Բումերներից՝ զումերներ․ սերունդների տեսություն

Սերունդների տեսությունը կարևոր ուղեցույց է անձնակազմի կառավարման ոլորտի մասնագետների համար, ինչպես նաև անփոխարինելի գործիք է մարքեթինգում՝ targeting-ի և նպատակային լսարանի հետ գործ ունենալիս։

Նախ հասկանանք, թե ինչպես է բնութագրվում «սերունդ» հասկացությունը։

Սերունդն այն մարդկանց խումբն է, որոնք ծնվել են որոշակի ժամանակահատվածում, և ՛ դաստիարակության, և ՛ իրադարձությունների միևնույն ազդեցությունն ու արժեքներն են կրում։ Մենք չենք նկատում այս բոլոր գործոնները, բայց դրանք են հիմնականում որոշում մեր վարքը. ինչպե՞ս ենք թիմեր կառուցում և լուծում հակամարտությունները, շփվում, զարգանում, ինչպե՞ս և ի՞նչ ենք նախընտրում, ինչպե՞ս ենք նպատակներ կառուցում, ի՞նչն է մեզ մոտիվացնում:

Սերունդների տեսությունը ձևավորել են մի շարք հետազոտողներ (հոգեբաններ, տնտեսագետներ․․․)։ Այդ տեսության շնորհիվ կազմակերպություններն ավելի ամբողջական պատկերացում են կազմում իրենց թիրախային սպառողների մասին, կարող են ավելի ստույգ հասկանալ, թե այս կամ այն սպառողական շուկայում ինչի պահանջարկ կա, ինչ փոփոխությունների կարիք կա։ Աշխատաշուկայի փորձագետների կարծիքով՝ սերունդների տեսությունը ոչ թե մոդայիկ հոբբի է, այլ կադրեր ներգրավելու և ղեկավարելու հնարավորությունների ընդլայնում։

Եկե΄ք դիտարկենք մեր ժամանակների արդիական սերունդները՝

  • Բեյբի բումերներ / Բումեր 1 (1944-1964 թթ․)
  • X սերունդ / Բումեր 2 (1965-1979 թթ․)
  • Y սերունդ / Էկո բումեր / միլենիալ / գեյմերներ (1980-1994 թթ․)
  • Z սերունդ (1995-2010 թթ․)
  • Ալֆա / «Ձյան փաթիլների սերունդ» (2010 թ․-…)

Բեյբի բումերների / Բումեր 1 սերունդ

Բեյբի բումերների կատեգորիան ներառում է 1944-1964 թթ․ ծնված մարդկանց: Անունը սերունդն ստացել է Երկրորդ աշխարհամարտից հետո ծնելիության նշանակալի և կայուն աճի հետևանքով։

Ի՞նչ բնութագրիչներ ունեն բեյբի բումերները։

  • տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստացույցն է,
  • բնութագրվում են բարձր աշխատանքային կարգապահությամբ,
  • նախընտրում են աշխատել միայնակ, չեն սիրում խմբային աշխատանք,
  • նախընտրում են դեմառդեմ հաղորդակցությունը,
  • սիրում են քննարկել երկրի քաղաքատնտեսական իրավիճակը,
  • պատրաստ են աշխատել առանց հանգստյան օրերի։

Ինչպիսի՞ն են բեյբի բումեր սպառողները

  • նախընտրում են ֆիզիկական խանութները (խոսքը նախկին ԽՍՀՄ ժողովուրդների է վերաբերում, Եվրոպայում և ԱՄՆ-ում պատկերն այլ է՝ նախընտրությունն առցանց գնումներն են),
  • գնման որոշում ընդունելիս վստահում են շրջապատի կարծիքին,
  • ամենաազդեցիկ գովազդը նրանց համար հեռուստատեսային գովազդն է,
  • քչերն են տառապում շոպոհոլիզմով։

Բեյբի բումերները գիտեն փողի արժեքը և չեն տառապում բրենդամոլությամբ։ Ապրանքանիշը և փաթեթավորումը նշանակություն չունեն բեյբի բումերների համար: Նրանք նախընտրում են այն բրենդերը, որոնք սպառողին վստահության զգացողություն են ներշնչում:

Բեյբի բումերների նախընտրելի բրենդերն են Cadillac-ը, Heinz-ը, Heineken-ը, Adidas-ը և այլն:

X սերունդ / Բումեր 2

X սերունդն այն մարդիկ են, որոնք ծնվել են 1965-1979 թթ․: Եզրույթի հեղինակը որինել են բրիտանացի հետազոտող Ջ․ Դևերսոնը և հոլիվուդյան լրագրող Չ․ Համբլեթը: X սերնդի աշխարհայացքի ձևավորման վրա ազդել են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին աֆղանական պատերազմը, համակարգիչների դարաշրջանի սկիզբը, առաջին չեչենական պատերազմը, ՁԻԱՀ-ի առաջացումը․․․

Ի՞նչ բնութագրիչներ ունեն X սերնդի ներկայացուցիչները․

  • աշխատասեր են,
  • փորձում են մշտապես տեղեկացված լինել աշխարհում կատարվող անցուդարձից,
  • տարանջատում են աշխատանքը և անձնական կյանքը,
  • պլանավորում են իրենց ժամանակը,
  • նախընտրում են թիմային աշխատանքը,
  • բանավոր խոսքում կարճ են, չեն օգտագործում թրենդային բառեր։

Ի՞նչպիսին են X սերնդի սպառողները.

  • նախընտրում են բոլոր գնումները կատարել մեկ վայրից (հիմնականում սուպերմարկետներից),
  • ունենում են 2-3 սիրելի բրենդեր,
  • օգտվում են և’ առցանց, և’ անցանց խանութներից,
  • նախընտրում են այն բրենդերը, որոնք վստահության և որակի զգացողություն են առաջացնում,
  • նախընտրելի են համարում գովազդը emai-ով, facebook-ով, հեռուստացույցով, ռադիոյով,
  • սիրում են զեղչեր,
  • կազմում են հավատարիմ հաճախորդների բազայի կեսից ավելին:

X սերունդը նախընտրում է այն բրենդերը, որոնք կարոտի զգացողություն են առաջացնում, սիրում են storytelling և կարևորում են բրենդի պատմությունը։

X սերնդի նախընտրելի բրենդերն են M’Cdonald’s-ը, Gap-ը, Tom Ford-ը, Prada-ն, Disney-ը և այլն:

Y սերունդ / Էկո բումեր / միլենիալ / գեյմերներ

«Սերունդ Y» եզրույթն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել «Գովազդային դարաշրջան» կոչվող ամսագրի կողմից: Ենթադրվում է, որ նրա ներկայացուցիչների աշխարհայացքի ձևավորման վրա ազդել են ԽՍՀՄ փլուզումը, 90-ականների ճգնաժամը, պատերազմները (Չեչնիայում, Իրաքում և այլն), միջազգային ֆինանսական ճգնաժամը, գործազրկությունը և բնակարանային ծախսերի բարձրացումը:

Ի՞նչ բնութագրիչներ ունեն Y սերնդի ներկայացուցիչները.

  • չեն շտապում աշխատել / ընտանիք կազմել,
  • աշխատանքի մեջ հետաքրքրված են բարձր աշխատավարձով և լավ պայմաններով,
  • գերադասում են ազատ գրաֆիկով հեռավար աշխատանք,
  • զգայուն են IT ոլորտի, նորաձևության, սննդի նկատմամբ,
  • վիրտուալ կյանքում ավելի ինքնավստահ են, քան իրական կյանքում,
  • լրջորեն հետևում են առողջությանը,
  • կիրառում են օտար բառեր։

Ի՞նչպիսին են Y սերնդի սպառողները.

  • գնելուց առաջ կարդում են կարծիքներ,
  • լավ են վերաբերվում ակցիաներին, քեշբեքերին, խաղարկություններին,
  • X սերնդի չափ հավատարիմ չեն նախընտրած բրենդերին, սիրում են նոր բրենդեր,
  • առավել արդյունավետ գովազդը նրանց համար սոցցանցերով գովազդն է,
  • սիրում են կարծիք գրել առցանց հարթակում։

Y սերնդի նախընտրելի բրենդերն են Samsung-ը, Viktoria’s Secret-ը, Dior-ը, Red Bull-ը և այլն:

Z սերունդ

Z սերունդն այն մարդիկ են, որոնք ծնվել են 1990-ականների սկզբին և 2000-ականներին: Ենթադրվում է, որ նրանց սոցիալական և փիլիսոփայական հայացքների վրա ազդել են համաշխարհային տնտեսական ճգնաժամը, բջջային տեխնոլոգիաների զարգացումը, Web 2.0-ը: Այս նոր սերնդի հիմնարար հատկությունն այն է, որ բարձր տեխնոլոգիաները նրա արյան մեջ են, վերաբերվում է դրանց բոլորովին այլ կերպ, քան նույնիսկ Y-ի ներկայացուցիչները: Այս սերունդը ծնվել է հետմոդեռնիզմի և գլոբալացման դարաշրջանում:

Ի՞նչ բնութագրիչներ ունեն Z սերնդի ներկայացուցիչները.

  • «թվային» մարդիկ են,
  • չեն հետաքրքրվում թանկ մեքենաներով, բնակարաններով (ինչո՞ւ գնել, եթե կարելի է վարձել),
  • հետաքրքրություններն են՝ նորաձևությունը, ճանապարհորդությունը, նոր տեխնոլոգիաները,
  • հակված չեն աշխատել 24/7 ռեժիմով,
  • չեն սիրում տեքստեր, նախընտրում են դիտել/լսել։

Ի՞նչպիսին են Z սերնդի սպառողները.

  • կարևորում են influencer-ների կարծիքը,
  • հաճախ են գնում թրենդային ապրանքներ,
  • օգտագործում են իրենց սոցկայքերը նոր բրենդեր/ապրանքներ բացահայտելու համար (60%-ի դեպքում),
  • փնտրում են թրենդային ապրանքներ,
  • աջակցում են նորաստեղծ բրենդերին, ինչպես նաև կրոնական, գաղափարական խմբերին պատկանող բրենդերին,
  • նախընտրում են սոցկայքերում, ինչպես նաև Netlix-ի համանման հարթակներում գովազդները։

Z սերնդի ներկայացուցիչները սիրում են եզակի և տպավորիչ ապրանքներ և բրենդեր, որոնց շնորհիվ կկարողանան տարբերվել մյուսներից։

Z սերնդի նախընտրելի բրենդերն են Amazon-ը, Playstation-ը, Doritos-ը, Tesla-ն, Netflix-ը և այլն:

Ալֆա / «Ձյան փաթիլների սերունդ»

Ալֆա սերնդի ներկայացուցիչները 2010 թվականից հետո ծնված երեխաներն են։ Երիտասարդ հասակում համարվում են սպառողների սեգմենտի ամենաազդեցիկ խումբը։ Այս սերնդի աշխարհայացքի ձևավորման վրա ազդել են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք էին թվային աշխարհի զարգացումը, համացանցի և հեռախոսների հասանելիությունը, Covid-19 և այլն:

Ի՞նչ բնութագրիչներ ունեն Ալֆա սերնդի ներկայացուցիչները.

  • ամենասկզբունքային և համառ սերունդն են,
  • նրանց կյանքը մանկությունից «թվային» է,
  • նման են Z սերնդին:

Ի՞նչպիսին են Ալֆա սերնդի սպառողները.

  • սիրում են անհատականացված ապրանքներ,
  • նրանց համար ամենակարևորը իրենց սիրելի influencer-ների կարծիքն է ապրանքների մասին,
  • գնումները կատարում են առցանց,
  • ուշադիր են գովազդների յուրաքանչյուր դետալին և դա նրանց օգնում է ծնողներին համոզել գնել այս կամ այն ապրանքը։

Ալֆա սերնդի ներկայացուցիչները նախընտրում են այն բրենդերը, որոնք ցուցաբերում են անհատական մոտեցում, վառ են և տարբերվող։

Ալֆա սերնդի նախընտրելի բրենդերն են Minecraft-ը, Marvel-ը, Lego-ն և այլն:

 Օգտագործված աղբյուրներ՝

Նյութի հեղինակ՝  Էժենի Մկրտչյան
«Մարքեթինգ», 3-րդ կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *