Աշնան մեղեդի լուսանկարների մրցույթ

ՀՊՏՀ-ում նոյեմբերին անցկացվեց «Աշնան մեղեդի» լուսանկարչական մրցույթը: Մասնակցության հայտ ներկայացրած երկու տասնյակից ուսանողներից լավագույնը ճանաչվեցին 3-ը: Մրցույթը հանդիսավորությամբ ամփոփվեց դեկտեմբերի 19-ին՝ ՀՊՏՀ մեծ դահլիճում:Առաջին տեղը զբաղեցրեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Տիգրանուհի Աբրահամյանը, երկրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Բաղդասար Աճեմյանը, երրորդ տեղը՝ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Թամարա Խուրշուդյանը: Մրցանակակիրները ստացան հավաստագիր և դրամական պարգև (1-ին տեղ՝ 50.000 դրամ, 2-րդ տեղ՝ 30.000 դրամ, 3-րդ տեղ՝ 20.000 դրամ): Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր մասնակիցների լուսանկարները:

« 4 of 4 »

2019 թվականի վերջին ֆանտաստիկ հանդիպումը ՀՊՏՀ-ում

Ինչպես գիտեք դեկտեմբերի 20-ի ՀՊՏՀ-ում հյուրընկալելու ենք Ռուբեն Վարդանյանին: Թեման լինելու է` Ինչպես 21-րդ դարում 20 տարի նախապես պլանավորել սեփական կյանքը :

Թեման ուղակի առնչվում է Ռուբեն Վարդանյանի վերջին գրքին, որտեղ

Մի հատված գրքի նախաբանից. Վերելքներով ու անկումներով հարուստ իր երկարատև պատմության ընթացքում հայ ազգը քանիցս հայտնվել է անհետացման եզրին: Այնուամենայնիվ, ի տարբերություն բազմաթիվ այլ հնագույն քաղաքակրթությունների, մենք կարողացել ենք վերապրել, և այդ
փաստն ինքնին զարմանալի է: Այսօր21-րդ դարի առաջին կեսում, մենք կրկին մոտեցել ենք բեկումնային սահմանագծին և կանգնած ենք մի ընտրության առջև, որը լրջագույն հետևանքներ է ունենալու մեր ժողովրդի համար: Մենք պետք է համեմատենք ազգի հետագա զարգացման հնարավոր ուղեծրերը և ընտրությունը կատարենք հստակորեն գիտակցելով, որ դրա համար պատասխանատվություն ենք կրում ապագա սերունդների առջև:
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող այս գիրքը չի հավակնում պատմական կամ հասարակագիտական հետազոտության դերին, չի առաջարկում այսօրվա իրավիճակի համակողմանի քաղաքական կամ մակրոտնտեսական վերլուծություն և չի տալիս ապագայի
ճշգրիտ կանխատեսումներ: Մենք ուզում ենք ընդամենը ընթերցողին ներկայացնել այն բազմամյա զրույցների ու բանավեճերի արդյունքները, որոնք վարել են հայության ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մի խումբ մարդիկ: Մեր նպատակը նախ և առաջ հանրության շրջանում երկրի ու ազգի ապագայի շուրջ լայն քննարկում նախաձեռնելն է, ապա` այդ ապագայի մեր տեսլականը, ինչպես նաև վերջին տասնյոթ տարիներին մեր նախաձեռնած զարգացման նախագծերը ներկայացնելը, որոնք կարող են կյանքի կոչել
այդ տեսլականը

Ի դեպ Ռուբեն Վարդանյանի գրքի էլեկտրոնային տարբերակը կարող էք ներբեռնել այստեղից:

Մասնակից 22

Քայլում էի աշնանային տխուր փողոցներով, շուրջս տեսնում էի մարդիկ՝ մռայլ, թախծոտ, և խորհում՝ արդյոք դարձյալ աշունն է իր տխրությունը սփռել բոլորի հոգում, թե՞ նրանց մի ուրիշ ցավ է տանջում։ Աշնանային այդ տխրության մեջ, սակայն, նշմարվում էր հոգեհարազատության մի կայծ, որը մարդկանց ստիպում էր ապրել ու շարունակել ուղին։ Ճանապարհը թվում էր երկար և անվերջանալի։ Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե հենց այդ ճանապարհն էլ բոլորի անհաջողությունների բավիղն է, որտեղ մոլորվել, խճճվել են, ու դրանից է, որ ուրախ չեն… Ժամերը սահում էին աննկատ, և ինքս էլ չզգացի, որ մութը պատել է ամբողջ երկինքը: Ճանապարհին տեսա մի մարդու, որը, փողոցի անկյունում նստած, վաճառում էր զանազան մանրուքներ: Չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ մոտեցա: Այդ զանազան իրերի մեջ աչքիցս չվրիպեցին աջ անկյունում դրված մանկական կոշիկները, որոնք կարծես խոսում էին ինձ հետ, կարծես պատմում էին իրենց դառը կյանքի պատմությունը: Պատմում էին, թե ինչպես են սպասման զոհ դարձել… Կյանքը նրանց հետ անարդար էր եղել, նրանց մատնել էր թշվառության: Նրանք ստացել էին միայն անտարբերություն, որն օրեցօր ավելի ու ավելի էր տանջում նրանց: Անցնում էին օրեր: Ամեն անգամ այդ կողմով անցնելիս ուշադրությամբ նայում էի կոշիկներին. նրանք անշարժ դրված էին աջ անկյունում. նրանք չէին վաճառվում: Նրանք միայն պատմում էին իրենց խոր ցավի, իրենց գոյության թշվառ կռվի, ամենօրյա անտարբեր անցուդարձի մասին տխուր պատմությունը…

Մասնակից 21

Կան պատմություններ, որոնք հիշելիս մի պահ քարանում ես, զարմանում՝ չհավատալով, որ դա կատարվել է քեզ հետ։ Ապա սկսում ես կյանքը այլ կերպ ընկալել։ Հիշողություններն են, որ հագեցնում են ներկան։

Երբ իմացա, որ բալիկի էի սպասում, մտքումս հազար ու մի նախապայման ունեի՝ սեռի, արտաքինի, սակայն կյանքումս այդ փուլն այնքան լեցուն էր, որ դա մղվում էր երկրորդ պլան։ Շատ էի սպասում նրան, անասելի շատ։ Աշխարհն իմն էր։ «Մայր եմ դառնալու»,- կրկնում էի անվերջ։ Բառերով չեմ կարող արտահայտել այն ջերմությունն ու քնքշությունը, երբ հասկանում ես, որ նոր կյանք ես լույս աշխարհ բերելու։ Իսկ կողքիդ երջանիկ տղամարդ տեսնելն այլ է։ Երկուսով սպասում էինք մեր հեքիաթին…

 17.10.2018

Երբ երկնային ցավերի մեջ բժիշկները տեղափոխում էին ծննդատուն, ամուսինս ու ընկերները միջանցքում ինձ էին սպասում: Այնքան հաճելի էր տեսնել նրան այդքան երջանիկ. շփոթված քայլերով առաջացավ, ձեռքս ամուր բռնեց, համբուրեց  ու ասաց, որ մեզ է սպասում։ Մինչև վերջ նրա բառերը ինձ հետ էին։ Աչքիս առաջ բժիշկներն անհանգիստ շարժվում էին, անբացատրելի ցավերի մեջ հետևում էի նրանց՝ ցանկանալով որսալ ամեն ձայն, լսել երեխայիս ձայնը։ Գիտեք՝ սա հավանաբար միակ դեպքն է, երբ երեխայիդ լացը քեզ երջանկացնում է։ Փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում։

Խելագարվում էի…

Երբ մտածում ես, որ կարող է լինել անսպասելին, սկսում ես անհույս սպասել։ Այդ անորոշության մեջ փրկություն որոնելով՝ վայրի ձայնով ամուսնուս կանչեցի։ Կարծես ձայնիս էր սպասում։ Երբ ներս մտավ, ձեռքին այն կոշիկներն էին, որոնք միասին էինք ընտրել աղջկաս համար։ Առաջին անգամ կողքիս հզոր տղամարդուն տեսա կոտրված. արտասվում էր։

Աղջիկս մահացած էր ծնվել։

Խոր հառաչանքով պատասխանեցի այն կնոջ հարցին, որ ցանկանում էր գնել կոշիկները։ Մեկ րոպե լռությունից հետո աչքերս հանդիպեցին կնոջ այլայլված հայացքին։ Հասկանալով, որ պատմությունս նրան շատ էր հուզել, մեղմ ժպտալով ասացի. «Նվիրում եմ մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»:

Մասնակից 20

Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած…

Առաջին հայացքից առանձնապես ոչ մի արտառոց բովանդակություն չպարունակող նախադասություն գնում կատարել ցանկացողի համար: Իսկ այ նման հայտարարություն տված մարդու համար գուցե այն ենթադրում է հեքիաթ թվացող երազանքների կործանում և վշտի ծով:

Իսկ ի՞նչ է այդ նախադասությունը մի երեխայի համար, որ ապրել է այն հույսով, թե մի օր ինքն էլ կկրի հայրիկի նվիրած բաղձալի կոշիկները և թեկուզ անհաստատ քայլերով կշտապի մայրիկի գիրկը՝ գրկախառնվելու և սրբելու այն աչքերը, որոնք ապրել են այդ պահը ապրելու հույսով, որն արդեն տարիների ձգվածություն ունի:

Սովորաբար նմանատիպ պահեր ապրում են մարդիկ, սակայն վաղ հասակում: Մեծ ցավ է ամփոփում իր մեջ այն պահը, երբ գիտակցում ես, որ այն, ինչ քո երազանքն էր, այ հենց հիմա հայտարարությամբ կհայտնվի մեկ ուրիշի մոտ և կբավարարի ևս մի պատահական մարդու՝  նոր, գեղեցիկ կոշիկ ունենալու ցանկությունը: Իսկ մենք այդպես էլ չենք հասկանա, որ մինչդեռ մենք անընդմեջ չենք բավարարվում նյութական իրերով, շատերը թաքուն մտածում են դրանք կրելու, օգտագործելու՝ երազանք թվացող հնարավորության մասին:

Մեր օրերում հասարակությունը կարիք ունի ոչ միայն չկրած իրերի ձեռքբերման մոլուցքով տարվելու, այլ նաև մի պահ կանգ առնելու և շնորհակալ լինելու, որ քո ունենալու և կոշիկներ կրելու ցանկությունը չի սահմանափակվում դրանք երբևիցե օգտագործելու անզոր հնարավորությամբ:

Մասնակից 19

Մի արևոտ օր քայլում էի փողոցով: Անցնելով մարդկանց կողքով` իմ ուշադրությունը գրավեց մի հայտարարություն` տպագրված թերթի ետևի մասում: Այդ թերթը կարդում էր մի ծեր մարդ: Ես խնդրեցի նրանից թերթը և կարդացի հայտարարությունը` «Վաճառվում են մանկական կոշիկներ` երբևէ չկրած»: Ներքևի հատվածում գրված էր խանութի հասցեն: Ես որոշեցի գնալ այդ հասցեով, որպեսզի ավելի մանրամասն տեղեկանամ կոշիկների մասին: Հասնելով այնտեղ` խանութի պատուհանին տեսա նույն հայտարարությունը: Մտա ներս: Այդտեղ վաճառվում էին տարբեր իրեր, դարականերից մեկի վրա այդ կոշիկներն էին: Մոտեցա աշխատողին և հարցրի, թե ինչու են այդ կոշիկները երբևէ չկրած: Աշխատողը պատասխանեց, որ մի ընտանիք պատրաստվում էր երեխա ունենալ և նախապես գնել էր կոշիկները, բայց մի օր նրանք քաղաքից դուրս են գնում, և այդ ժամանակ տեղի է ունենում ցավալի մի դեպք` նրանք ավտովթարի են ենթարկվում: Միայն կինն է ողջ մնում, իսկ երեխան ու հայրը մահանում են: Այդ ժամանակ ես հիշեցի առավոտյան ճանապարհիս հանդիպած մուրացկան երեխային, որի հագին կոշիկներ չկային. որոշեցի գնել այդ կոշիկները նրա համար: Հաջորդ օրը, տեսնելով երեխային, կոշիկները տվեցի նրան: Նա ուրախացավ՝ ասելով, որ իր համար դեռ ոչ ոք այդպիսի բան չէր արել:                                   

Մասնակից 18

Բոլորն այնքան ուրախ էին. սպասում էին փոքրիկի գալստին: Սպասում էին, որ իրենց ընտանիքը մի փոքրիկ անձ ևս համալրեր: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օրում կարող է ամեն ինչ փոխվել: Կյանքը բազմաթիվ օրերի մի շղթա է, որտեղ ամեն օրն  ունի իր նշանակությունը, որտեղ ամեն օրը կարող է փոխել մի ամբողջ ճակատագիր: Հենց այդպես էլ եղավ, այդ օրը փոխվեց ամեն ինչ: Բոլոր սպասումներն ընդհատակ անցան: Ամեն ինչ կանխորոշեց այդ ավտովթարը: Բարեբախտաբար, գոնե մայրը փրկվեց, իսկ դեռ չծնված փոքրիկը այդպես էլ չճաշակեց կյանքի համը: Ինչքա՜ն ուրախությամբ էին պատրաստվում փոքրիկի գալուստին: Արդեն փոքրիկն ուներ իր սենյակը, իր իրերը, որոնք երկար ժամանակ մնում էին իրենց տեղում: Ոչ ոք իրավունք չուներ դրանք տեղաշարժելու: Անցան տարիներ: Երիտասարդ զույգը փորձում էր մոռանալ կատարվածը և կյանքի կոչվել: Բայց հիշողությունների հորձանուտը և կորստի վախը բավական երկար ժամանակ շարունակում էին ուղեկից լինել նրանց: Որոշեցին վաճառել այն իրը, որը առաջինն էին գնել իրենց փոքրիկի համար, այն իրը, որը հիշողությունների մի ամբողջ աշխարհ ուներ իր մեջ: Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Ի վերջո հետ կանգնեցին իրենց որոշումից և պահեցին իրերը ու սենյակը: Չէ՞ որ իրերից ազատվելով՝ չես ջնջի անցյալը, չես մոռանա կատարվածը: Անցյալն անվերադարձ է, իսկ ապագան դեռ գալու է:
     Կյանքի նպատակը պետք է լինի երջանկությունը, այլապես կրակը չի վառվի բավականաչափ պայծառ, շարժող ուժը չի լինի բավականաչափ հզոր, և հաջողությունը չի լինի լրիվ: Իհարկե, ոչինչ չի մոռացվում, բայց զույգի կյանքում արդեն լուսավոր շատ կետեր կային: Իրենց փոքրիկ տղան արդեն առաջին քայլերն էր անում:

Մասնակից 17

Ես ու ընկերուհիներս քայլում էինք փողոցով, շրջում այգիներով, ու հանկարծ լսվեց ծերունու դողացող ձայնը.

  -Վաճառվում են կոշիկներ`երբևէ չկրած:

Այդ ձայնը, մեզնից անկախ, տարավ մեզ իր մոտ. ինչպես ծերունու ձայնն էր դողացող ու անվստահ,  այդպիսին էլ հենց նա էր: Հյուծված, տխուր, թախծոտ աչքերով  կանգնած էր մի քանի զույգ մանկական կոշիկների կողքին՝ կոշիկներից մեկը ամուր ձեռքում պահած: Չնայած վաճառում էր, բայց այնքան ամուր էր պահել ձեռքում, կարծես երբեք բաց չէր թողնի,  բաց թողնելու դեպքում էլ իր սրտի մի կտոր կվաճառեր, ու կտանեին իրենից կյանքում ունեցած ամենաթանկ բանը: Մենք այնքան էինք տպավորվել ծերունու կերպարով, որ  չկարողացանք զսպել մեր հետաքրքրությունը. հարցրինք, թե այդ ինչ կոշիկներ են: Մեր հարցը էլ ավելի թախիծ իջեցրեց ծերունու տանջված դեմքին, նա խոր հոգոց հանեց, նայեց մեզ, ժպտաց դառը ժպիտով ու պատասխանեց.

  -Ա՜խ, որքան եմ երազել այս կոշիկները չվաճառելու մասին, տարիներ շարունակ պահել եմ տանս ամենաապահով անկյունում, որ միշտ նոր ու գեղեցիկ մնան, որ երբ ծնվի մեր փոքրիկ խրճիթին լույս ու ուրախություն տվողը, մեզ երջանկացնողը, հագցնեմ փոքրիկ տոտիկներին ու սովորեցնեմ քայլել, քայլել հստակ ու հպարտ, քայլել այնքան հստակ, որ ոչ մի դժվարություն ծնկի չբերի բալիս: Ա՜խ, եթե իմանայիք` որքան անքուն գիշերներ եմ աղոթել, որ այս կոշիկները առանց տիրոջ չմնան, որ լսվի մանկան ճիչը մեր առանց այդ էլ տխուր տնակից:

Ծերունին հուզել էր բոլորիս, բայց մեզնից շատ հուզվել էր հենց ինքը. արցունքները հոսում էին աչքերից. ինչքան դառնություն ու  ցավ կար նրա սրտում՝ մենք զգում էինք: Մի քանի րոպե լուռ էինք  և՛ մենք, և՛ նա, հետո լռությունը խախտեց մի փոքրիկ երեխա, որ ոտաբոբիկ մոտեցավ մեզ ու խնդրեց մի քանի մետաղադրամ, որ հաց գներ, քաղցած չմնար: Ծերունին առանց մի վայրկյան տատանվելու վերցրեց ամենագեղեցիկ, գունավոր կոշիկը ու հագցրեց փոքրիկի սառած ոտքերին: Փոքրիկի ուրախությանը չափ չկար. աչքերը փայլում էին վառ աստղերի նման: Նա գրկեց ծերունուն ամուր-ամուր ու շնորհակալություն հայտնեց: Անցան օրեր, ամիսներ. ծերունու ձայնը էլ չէր կանչում մեզ, բայց մի օր կրկին զբոսնում էինք ու տեսանք ծերուկին՝ ամուր բռնած այն փոքրիկի ձեռքը, ում նվիրեց իր երազանքների բալի կոշիկը: Ծերունին փոխվել էր. ավելի ուրախ էր ու երջանիկ, նույնն էլ՝ փոքրիկը: Մենք մոտեցանք մեր բարի ընկերներին: Ամեն ինչ պարզ էր արդեն. ծերուկը բոլոր կոշիկները նվիրել էր փոքրիկին, իսկ փոքրիկն էլ լցրել էլ ծերուկի սիրտը անափ ուրախությամբ. նրանց խրճիթը լուսավորել էր հենց այդ  ՀՐԱՇԱՄԱՆՈւԿԸ…

Մասնակից 16

Վաճառում են մանկական կոշիկներ, երբևէ չկրած…

Տարիներ են անցել, բայց չեմ կարողանում մոռանալ այս նախադասությունը:

Մի օր արթնացա շատ բարձր տրամադրությամբ և որոշեցի դուրս գալ զբոսնելու:

Հանկարծ նկատեցի մի փոքրիկ տղայի, որը հազիվ հինգ տարեկան լիներ: Այնքան տխուր աչքեր ուներ, այնպես մտամոլոր էր երևում, որ չգիտես ինչու ցանկություն առաջացավ հետևելու նրան, տեսնելու՝ ուր է գնում, ինչու է միայնակ. գուցե  մոլորվել էր, կորցրել ծնողներին կամ փախել տնից: Սրտիս ձայնին լսելով՝ գնացի նրա հետևից:

Փոքրիկը նստեց մի նստարանի, հանեց մի քանի զույգ կոշիկներ, թուղթ ու գրիչ և սկսեց նայել շուրջբոլորը. կարծես փնտրում էր ինչ-որ մեկին: Որոշեցի մոտենալ: Հարցրի անունը, տարիքը, փորձեցի հասկանալ՝ ինչու է մենակ, ուր են ծնողները, որտեղ են ապրում, սակայն ոչ մի հարցի պատասխան չստացա: Ինձ տվեց թուղթն ու գրիչը և խնդրեց, որ գրեմ. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ  չկրած»:

Խնդրանքը կատարելուց հետո ամեն կերպ փորձեցի պարզել նրա իսկությունը, հասկանալ այդ քայլի դրդապատճառները և այն, ինչ իմացա, սրտի կսկիծով եմ հիշում հիմա:

Փոքրիկի եղբայրը հիվանդ էր, ծանր հիվանդ, ընտանեկան վիճակը, ինչպես հետո իմացա, այդքան էլ լավ չէր: Երեխան  այդ օրը դուրս էր եկել տնից առանց ծնողներին զգուշացնելու՝ թաքուն վերցնելով ծննդյան առթիվ նվեր ստացած կոշիկները, ու եկել այգի, որպեսզի վաճառի ու այդ գումարով եղբոր համար դեղեր գնի, որ մի փոքր մեղմացնի նրա ցավերը:

Տեղեկանալով այդ ամենի մասին՝ դիմեցի ծանոթ ու անծանոթ մարդկանց, և փորձեցինք օգնել փոքրիկի ընտանիքին:

Այժմ հիվանդ երեխան  ապաքինվել է՝ շնորհիվ փոքր եղբոր, որը, այդքան փոքր լինելով, միևնույն ժամանակ այնքան հասուն է, որ նույնիսկ լիովին չհասկանալով իր քայլի լրջությունը՝ փոխեց ամեն ինչ: Ոչ միայն օգնեց եղբորն ու ընտանիքին, այլև օգնեց ինձ ու այն բոլոր մարդկանց, որոնք տեղյակ են այս պատմությունից:

Այլ է զգացողությունը, երբ գիտակցում ես, որ քո ձեռքով գրված փոքրիկի միտքը կարողացավ փրկել կյանք…

Մասնակից 15

Դեժավյու, թե՞…

Աշխարհում չարիք են համարվում թրաֆիքինգը, ահաբեկչությունը, թմրամոլությունը, հարբեցողությունը, քաղցկեղը, զանգվածային ոչնչացման զենքերը, մասնավորապես կենսաբանական զենքը, որոնք դառնում են իսկական սպառնալիք ու իրական զենք հենց դրանք կիրառողների դեմ՝ չթողնելով անգամ այդ գործողներին մտածել, որ գոյություն ունի «կյանքի բումերանգ» էֆեկտը։

***

Միջանցիկ քամին խփում էր պատուհանին, փեղկերը բացուխուփ անելով՝ հարվածում մերթ աջ, մերթ ձախ։ Կարծես տանը ոչ ոք չկար, երբ բացարձակ լռության մեջ լսվեց խուլ հևոց։ Հղի կինն էր վազում աստիճաններով, բայց փոքրիկը չէր կարող իր հետ համընթաց վազել. դանդաղում էին քայլերը։ Ի վերջո, հասնելով պատուհանին արագորեն փակեց այն, ասես մի ծանր բեռ ընկներ ուսերից։ Ձեռքերով հետ տարավ գզգզված մազերը, բարձրացրեց իրերը, մարդկային ափի մեջ առավ փոքր-ինչ վախեցած դեմքը։ Յուրահատուկ ջերմություն իջավ դողացող սրտին, երբ ամուսնու տաք ու հոգատար ձեռքերը ծածուկ գրկեցին կնոջը՝ նրբորեն շոյելով կլորացած փորիկը։ Զարհուրած հայացքը լցվեց սիրելիի  ժպտուն աչքերի փայլով։ Կատարյալ երջանկություն էր։

Ոմն բժիշկ Սահակյան, որ կարծես գիտեր ամեն պահին ճիշտ կողմնորոշվել և իրավիճակում նույնչափ ճիշտ փարատել դիմացինի ցավերը. հզոր ու գիտատեխնիկական մեծ առաջընթաց ապահովող մեգակլինիկայի հիմնադիր-տնօրեն։ Բժիշկն այժմ միայն մեկ նպատակ ուներ, որը գուցե այդքան էլ հասկանալի չէր և կասկածի առիթներ տվող որոշում էր, բայց դա մեծ և նպատակային կոշիկների արտադրություն ապահովող, մեծ մասամբ բարեգործական հիմքեր ունեցող գործարանի ստեղծումն էր։ Այդ գործարանի ֆինանսավորումն ապահովելու համար լաբորատորիայում կատարվող հույժ գաղտնի փորձարկումները պիտի տային որոշակի արդյունք, որոնց վրա գիշեր-ցերեկ համախոհների հետ աշխատում էր բժիշկը։ Նպատակի մի մասն էլ այդքան սպասված երեխային բացարձակապես ամենալավ ապագա ժառանգելն էր, անհոգ և մտազերծ մթնոլորտ ստեղծելը։ Իր ցավերն ու մտքերն էլ թոթափվում էին կնոջ գրկում, միակ հանգիստ և խաղաղ վայրում՝ սիրաշատ տանը։

Քիչ բան կարելի էր իմանալ բժշկի մասին. նրա կյանքն ասես շքեղ ու խորհրդավոր պալատ լիներ՝ դրսից կատարյալ թվացող, բայց ներսից դատարկ զնգացող պատերի ամբողջություն։ Ծանր մանկություն էր ունեցել, տառապել, տանջվել կյանքի հարվածներից, բազմիցս հրաժարվել այլևս շնչելուց, բազմիցս սողացել բարձրանալու ակնկալիքով, բազում անգամներ ծնկաչոք անցել քարոտ ու փշոտ ուղիներով։ Շատ են խղճացել, շատ են կոտրել, բայց դա նրանց չի հաջողվել։ Կնոջ հետ ծանոթացել էր փորձությունների շրջանում. միասին են անցել շատ իրավիճակներ, և գուցե դա էր հենց նրանց ամուր սիրո գրավականը։ Երբ բժշկին ուղղում էին այն հարցը, թե ինչպես է հասել այս մակարդակին, ինչպես է որբանոցի փողոցներից ճանապարհ հարթել կատարյալ կյանք, ճանաչում, համբավ ստացել, որն է եղել հաջողության կարգախոսը, նա ժպտում էր՝ հայացքը թաքցնելով, քթի տակ մրթմրթում ինչ-որ բան, շրջանցում ու կարճ պատասխանում. «Ես կարող եմ ձեզ պատմել երկրորդ, երրորդ, տասներորդ կամ ունեցածս ողջ մնացյալ միլիոնների մասին, բայց ոչ առաջինի»։

Թերևս այսքանը…

Ամիսներ անց շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան, դրվեցին գործարանի կառուցման հիմքերը, բայց նոր մոլուցք էր ի հայտ եկել՝ անընդհատ հարստություն կուտակել. գործարանի գաղափարը տարօրինակ ու կայծակնային անցումներ էր մտցրել նրանց բնականոն կյանքում։ Կինն էլ զգում էր անբացատրելի սառնություն, բայց այս անգամ ոչ քամուց։ Անցնող-դարձող օրերի հետ ավելի ու ավելի էր աճում այդ անվերջանալի հեռավորությունը։

     Մի օր էլ գլխացավից ուշքի չէր գալիս կինը, փորձում էր ամեն կերպ ասել ամուսնուն, որ այլևս չի դիմանում, ինչ-որ բան այն չէ իր հետ։ Սաստկանում էր իրավիճակը, և օգնություն էր պետք։ Սակայն բժիշկը դուրս եկավ, ինչ-որ դեղեր շպրտեց սեղանին, հրեց կնոջն ու խնդրեց դրանց ձեռք չտալ, շուտով կվերադառնա ու մոլագարի պես դուրս ցատկեց։ Ցավից գրեթե ուշագնաց եղած կինը ձեռքը մեկնեց դեղերին, գլխացավի համար նախատեսված տուփը վերցրեց և ագահաբար կուլ տվեց…

     Օրեր անցան…

Կնոջ ու չծնված երեխայի շիրմաքարի գլխին լուռ ու գլխիկոր կանգնած էր բժիշկը… Վե՞րջ, այո’, վերջ… Ամեն բան հասավ իր ավարտին։ Այն, ինչ, թվում էր, նոր պիտի ծաղկեր, հանկարծ անհետացավ, անէացավ խավարտչին լռության մեջ։

Ապրած կյանքը բաց գրքի նման անցավ աչքերի առջևով։ Երբեմնի կուտակած ողջ հարստությունը քանի-քանի այդպիսի շիրմաքարեր կշարեր, եթե այսօր այստեղ նա կանգնած չլիներ ունեցվածք «դարսելու» չարածին մոլուցքի դիմաց։ Ասում են՝ «բումերանգի էֆեկտն» ամենուր է։ Իր ստեղծած կենսաբանական զենքը, այն հաբերը, որոնք կանաչ թղթիկներով պիտի լցնեին գրպանները, դատարկեցին  ողջ սիրտն ու հոգին։ Սովորական տուփերի մեջ քողարկված այդ «զենքը» ոչ այլ ինչ էր, քան սուր դանակ սեփական ոսկորի համար։ Փրկվեցին կյանքեր անմեղների գնով։

***

Դատի ժամանակ՝ մինչ դատավճիռ կայացնելը, վերջին բառերը խոսեց.

  – Երբ փոքր էի, ինձ գլորում էին որբանոցի աստիճաններից, գլորում ու գլորվում կյանքի սանդուղքներով։ Ես կոտրված ապակու միջով էի նայում բոլոր այն անհոգ մարդկանց, որոնք անհաս երազանք էին սրտիս ու մտքիս համար։ Դաժան օրերից հետո մտքումս հազար ու մի ծրագիր էի մշակում ինձ ցավ պատճառողներին կյանքից դանդաղ հեռացնելու մասին, հազար ու մի իրագործելի ծրագիր։ Ես ուզում էի լինել լավագույն ծնողը երեխաներիս համար, քանզի գիտեի՝ ինչ է նշանակում մնալ մեն-մենակ աշխարհի դիմաց։

Ինչևէ, արդեն գիտեք։

Բայց ինձ ամենամեծ ցավը տվեցին ու մինչև հիմա տալիս են կոշիկները։ (Քար լռություն դահլիճում)։ Այո’, կոշիկները։ Հերթական փախուստի ժամանակ ամբողջությամբ ոտքերս արյունոտվել էին, մաշված կոշիկներիս մեջ ապակեծածկ զանգված էին դարձել։ Հուսակորույս վազքի ժամանակ գլուխս խփեցի փոքրամարմին տղամարդու, որն էլ, տեսնելով կոշիկներս, հանեց իրենն ու ինձ հագցրեց հագած կոշիկները, և այդ օրից ես երդվեցի հիմնել գործարան, որտեղ կվաճառվեն երբևէ չկրած կոշիկներ ( քմծիծաղ տվեց): Ես այն ժամանակ կարծեցի, թե կոշիկները կրած են վաճառվում և ուրախությունից վազելով հեռացա, հետո վերադարձա, որ հարցնեի, բայց այլևս չգտա նրան։ Եվ հիմա (ավելի բարձր ծիծաղելով և ծոծագրպանից հանելով մանկան փոքրիկ նկարազարդ կոշիկները ՝ շարունակեց), երբ բոլորդ գիտեք՝ ով եմ ես, վերցրեք սրանք և համարեք, որ երազանքս կատարվեց։ Վերցրե´ք և ամբողջ աշխարհին գոռացե´ք. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։ Գոռացե´ք ու մեղադրե´ք հրեշիս. չէ՞ որ ես իմ երազանքով սպանեցի երազանքս։

Ծիծաղեց, խփեց, կորցրեց ինքնակառավարումն ու հեռացվեց դահլիճից։

***

Վճիռ՝ գնդակահարել ոճրագործին։ (Գնդակահարել երազանքը սպանողին