ՀՊՏՀ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ՀԱՐԹԱԿԻ` ԲԼՈԳԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
Բլոգը ազատ հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է դառնալ հեղինակ և հրապարակել իր հեղինակային կամ իր կողմից խմբագրված նյութերը, եթե այն համապատասխանում է «Բլոգի վարման էթիկայի ու բարեվարքության կանոններին և պայմաններին»:
«Բլոգի վարման էթիկայի ու բարեվարքության կանոնները և պայմանները» վարքականոնը մշակման փուլում գտնվող փաստաթուղթ է, որի նպատակն է բլոգի բովանդակության կերտման ընդհանուր մշակույթի սահմանումը:
ԲԼՈԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Բլոգի բովանդակության կերտումը` հեղինակի ու մեկնաբանողի կողմից հիմնված է երկու հիմնական սկզբունքի վրա`
- Առաջնային են գաղափարները. գաղափարները, եթե դրանք համամարդկային են, արդիական ու օգտակար մեր հասարակության, բուհի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ու աշխատակազմի համար, պետք է լինեն բովանդակությունների կերտման առանցքում: Այդ գաղափարներն են, որ միավորելու են մարդկանց նախագծերն ու աշխատանքները, ծրագրերն ու այլ միջոցառումները պլանավորելիս, կազմակերպելիս, իրականացնելիս: Եթե կա նոր գաղափար կամ առաջարկ, ապա բարի գալուստ Բլոգ:
- Հանուն և ոչ թե ընդդեմ. կարևոր է բովանդակության կերտման առանցքում թողնել գաղափարը, գաղափարներն ու մարդկանց պետք է միավորել հանուն ինչ-որ բանի, ոչ թե ընդդեմ: Այս համատեքտում շատ կարևոր է բլոգի հեղինակների ու մեկնաբանությունների մասնակիցների տրամադրվածությունը: Մենք խրախուսում ենք առողջ բանավիճելու ու քննադատելու ինստիտուտը, իսկ ատելությունն ու անձնական վիրավորանքը տեղ չունեն այս հարթակում:
ԲԼՈԳԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
- Չենք անդրադառնում քաղաքականությանը: Բլոգը ՀՊՏՀ ոչ պաշտոնական տեղեկատվական հարթակն է, իսկ Բուհը` ապաքաղաքական կառույց է, ուստի շատ կարևոր են նման սահմանափակումները:
- Արգելվում է կրոնական, ռասսայական կամ այլ խտրականություն քարոզող բովանդակությունը:
- Արգելվում է հրապարակել անձնավորված, թիրախավորված ու այլոց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող բովանդակություն: