Կան պատմություններ,
որոնք հիշելիս մի պահ քարանում ես, զարմանում՝ չհավատալով, որ դա կատարվել է քեզ հետ։
Ապա սկսում ես կյանքը այլ կերպ ընկալել։ Հիշողություններն են, որ հագեցնում են ներկան։
Երբ իմացա,
որ բալիկի էի սպասում, մտքումս հազար ու մի նախապայման ունեի՝ սեռի, արտաքինի, սակայն
կյանքումս այդ փուլն այնքան լեցուն էր, որ դա մղվում էր երկրորդ պլան։ Շատ էի սպասում
նրան, անասելի շատ։ Աշխարհն իմն էր։ «Մայր եմ դառնալու»,- կրկնում էի անվերջ։ Բառերով
չեմ կարող արտահայտել այն ջերմությունն ու քնքշությունը, երբ հասկանում ես, որ նոր
կյանք ես լույս աշխարհ բերելու։ Իսկ կողքիդ երջանիկ տղամարդ տեսնելն այլ է։ Երկուսով
սպասում էինք մեր հեքիաթին…
17.10.2018
Երբ երկնային
ցավերի մեջ բժիշկները տեղափոխում էին ծննդատուն, ամուսինս ու ընկերները միջանցքում
ինձ էին սպասում: Այնքան հաճելի էր տեսնել նրան այդքան երջանիկ. շփոթված քայլերով առաջացավ,
ձեռքս ամուր բռնեց, համբուրեց ու ասաց, որ
մեզ է սպասում։ Մինչև վերջ նրա բառերը ինձ հետ էին։ Աչքիս առաջ բժիշկներն անհանգիստ
շարժվում էին, անբացատրելի ցավերի մեջ հետևում էի նրանց՝ ցանկանալով որսալ ամեն ձայն,
լսել երեխայիս ձայնը։ Գիտեք՝ սա հավանաբար միակ դեպքն է, երբ երեխայիդ լացը քեզ երջանկացնում
է։ Փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում։
Խելագարվում
էի…
Երբ մտածում
ես, որ կարող է լինել անսպասելին, սկսում ես անհույս սպասել։ Այդ անորոշության մեջ
փրկություն որոնելով՝ վայրի ձայնով ամուսնուս կանչեցի։ Կարծես ձայնիս էր սպասում։ Երբ
ներս մտավ, ձեռքին այն կոշիկներն էին, որոնք միասին էինք ընտրել աղջկաս համար։ Առաջին
անգամ կողքիս հզոր տղամարդուն տեսա կոտրված. արտասվում էր։
Աղջիկս
մահացած էր ծնվել։
Խոր հառաչանքով
պատասխանեցի այն կնոջ հարցին, որ ցանկանում էր գնել կոշիկները։ Մեկ րոպե լռությունից
հետո աչքերս հանդիպեցին կնոջ այլայլված հայացքին։ Հասկանալով, որ պատմությունս նրան
շատ էր հուզել, մեղմ ժպտալով ասացի. «Նվիրում եմ մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»: