ Ձեր պարագայում ի՞նչն է բախտորոշ նշանակություն ունեցել։

– Անկեղծ ասած, դպրոցական տարիներից հակված էի մի քանի մասնագիտությունների՝ բժիշկ, մաթեմատիկոս, տնտեսագետ։ Բայց ավելի հակված էի դառնալ բժիշկ։ Ճակատագրի բերումով, ընտանիքի տնտեսագետ բարեկամի հետ մասնագիտական կողմնորոշման մասին զրույցը և ծնողներիս խորհուրդը վճռորոշ դեր խաղացին մասնագիտության վերջնական ընտրության հարցում։ Արդեն ավարտական դասարանում հստակ նպատակ էի դրել դառնալ ֆինանսիստ։ Այժմ ընդունում եմ, որ դա եղել է իմ կյանքի լավագույն ու ճշմարիտ որոշումներից մեկը։

– Ոչ վաղ անցյալում Դուք էլ ուսանող եք եղել։ Փոխվե՞լ են ուսանողների հայացքներն ու մտածելակերպը, տարբերություն տեսնո՞ւմ եք Ձեր սերնդի և ներկայիս ուսանողության միջև, ինչպե՞ս է դա արտահայտվում։

– Չնայած ներկայիս ուսանողների և իմ տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ, այնուամենայնիվ, այսօրվա ուսանողն էապես տարբերվում է «իմ ժամանակների ուսանողից»։ Այսօրվա ուսանողներն ավելի ինքնավստահ են, պահանջկոտ, ազատամիտ, ավելի շատ են ձգտում ֆինանսապես անկախանալ ծնողներից, սակայն, ցավոք սրտի, գիտնական դառնալու նրանց ձգտումը նվազել է։

– Իսկ ի՞նչն է դրա պատճառը, ինչո՞ւ են Հայաստանում երիտասարդները հրաժարվում զբաղվել գիտությամբ։

– Ուսուցչի, դասախոսի, գիտնականի դերը շատ մեծ է հասարակությունների ու պետությունների զարգացման գործում: Գիտելիքը մարդկային կապիտալում ամենամեծ ներդրումն է, և բազմաթիվ հետազոտություններ են ապացուցել կրթության մակարդակի ու տնտեսական զարգացման միջև դրական կապը։ Եթե անդրադառնանք վիճակագրությանը և պատմությանը, ապա կտեսնենք, որ հաջողել են այն երկրները, որտեղ բարձրացրել են կրթության և ուսուցչի, դասախոսի, գիտնականի դերը և որտեղ պետության կողմից գիտության ոլորտի ֆինանսավորման կշիռը մեծ է ՀՆԱ-ում։

Կարծում եմ՝ Հայաստանում երիտասարդները չեն ձգտում զբաղվել գիտությամբ՝ գիտնականի, դասախոսի, ուսուցչի վարձատրության ցածր մակարդակի պատճառով։ Մասնավոր հատվածում, որտեղ աշխատանքի վարձատությունն ավելի բարձր է, գիտության ֆինանսավորումը քիչ է. մասնավոր հատվածում գիտնականը լուծում է մասնավորի շահից բխող կոնկրետ խնդիր և, նման պարագայում, գիտությունը, ընդհանուր առմամբ,դժվար է «առաջ շարժվում»։ Իսկ պետական հատվածում ավելի մեծ ընդունակություններ ունեցող մարդիկ խուսափում են զբաղվել գիտությամբ, ինչպես նշեցի, ոչ մրցունակ վարձատրության պատճառով. մրցունակ չէ արտասահմանում նույն գործունեության հետ և ՀՀ-ում այլ գործունեությամբ զբաղվելու հետ համեմատած։

– Կրկին վերադառնալով ուսանողության թեմային. հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն են եղել Ձե՛ր ուսանողական տարիները։

– Իմ ուսանողական տարիները եղել են արդյունավետ, հետաքրքիր և ուսումնական առումով ծանրաբեռնված։ Այդ տարիներին չկային ինֆորմացիա ստանալու այսքան մեծ հնարավորություններ, երկար ժամանակ էի անցկացնում գրադարաններում՝ որևէ գիրք բառարանով թարգմանելու և դասախոսությունների սղագրությունները «վերծանելու» վրա։ Այդ ամենի հետ մեկտեղ, ունեցել եմ հիանալի ուսանողական ընկերներ, որոնց հետ մասնակցում էինք մշակութային միջոցառումների։  

– Հե՞շտ է համատեղել գիտական աշխատանքը մանկավարժական գործունեության հետ։

– Կարծում եմ՝ այս երկուսը սերտ փոխկապակցված են, ու դրանք համատեղելը անհրաժեշտություն է։ Մանկավարժական որակյալ գործունեությանը նպաստում են  գիտության հետ համընթաց շարժվելը և գիտության մեջ խորանալը։ Այլ խնդիր է ժամանակի բալանսավորումը. որակյալ մանկավարժական գործունեության կազմակերպումը ժամանակատար է։  

– Ֆինանսների ամբիոնի կազմը բավականին մեծ է և, ըստ էության, երեք սերնդի դասախոսներով է համալրված։ Հաճա՞խ եք խորհուրդ հարցնում Ձեր ավագ գործընկերներից և լինո՞ւմ է, արդյոք, հակառակը՝ երբ Ձեզնի՛ց են խորհուրդ հարցնում։

– Ավագ գործընկերներից հաճախ եմ խորհուրդ հարցնում ոչ միայն մասնագիտական հարցերի, այլ նաև ուսանողների հետ շփվելու, դասընթացը կազմակերպելու և վարելու վերաբերյալ։ Փորձի փոխանակումը մասնագիտական աճի ամենալավ միջոցներից մեկն է։

– Արտասահմանյան բազմաթիվ երկրներում եք եղել՝ Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Բելգիա… Այդ ճամփորդությունների ընթացքում ո՞ր երկրից եք  ամենավառ տպավորությունն  ստացել՝ մշակութային, պատմական, կրթական առումներով:

– Իմ այցելած բոլոր երկրներից հեռացել եմ վառ տպավորություններով։ Բոլոր երկրներն էլ առանձնահատուկ են, և դրանք միավորում է պատմամշակութային արժեքների ու կանաչ գոտիների նկատմամբ հոգատար վերաբերմունքը։ Սակայն մասնագիտական վերապատրաստման նպատակով հատկանշական էին Կոշիցե և Ամստերդամ այցերը, որոնց ընթացքում ծանոթացել եմ տեղի կրթական ծրագրերին ու դասավանդման ժամանակակից մոտեցումներին։ Փորձում եմ դրանք կիրառել դասավանդման մեջ ու դարձնել գիտական քննարկումների առարկա մեր գործընկերների շրջանում։

– Իսկ ո՞րն է Հայաստանում Ձեր սիրած անկյունը։

– Հայաստանի բոլոր անկյունները ինձ համար սիրելի են, սակայն իմ ամենասիրած  և ամենահարազատ, ամենաջերմ ու տաքուկ անկյունը իմ ծննդավայրն է՝ Մարտակերտը։

Ձեզ հրավիրում եմ այցելելու Մարտակերտ և տեսնելու Արցախի սահմանամերձ, ամենահյուսիսային ու ամենագեղեցիկ քաղաքը։

– Շնորհակալություն։

Լուսանկարները՝ Սրբուհի Իսրայելյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *