Մասնակից 12

Աշուն էր: Քայլում էի փողոցով: Օդը սառն էր: Մի պահ մրսեցի, բայց շարունակեցի քայլել: Տխուր էի, մտքերով տարված: Հանկարծ նկատեցի մի աղջկա, որ նստած էր փողոցի անկյունում: Նա այնքան էլ լավ տեսք չուներ: Կողքին դրված էին նոր ու գեղեցիկ կոշիկներ: Այնտեղ, որտեղ նստած էր աղջիկը, պատին փակցված էր մի ցուցանակ, որտեղ գրված էր. «ՎաՃառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»: Ինձ հետաքրքրեց դա, և ես քայլեցի դեպի այդ աղջիկր: Մոտեցա նրան. նա ցրտից կուչ էր եկել, բայց գլուխը բարձրացրեց ու նայեց ինձ:  

 Ես մտադրություն չունեի գնելու այդ կոշիկները, բայց հետաքրքիր էր (դրանք երևի հենց նրանն էին), ինչու՞ նա չէր հագել դրանք և դրել էր վաճառքի: 

        Սկզբում հարցրի.

        -Ի՞նչ արժեն կոշիկները։

        Շփոթված պատասխանեց․

         – 7000 ցենտ:

Զարմացա, թե ինչու հենց այդքան, հետո խոստացա վճարել միայն մի պայմանով, որ նա ասեր, թե ինչու էր այստեղ և ինչու էր վաճառում իր կոշիկները: Զարմանալի էր, բայց համաձայնեց: Աղջիկը թաց աչքերով, կարծես վերհիշելով ինչ-որ բան, սկսեց պատմել.

– Մայրս հիվանդ է, հայրս վաղուց է մահացել: Ես ու մայրս ապրում ենք մենակ: Մայրս աշխատում էր և հազիվ էր հոգում մեր կարիքները, բայց, ցավոք, նա հիմա հիվանդ է: Վերջերս ինձ համար կոշիկներ էր գնել՝ կուտակած մի փոքրիկ գումարով: Բայց ես որոշել էի, որ դրանք հագնելու եմ ծննդյանս օրը: Քանի որ մայրս հիվանդ է, և նրան դեղեր են հարկավոր, ես չգիտեի, թե որտեղից գումար գտնել, որոշեցի վաճառել ինձ համար այդքան թանկ կոշիկները: Գնացի դեղատուն, և պարզվեց, որ անհրաժեշտ դեղերի համար պետք է վճարեմ 7000 ցենտ: Դրա համար էլ այդքան արժեն կոշիկները:           

           Մի պահ հուզվեցի: Դժվար էր, բայց ցույց չտվեցի հուզմունքս:             

           Ես տվեցի խոստացածս գումարը աղջկան և խնդրեցի, որ կոշիկները ինձնից ընդունի որպես նվեր: Նրա աչքերը միանգամից փայլեցին: Շատ ուրախացավ․  թե՛ մայրը կբուժվի,   թե՛ ինքը կհագնի իր սիրելի կոշիկները:      

  Շատ ժամանակ է անցել այդ օրվանից, բայց մինչև հիմա հիշում եմ նրան: Սկզբում ինչքա՜ն ցավ ու տխրություն կար նրա աչքերում, բայց իմ փոքրիկ քայլից հետո այդ աղջնակի աչքերի փայլն ու դեմքի ժպիտը վերադարձան: Ինչքան քիչ բան է հարկավոր՝  ցավն ու տխրությունը ուրախության վերածելու համար:                      

   Ինձ համար չնչին մի բան, նրա համար՝ մի ողջ աշխարհ…                                                                                                                                    

Մասնակից 11

Ինչի՞ց է մեզ զրկում պատերազմը։ Ի՞նչ ենք մենք կորցնում այս դարավոր պայքարի պատճառով։ Ես կասեմ, կպատմեմ մի բախտավոր, բայց անբախտ մարդու պատմությունը։

Նա ապրում էր իր կնոջ հետ, իսկ մի քանի ամսից, ինչպես ինքն էր ասում, պիտի ծնվեր իր տան «լույսը»։ Սակայն այդ մարդը չափազանց հայրենասեր էր։ Լսելով սկսված պատերազմի մասին՝ նա որոշեց գնալ ճակատ։ Հեռանալիս նա ասաց կնոջը.

– Ես կվերակառուցեմ մեր տունը։

-Դու միշտ ես դա ասում,- պատասխանեց կինը՝ ժպիտը դեմքին։

-Ես կվերադառնամ, խոստանում եմ։ Դու ինձ կսպասե՞ս։ Դուք ինձ կսպասե՞ք։

Կինը ոչինչ չպատասխանեց։ Արցունքներն աչքերին՝ նա ժպտաց ու ամուր գրկեց ամուսնուն։

Պատերազմը տևեց ամիսներ։ Այդ մարդը տուն վերադարձավ վահանով, այլ ոչ վահանի վրա։ Նա կատարեց իր խոստումը։ Բայց… տունը դատարկ էր…

Այդ մարդը չկարողացավ նորից գրկել կնոջը, այդպես էլ չտեսավ իր երեխային, չլսեց իր «տան լույսի» քաղցր ձայնը, չվերակառուցեց տունը…

Տան սենյակներից մեկում նա գտավ մի տուփ, որին նայելով՝ աչքերն արցունքոտվեցին։ Տուփի վրա կար մի գրություն. «Տան լույսի համար»։

Տատիկս պատմում էր, որ մի քանի տարի առաջ Ազատամարտիկների փողոցով քայլելիս «Խարիսխ» խանութի դիմաց նա հաճախ էր տեսնում այդ մարդուն իր անդավաճան տուփի հետ, որը նա այդպես էլ չվաճառեց։ Տուփի վրա կար նոր գրություն. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։

Մասնակից 10

Կյանքի լավագույն պահերը անսպասելի են լինում, սակայն կյանքի ամենակարևոր ու ամենաերջանիկ պահին մենք սպասում ենք ամբողջ սրտով։ Այդ պահը քո փոքրիկ հրաշքի, այն մանկան ծնունդն է, որ կյանքիդ մռայլ գույները փոխարինում է ավելի վառ, ավելի պայծառ գույներով, նրա, ով լցնում է կյանքիդ դատարկությունը։ Երբ գրկում ես փոքրիկին, սկսում ես նրա հետ նպատակներ ու երազանքներ կապել։ Սակայն պետք չէ երջանիկ պահերին մոռանալ, որ կյանքը դառը կատակ է ու մի օր քեզանից խլում է ամեն ինչ, նույնիսկ այն հրաշքին, ում հետ դեռ երեկ երազանքներ էիր կապում։ Նա լավ գիտի, որ փոքրիկին քեզանից խլելով՝ խլում է քո կյանքի իմաստը՝ թողնելով քեզ դատարկություն։ Ու այդ պահին հասկանում ես, որ ամեն ինչ կտայիր չզգալու համար այն, ինչ զգացիր երեխային գերեզման դնելիս, երբ զգացիր, որ փոքրիկի դագաղն ամենածանրն է աշխարհում։
     Վե՛րջ, ավարտվում է ամեն ինչ։ Միայն փշրված երազանքներն ու մանկական իրերն են շարունակում ժամանակ շահել՝ փորձելով շոշափելի դարձնել այն, ինչն արդեն հիշողություն է, և սրտի մեծ ցավով որոշում ես ազատվել դրանցից, նվիրել կամ վաճառել, վաճառասեղանին էլ կարող է գրված լինել. 《ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԿՈՇԻԿՆԵՐ՝ ԵՐԲԵՔ ՉԿՐԱԾ》…
Ասում են՝ ժամանակը կբուժի բոլոր վերքերը, բայց ժամանակը վատ բժիշկ է։ Ժամանակը չի բուժում։ Այն ուղղակի վերքերը փակում է նոր կյանքի փորձի վիրակապով, բայց ինչ-որ տեղ դիպչելիս այդ վիրակապը պոկվում է, ու վերքը էլ ավելի շատ է  ցավում։

Մասնակից 9

Իր՝  սովորական  դարձրած   հերթական  օրերից  մեկն  էր։  Ծանր քայլերով մոտեցավ պատշգամբին․ բնությունը հրավիրում էր զբոսանքի։ Որոշեց  այս  անգամ  չմերժել  հրավերը և դուրս եկավ  իր  տնից։

Անցնում  էր  մտամոլոր՝ փորձելով  ազատվել  մտքերից։ Միայնակ  այդ մարդը  վաղուց էր կորցրել կյանքի հանդեպ իր հետաքրքրությունը։ Հայացքը  հաճախ  ոչինչ  չէր արտահայտում՝ բացի կյանքում իր իմաստազրկված  գոյության  գիտակցման  ողբերգությունից։ Նրան նայելիս կարող էիր  բացահայտել  իր  հոգեվիճակի  որոշ  նրբություններ, քանի որ աչքերը՝ որպես  հոգու  հայելի, արտահայտում  էին  խոր  կսկիծ  և  թաքնված  տխրություն։

Չնայած  քայլում  էր  շատ  ցրված և հաճախ  անուշադրության մատնում   շուրջը կատարվելիքը, այս անգամ  անտարբեր չանցավ  մի գրության կողքով․ «Վաճառվում են կոշիկներ՝ երբևէ չկրած»։ Մի՞թե ճակատագրի քմծիծաղն էր դա։ Մի պահ անշարժացավ  տեղում։ Զգացումները  խեղդում  էին  կոկորդը՝ պատրաստ ապստամբելու յուրաքանչյուր պահի։ Հիշողություննե՜ր․․․հիշողությունները համակում էին նրա միտքը՝ դաժանորեն անցյալ տեղափոխելով։

Նա գրկել էր իր փոքրիկին․ լույս աշխարհ էր եկել  կյանքի՝ իր  նոր իմաստը։ Հասկացավ դա, երբ իր ձեռքերի մեջ առավ նրան։ Ողջ Երջանկությունը մի փոքրիկի մե՞ջ։ Այո՛, այդպես էր։

Բայց երեխան փակել էր աչքերը։  «Մի՞թե չես ուզում բացել այն»,- աղաչում էր նրան հայրը։ Երեխան չէր շնչում, ինչպես այդ պահին հայրը։ 

Մեկ տարի էր անցել։ Նույն երջանկությամբ հիշեց, թե ինչպես էր գրկել նրան։ Ցանկացավ մանկական պարզությամբ կրկին ուրախանալ փոքրիկ ոտքերով։ Ահա և մեկ նախադասություն, բայց մի ամբողջ հոգեվիճակ․․․

Մասնակից 8

Անձրևը սկսեց վարարել, անձրևանոց չունեի. ստիպված վազեցի ու մտա առաջին պատահած խանութը: Վարդագույն պատերով փոքրիկ  խանութի ներսում գեղեցիկ շարված էին երեխաների կոշիկներ,  իսկ առաստաղից կախված ցուցանակի վրա գրված էր. «Վաճառվում են կոշիկներ՝ երբևէ չկրած»:  Տարօրինակ է, մի՞թե պետք է կրած կոշիկներ վաճառեին, այն էլ՝ մանկական: Մի քանի րոպե լուռ ուսումնասիրում էի գրվածքն ու  կոշիկները, երբ լսեցի տարեց կնոջ ձայն.

-Հանի’ր թաց բաճկոնդ, ես քեզ նորը կտամ, իսկ թեյը շուտով պատրաստ կլինի:

Մոտեցա սենյակի անկյունում դրված աթոռին.  սենյակի այդ հատվածը քիչ էր լուսավորած: Թեյը մատուցելուց  հետո այդ կինը սկսեց շոյել մազերս՝  թեթև ժպիտով նայելով աչքերիս: Սկզբում  վախեցա, բայց նրա հայացքի մեջ նշմարվող մայրական ջերմությունը ցրեց իմ բոլոր վախերը: Որոշ ժամանակ լռելուց հետո  տիկինը խոսեց.

-Ի՜նչ լավ է, որ դու կաս: Ի՜նչ լավ է, որ դու ծնվել ես: Ի՜նչ լավ է, որ քո կոշիկներն այստեղ չեն վաճառվում:

Մտքերս խառնվեցին. ի՞նչ է խոսում այս կինը, ուզում էի հարցնել, բայց չգիտես ինչու չէի կարողանում: Ապշած հայացքս տեսնելով՝ ասաց.

-Իմ աղջիկն էլ պետք է երկար մազեր ունենար. ես նրան միշտ այդպես էի պատկերացնում: Երկար ժամանակ է անցել այն օրից,  երբ ամուսինս ստիպեց ինձ հրաժարվել իմ հրեշտակից։ Նա պետք է Արևիկ անունը կրեր։ Այնքան  փոքրիկ ու գեղեցիկ կոշիկներ էի գնել նրա համար. այ նայի՛ր, դրանցից մի քանիսը այստեղ եմ պահում: 

Սենյակի կենտրոնում միանգամից աչքի էին ընկնում դեղին կոշիկները։ Դրանք դրված էին ապակե տուփի մեջ. տուփի վրա կար այսպիսի մակագրություն. «Ես Արևիկն եմ, ես չեմ ծնվել, քանի որ աղջիկ էի»:

-Իսկ ու՞մ են պատկանում մնացած կոշիկները,-հուզմունքս մի կերպ թաքցնելով՝ հարցրի ես:

-Աննային, Հասմիկին, Սոնային ու մնացած աղջիկներին: Տարեկան 1500 կոշիկ…

Անձրևը կտրվեց. խոստացա կրկին այցելել կնոջը ու շնորհակալություն հայտնելով՝ դուրս եկա խանութից:  Մտքումս միայն մի  միտք էր. «Տարեկան 1500 կոշիկ… Ինչ լավ է, որ ես կամ, ինչ լավ է, որ իմ կոշիկներն այդտեղ չեն վաճառվում»։

Մասնակից 7

Աննան երկար տարիներ աշխատում էր կոշիկի գործարանում։ Ուներ մի աղջիկ, նրա հետ ապրում էր փոքրիկ տնակում։ Ամուսինը վաղուց էր լքել ընտանիքը՝ պատճառաբանելով սոցիալական խնդիրները, քանի որ աշխատանք չէր կարողանում գտնել և գումար վաստակել կնոջը և երեխային պահելու համար։ Աննան ամեն առավոտ, արցունքն աչքերին, աղջկան ճանապարհում էր դպրոց, քանի որ երեխայի կոշիկները մաշվել էին, իսկ ինքը բավարար գումար չուներ, որպեսզի գներ և՛ սնունդ, և՛ կոշիկները կամ հագուստ։ Աշխատանքի էր գնում հույսով, որ կարող է մի փոքր գումար ետ գցել և աղջկա համար նոր կոշիկներ գնել, որ ոտքերը չմրսեն։

Ժամանակ առ ժամանակ հարևանների երեխաների հին, մաշված կոշիկներն էր բերում աղջկա համար, բայց տեսնում էր նրա նեղված դեմքը։ Փոքրիկն անընդհատ կրկնում էր, որ ուզում է իր իսկ համար գնված կոշիկները կրել, ոչ թե ուրիշ երեխաներինը։ Իսկ Աննան, ցույց չտալով իր ցավը և հուզմունքը, կրկնում էր, որ մի օր դստրիկն անպայման կունենա այն, ինչ ուզում է։

Հաճախ պատահում էր՝ երբ աշխատանքն ավարտելուց հետո գնում էր պահեստ՝ ստուգելու՝ արդյոք ամեն ինչ տեղում  է, տեսնում էր, թե ինչպես են մնացածները թաքուն մի-մի զույգ գողանում, մտածում էր՝ գուցե նրանք էլ իրենց երեխաների համար են տանում։ Իրեն էլ ստիպում էին նույնը անել, համոզում էին, թե աշխատավարձի սպասելով՝ ոչինչ էլ չի կարող ձեռք բերել։ Սակայն Աննայի ներքին ձայնը հուշում էր, որ դա սխալ է, գուցե մի տեղ մի դուռ բացվի իր համար։

Անցնում է երկար ժաանակ։ Աննան մի կերպ գումար էր խնայել դստեր ծնունդին նվեր գնելու համար։ Որոշել էր մի զույգ գեղեցիկ կոշիկներ նվիրել։ Երեկոյան՝ տուն գնալիս, երկու երիտասարդ հարձակվում են նրա վրա, փորձում խլել պայուսակ և գումար։ Երբ տեսնում են, որ կինը ոչինչ չունի, խլում են տուփով կոշիկները։ Աննան պայքարում էր մինչև վերջին ուժերը, ամեն կերպ փորձում էր պահել դստեր համար ամենաթանկ նվերը՝ մորից։ Երիտասարդները առանց խղճալու նրան, վերցնում են կոշիկները և փախչում։ Աննան հուսահատված նստում է խոնավ գետնին և մտածում, թե ինչ է ասելու դստերը, ուր են նրա այդքան երկար սպասված կոշիկները։

Վերջապես հասնում է տուն, նայում երեխայի՝ սպասելիքներով լի աչքերին և հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասում է, որ նրա համար հատուկ կոշիկներ է կարել տվել, և որ չեն հասցրել վերջացնել։ Գուցե և հենց վաղը կամ ամենաուշը մի քանի օրից պատրաստ կլինի։

Այդպես անցնում է մի քանի օր։ Աննան կարողացել էր էլի մի փոքր գումար խնայել։

Տուն վերադառնալիս տեսնում է նոր բացված փոքրիկ խանութ, որի վրա գրված էր. «Վաճառվում են մանկական կոշիկներ ՝երբևէ չկրած»։

Ուրախությունից քիչ էր մնում՝ թռվռար։ Արագ ներս է մտնում և զարմանքից քարանում։ Բոլորը այն կոշիկներն էին, որոնք գողացել էին հենց իրենց պահեստից։ Պտտվում է, հերթով ուսումնասիրում, կանգնում է մի զույգ կոշիկի դիմաց. աչքերը լցվում են արցունքով։ Դրանք այն կոշիկներն էին, որոնք նա իր տանջանքով գնել էր աղջկա համար։ Մոտենում է մի երիտասարդ և սկսում բարձր խոսել, համոզել, որ դրանք որակով են։ Կինը նայում է երիտասարդի դեմքին, ճանաչում այն տղային, որ խլեց իր ձեռքից ամենաթանկը։ Երիտասարդը նույնպես ճանաչում է կնոջը, փորձում է արդարանալ։ Աննան ոչինչ չի ասում, միայն լռում է և դուրս գալիս։

Տանը աղջկան ասում է, որ դեռ չեն պատրաստել, և պետք չէ շտապել, քանի որ ուզում է ամենալավ կոշիկները նվիրել դստերը։ Աղջիկը ուրախ գրկում է մայրիկին և ասում, որ կսպասի, ինչքան որ պետք է։

Հաջորդ օրը՝ տուն վերադառնալիս, Աննան նկատում է, որ խանութի վրայի ցուցանակը չկա, և խանութն էլ ամբողջովին դատարկ է։ Ամբողջ ճանապարհին մտածում էր, թե ինչ է պատահել։

Երբ տուն է մտնում, աղջիկը հրճվանքով վազում է ու գրկում մայրիկին, ասում, որ նա ամենալավն է աշխարհում, որովհետև նվիրել է ամենագեղեցիկ կոշիիկները։ Աննան շփոթված էր, և միաժամանակ ուրախ։ Շփոթմունքի ավելի է մեծանում է, երբ տեսնում է տուփը։ Տուփի վրա գեղեցիկ բացիկի մեջ գրված էր.«Նվիրում եմ մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։            

Մասնակից 6

Հարբածների մի տեսակ կա, որոնց սիրում եմ, որովհետև անկեղծ են։ Նրանք, կարծես խմելով, վերագտնում են իրենց կորցրած ուժերը և խոսում են բացեիբաց, ծայր աստիճան անկեղծ։ Կարծում եմ՝ այսօրվա անկեղծացողը ես եմ։

Սրանից ուղիղ քսաներեք տարի առաջ էր, երբ իմացա, որ կինս՝ Ասթինեն, ինձ երեխա պիտի պարգևի։ Անասելի երջանիկ էի։ Շուտով հայր պիտի դառնայի։ Ժառանգս պիտի ծնվեր՝ տղաս։

Հերթական ստուգման ժամանակ բժիշկը շնորհավորեց մեզ՝ ասելով, որ մեր երեխան աղջիկ է։ Ես ու Ասթինեն քարացանք։ Մենք տղա զավակ էինք ցանկանում։ Տունդարձի ճանապարհին ոչինչ չէինք խոսում։

-Ի՞նչ ես մտածում,- ընդհատեց լռությունը Ասթինեն։

Էլի ոչինչ չխոսեցի։

Մենք երիտասարդ էինք։ Մտածեցինք դեռ շատ երեխաներ կունենանք ու որոշեցինք հեռացնել պտուղը։ Կատարյալ հիմարություն էր։

Երբ ընտանիքում աղջիկ է ծնվում, ասում են, որ Աստված ցանկացել է մոր պարկեշտությունն ու առաքինությունը տեսնել նաև աղջկա մեջ։ Այսինքն՝ տեսնել կնոջ բարոյական վերածնունդը։ Մենք հրաժարվեցինք մեր աղջկանից, որովհետև ուզում էինք, որ տղա ծնվեր՝ հարգանք, պատիվ ու ազնվություն ունեցող ժառանգ։

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»: «Ես չծնվեցի, ծնողներս ինձ չտեսան, բայց միշտ հիշելու են»: «Ես չծնվեցի, որովհետև աղջիկ էի, չծնվեցի՝ որովհետև առաջնեկը պետք է տղա լինի»: «Ես չծնվեցի, որովհետև չէի կրելու հորս ազգանունը»: Սրանք պարզապես խոսքեր չեն. սրանք մարդու սիրտ կտոր-կտոր անելու հատկություն ունեցող խոսքեր են։

Այս ամենից անցել է արդեն քսաներեք տարի, բայց մեր ընտանիքում այլևս չեղավ ո’չ բարոյական վերածնունդ, և ո’չ էլ ծնվեց հարգանք վայելող ժառանգ։ Կիսատ մնացինք…

Երևի ամենակարևորն այս կյանքում քեզ հասկանալն է, ինքդ քեզ։ Կարևոր է, որ ինքդ քեզ հետ հաշտ լինես։ Պիտի հասկանաս, որ աղջիկ թե տղա, միևնույն է, երեխան բռնապետ չէ, որ եկել է զավթելու քո կյանքը, միայն քո մարմնի ու արյան պտուղը չէ։ Երեխան թանկարժեք գավաթ է, որը քեզ կյանքն է տվել, և որի մեջ պետք է զարգացնես ստեղծարար կրակը։

Նա իմ ու Ասթինեի ազատագրված սերն էր, որի մեջ պետք է աճեր ո’չ թե «մեր» կամ «սեփական» երեխան, այլ հոգի՜։ Բայց…

Եվ վերջին բաժակ գինին խմելով՝ ասում եմ ձեզ. Հիշե’ք, մարդի՜կ, որ աղջիկ ունենալը կյանքում լավագույնն է, որ կարող է պատահել ձեզ հետ։

Մասնակից 5

Արևոտ մի օր… խանութի ապակիների առջև վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: Այդ նույն արևի ջերմացնող շողերի ներքո մի օր մի կին փոքրիկ տղայի հետ քայլում էր քաղաքի նեղ ու անորոշ փողոցներով: Ընդամենը ժամեր առաջ նա անցնում էր նույն ճանապարհով՝ աղերսելով իրենից գնել իր ամուսնուց մնացած վերջին հուշը՝ ոչ մեծ արժողությամբ մի ժամացույց, որն իրենց սիրո խորհրդանիշն էր՝ իր սրտի մի մասնիկը: Եվ այժմ ստացած չնչին գումարով նա որդու համար կոշիկ էր փնտրում: Վերջապես հայտնվում է մի բարեսիրտ մարդ, որ օգնում է նրանց: Բայց այդ կոշիկները չէին, որ պետք է երջանկացնեին փոքրիկ տղային: Ի տարբերություն հասակակիցների՝ նա ամենևին էլ չուրախացավ՝ նոր իր ձեռք բերելու համար: Նրան հարկավոր էին լոկ իր ծնողների ներկայությունն ու առողջությունը, ժպիտը՝ արցունքների փոխարեն:

Օրեր անցան… մայրը տենդի մեջ էր՝ գամված անկողնում: Եվ ի՞նչը կարող էր առավել կարևոր ու թանկ լինել տղայի համար, եթե ոչ մոր կյանքը: Նա մի քանի օր շարունակ, կանգնած խանութի ապակիների առջև, փորձում էր վաճառել կոշիկները, այնքան ցավ, այնքան արցունք իր մեջ կլանած կոշիկները, որ չհասցրեց երբևէ կրել: Նա ջանում էր, խնդրում անցորդներին՝ չիմանալով, որ, ավա՜ղ, արդեն ուշ էր… Արևոտ, բայց մռայլ մի օր էր…

Մասնակից 4

Զգայական ազդակները շատ են։ Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն։ Երբ բանականությունը մեզ թողնում է անգիտության մեջ, ստիպված տրվում ենք պատահմունքի կամքին։ Բայց մի՞թե մենք ընտրում ենք նախապես սահմանված ընտրությունը և եթե այո, ապա ինչպե՞ս, ինչի՞ համար: Արդյոք կա՞ աշխարհում ավելի անսիրտ նկարագիր, քան մարդկային դաժանությունն է։ Ասում են՝ բառերը ոչինչ չեն փոխում, կարևոր են հայացքը, միտքը (որը խոսում է լռության մեջ), պարզ ու ջերմագին գրկախառնությունները։ Իսկ դու ի՞նչ ես կարծում. մենք կարողանում ենք ընտրել մեզ բաժին հասած հայացքներն ու ուղին։

Պատերազմի բովից թրծված գնդակներ։ Նռնակների պայթյուն։ Արնաշաղախ գետեր։ Խլացնող ձայների մեջ սպանիչ ու հարատև լռությամբ պարփակված հոգիների անեզր գերեզմանատուն։ Զինվոր լինելը պարծանք է, հերոսություն անելը՝ անմահ լինելու առաջնահերթ գրավական, բայց այ ապրելը, այնպես ապրելը, որ մարմինդ չպատվի մահացած ցավով, անհնար է։ Կարմրում էր դաշտը, կանաչը ծածկվում սևացած արյամբ։ Մի՞թե խաղաղ օրերի թռչունների ծլվլոցն ու հարազատ զինվոր ընկերների զրնգուն ծիծաղը ամոքվեցին ու ձայն բարձրացրին ագռավների շուրթերից։ Մի՞թե պատերազմը ունակ է խլելու մարդկային հոգիների կարոտի տենչը։ Երիտասարդ զինվորի աչքերում ցավից կուրացած արյան բծեր էին միայն ճառագում։ Կարծես այդ օրից գծվում էր կյանքի դառնացած, անհավասար, ընտրված ճակատագրի անլույս ճանապարհը։

Ամիսներ գլորվեցին։ Արյան բծերը փոխարինվեցին սպիացած վերքերով, բայց արդյո՞ք հոգու վերքերն ունեն սպիացող բծեր։

Կներես, զինվո’ր, կոշիկները զույգով են վաճառվում։

Դրանից հետո փակվում են բոլոր խանութների դռները։ Ի՞նչ կապ ունի՝ հնամաշ ես հագնված, թե՞ նորաոճ, եթե ամենքը նայում են նրան, ինչը չունես, ոչ թե ունեցածի մակարդակին։

Ոչ մեկն անգամ չէր կարող պատկերացնել, որ կյանքի տված հեգնանքն աշխարհում հզորագույն անեծքն է։

Ամուսնացավ… Սպիացած վերքերը փոխարինվեցին չջնջվող հիշողություններով։ Կյանքի նոր բերկրանքով լցվեցին մեռած հոգում ապրող սերմերը։ Ի՞նչը կարող է հանդիսանալ գոլորշիացած գոյության նոր սկիզբը։ Իհարկե երեխան։ Այն մանուկը, ում կփորձես տալ այն ամենը, ինչը չես ունեցել, ինչը խլել են քեզանից, ինչը երազանք է դարձել քեզ համար, ինչը պիտի նպատակ դառնա ու իրագործվի։ Բայց արդյո՞ք հնարավոր է այդ սև խոռոչն անմիջապես մաքրել։

Տարիներով բուժվելուց հետո զույգը կորցրեց երբևէ այդ անգին պահը զգալու հույսը։Փոքրիկ սաղմն անգամ չէր ձևավորվում, եթե ձևավորվում, ապա չէր զարգանում, ամեն անգամ կոտրում Աստծուն հավատալու հնարավորությունը։ Չէ՞ որ պիտի բացվեին այն փակ դռները, որոնք խլեցին կոշիկները կամ գուցե ոտքերը։ Ամեն անգամ ցուցափեղկից էին նայում անհաս երազանք դարձած կոշիկներին։ Այդ դռների հետ միասին բացվեց հույսի դուռը։ Հազար անգամ կորցնելուց հետո պարգև եղավ։ Զինվորական համազգեստով, կարծես ժամանակի մեջ հետ գնացած ու արյան բծերով լցված աչքերն արցունքախեղդ լինելով՝ բացեց մշտապես «կողպեք» կրող այդ խանութի դռները։ Գուցե անցորդները ծիծաղեին, չհասկանային, չզգային, թե ինչու էր լալիս հասուն զինվոր տղամարդը։ Ինչևէ… Գնվեցին կոշիկները, մանկական առաջին խորհրդանիշը։

Սպասում… Դողացող ձեռքեր, անհանգիստ սրտի թրթիռներ։ Ո՜նց են գոռում ծնվող երեխաները, ո՜նց են ուրախանում այդ ճիչերից, բայց ու՞ր է այն ճիչը, այն հերոսի զավակի գոռում-գոչյունի, ու՞ր է հերոսը։ Ահա, կարծես թե լսվեց, լսվեց այդ հրաշքի ձայնը։ Ոտքերը թուլանում էին, էլի ու էլի լսելու անհագ ծարավ էր զգացվում։ Բայց… Ինչո՞ւ լռեց մանկան ճիչը, ինչո՞ւ այդ ձայնը փոխարինվեց մեծահասակների պատերազմական ձայներով։ Ի՞նչ էր կատարվում։ Ինչո՞ւ էին գոռում։ Մի՞թե իրոք մարդկային դաժանությունը սահման չունի։ Ինչպե՞ս կարող էր երջանկությունը խելագարության հասցներ նորածնի մորը։ Ինչպե՞ս կարող էին մայրական ձեռքերը խեղդել սեփական երեխային, այդքան սպասված լույսի հույսին։ Վայրի գազանն անգամ ատամներով պաշտպանում է ձագին, իսկ մարդ արարածը տարբերվում է նրանցից ոչ թե բանականությամբ, այլ նրանով, որ բարձրակետ է. մարդուց սարսափելի կենդանի չկա։

Փողոցները մաշելով ՝ քայլում էր գլխիկոր։ Առաջին անգամ երազում կյանքին նայել ուրիշ աչքերով ՝ անցորդի, անծանոթի, իմ ու քո աչքերով։ Երազանքն աշխարհ դարձավ, բայց ով գիտեր, որ երազները հեքիաթներ են ծնում, ու նրա մեղավոր աչքերում անցորդներն են դառնում ուրիշ։ Մի մաշված գլխարկ այդպես էլ մնաց գետնին, քանզի հեքիաթում վաղուց չկար տերը գլխի, և գլխարկը մաշվեց գետնին, ոչ թե գլխին… Իսկ կոշիկնե՞րը։ Այն մանկան ապակե կոշիկները, որոնք սառցակալում էին զինվորի բռան մեջ։ Կրկին այն բացուփակ խանութի ցուցափեղկն ու կրկին արնաշաղախ աչքերը… Չծնված երեխաների եղելությունը։

Վաճառվում են մանկական կոշիկներ ՝ երբևէ չկրած։

Այո’, վաճառել ու ոչինչ չասել։ Կյանքը լուռ է սպանում և, ի վերջո, սարսուռ ու դող է անցնում այն պահից, երբ փորձում ես հասկանալ դեռևս չծնված երեխայի ընտրության ճիչը, որը դառնում է ճիչ այդ գոռոցը չլսող ցանկացած էակի համար։

Որքան հակիրճ, բայց բոլոր հարցերն ու պատասխաններն իրար խառնող ու կարծես չթրթռացող սրտից բոցի պես վառվող անկրակ մոխիր են դառնում բառերի այս կծիկը. վաճառվում են մանկական կոշիկներ… Այնպես է, որ երբ փոքր ենք, մեզ մեծ ենք երևակայում, հետո մեծանում ու կորցնում երևակայությունը, բայց ոչ հիշողությունը։ Գոյություն ունեն կյանքի դասեր, որոնք ապրում են մեր մեջ։

Վաճառվում են…. Կոշիկներ…

Մի՞թե կյանքում ամեն բան այդ անիծյալ կոշիկների մեջ կարելի է տեղավորել և նույնիսկ այս տիեզերքն ու մարդկային հոգիները։ Պարզվում է, այո’։

Մարդն այս կյանքում հետքեր է թողնում՝ ոտնահետքից մինչև պատմական անանց հետքեր, և ոչ մի հետք չի կարող մաքրվել, եթե նույնիսկ մեզանից մեկը փորձի մեռնելով շունչ տալ մյուսի մեռած հոգուն։

Բայց և ահա, ինչով վերջացավ այս պատմությունը։

– Պարո’ ն, նշում եմ ոսկե հարսանիքս. Սեղան մեկ հոգու համար.

Ու կենաց, առաջին ու վերջին կենացը՝ կյանքի կենացը։

Ամեն բան վերջանում է, գուցե և չսկսված, բայց ավարտվում է։ Որքան դժվար է գծվում կյանքիդ ճանապարհը, այնքան դժվար և անհնար է դառնում այդ գիծը ջնջելը։ Կարևորը կիսատ կյանքդ շարունակող լինի ու… Չվաճառվեն…

Շարժվեց դեպի կամուրջ, նայեց ներքև, նետվեց առաջ ու նետվելիս միտքը փոխեց… Ցավոք, ուշ էր։ Մտքում մի բան հիշեց ու հետը տարավ՝ աշխարհում բոլոր կոշիկներն են վաճառվում։

Ապրել է պետք, ապրել բառերով, որոնք զգում են անծայրածիր լռության մեջ, ապրել՝ նայելով կապույտ ծովի անվերջությանը, թողնելով ջրին հասնել ծնկներին՝ չծածկելով գլուխը…

Մասնակից 3

Հինգշաբթի երեկոյան՝ իմ մշտական ժամին, աշխատանքից հոգնած եկա տուն, նետվեցի բազմոցին ու աչքերս փակեցի։ Ինքս էլ չզգացի, թե ինչպես քնեցի, բայց արթնացա բարձր ճիչերի ձայներից։ Երբեք չէի մտածի, որ իմ հարևանությամբ 13 տարի շարունակ անաղմուկ բնակվող ամուսինների տնից նման ձայներ կարող եմ լսել։ Բայց քունն ինձ հաղթեց, ու ես չկարողացա տեղիցս բարձրանալ։

Հաջորդ օրն արթնացա կատարյալ լռության մեջ. ինձ թվաց, թե երեկվա դեպքն ընդամենը երազ էր։ Շքամուտքի դիմաց վաղ առավոտյան, սովորության համաձայն, հարևաններից ու վատ հարսներից բողոքող կանանց մեջ տեսա՝ իր հարսից հավերժ բողոքող ու ինքն իրեն «անթոռ մնացած» համարող հարևան տիկնոջը։ Նրա դեմքն այսօր փայլում էր, և նա ոչ ոքի խոսելու հերթ չէր տալիս։

-Աղջի՜կ է, է՜, աղջի՜կ, իմ անունն են դնելու։

Հասկացա` երազ չէր եղածը։ Ամբողջ օրը մտքումս պտտվում էին այդ տիկնոջ երջանիկ դեմքը, փայլող աչքերն ու իր թոռնուհու ապագա գոյության մասին միտքը։

Տուն էի վերադառնում ու ճանապարհին մանկական հագուստի խանութ տեսա։ Այն նույն խանութը։

Անցած տարի` աղջկաս համար այդ խանութից հագուստ գնելիս, նկատեցի, որ ուժեղ քամի է սկսվում։ Հայացքս բարձրացրի մեր տան պատուհանների վրա, ու մինչ աչքերս կորսային նրանց, տեսա հարևան կնոջը, ով, աչքերը սրբելով, մեզ էր նայում։

Մտա խանութ, ու աչքովս ընկան մի զույգ մանկական կոշիկներ. գնեցի առանց վարանելու ու նվիրեցի ապագա մայրիկ հարևանուհուս։

Մի քանի ամիս էր անցել, նորից աշխատանքից վերադարձել էի տուն ու քնել։ Արթնացա ինձ ծանոթ ձայներից, վազեցի հարևաններիս տուն ու անհամբեր սկսեցի դուռը թակել՝ սպասված լուրն իմանալու համար։ Բացող չկար, ու ձայներ էլ չկային։ Առավոտյան շքամուտքում չկային կանայք, անգամ շները չէին հաչում։

Ծանոթ խանութի մոտ տեսա «անթոռ մնացած» տատիկին`իմ գնած կոշիկները ձեռքին,ու դիմացը` մի գրություն՝ «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չհագած»։