Խաչիկ Սաֆարյան․ «Կարոտի զգացումն ինձ համար խտացավ պատերազմից հետո․ կարոտում եմ զորամասս, անմահացած ընկերներիս, կորցրած հողերը․․․»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ․ հուլիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Հաճախել է Վեդու Խաչիկ Սողոմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը։ 2019 թ․ ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ (առկա ուսուցմամբ)։
2019 թ․ դեկտեմբերի 20-ին զորակոչվել է բանակ։ Պատերազմի օրերին ծառայել է Հադրութի դիվիզիայում։ Այժմ սովորում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ (ըստ ոլորտի) մասնագիտության հեռակա բակալավրիատի 2-րդ կուրսում։

Ի՞նչ նախասիրություններ ունեիք մինչև ծառայության մեկնելը։

‒ Մինչև ծառայությունը ոչ մի ոլորտում ինձ չէի պատկերացնում, թեև շատ բան եմ փորձել։ Սիրել և սիրում եմ կիթառ նվագել, բայց՝ որպես հոբբի։ 7 տարի զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով, այժմ զբաղվում եմ բռնցքամարտով։ Իրականում, պատերազմը մեծ ազդեցություն է թողել, դժվար եմ վերագտնում ինձ․․․

 Ի՞նչ երազանքներ ունեիք մինչև ծառայությունը և այժմ՝ ապրած փորձություններից հետո։

‒ Երազանքներ չունեմ․ և՛ նախկինում, և՛ այսօր ես ունեմ հստակ ծրագրեր, որոնք փորձում եմ ի կատար ածել։

Եթե ծանր չի պատերազմը վերհիշելը, ապա ի՞նչ  ապրումներ, հոգեվիճակներ եք մտաբերում։

‒ Պատերազմի ողջ ընթացքում այլ բաների մասին մտածելու ժամանակ պարզապես չկար, մտածում էի ընտանիքիս, ընկերներիս, հայրենի հողի մասին, և որ ամեն գնով պայքարենք նրա համար։

‒ Ամեն անգամ այս հարցը տալիս ակնկալում ենք բացասական պատասխան։ Վիրավորում ստացե՞լ եք պատերազմի ընթացքում։

‒ Սեպտեմբերի 27-ից մինչև պատերազմի վերջին օրը դիրքերում եմ եղել, բայց, բարեբախտաբար, թշնամու գնդակն ինձ չի դիպել։ 

‒  Հնարավոր պատերազմի կանխազգացում ունեցե՞լ եք։

‒ Այո՛, միշտ կանխազգացել եմ պատերազմը, քանի որ պատերազմական երկրում ենք ապրում։ Հայրենիքս շատ եմ սիրում, ինձ համարում եմ նրա զինվորը, և այդ գիտակցությունն է ինձ մղել՝ մեկնելու ծառայության, թեև կարող էի չծառայել, քանի որ արտերկրի քաղաքացի եմ։

‒ Մեղադրո՞ւմ  եք այն մարդկանց, որոնք հնարավորության դեպքում հեռանում են հայրենիքից։

‒ Մինչև պատերազմը նպատակ չունեի Հայաստանում ապրելու,  քանի որ հիմնական գործունեությունս, անկախ իմ կամքից, ծավալվել էր արտերկրում։ Բայց պատերազմից հետո հենց դա′ փոխվեց իմ մեջ, որ, բացի իմ անձնականից, բացի սեփական բարեկեցությունից, սկսեցի գնահատել հայրենիքս ու հասկացա՝ ուր էլ գնամ, միևնույն է, վերադառնալու եմ։ Նկատի ունեմ, որ հնարավոր է՝ ֆինանսներ հայթայթելու համար աշխատեմ արտերկրում, բայց հայրենիք վերադառնալը և այստեղ հաստատվելը պարտադիր պայման կլինի։ Ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետև բոլորն էլ ձգտում են վաստակել, անկախություն ձեռք բերել, բայց չպետք է մոռանալ արմատները։ Ինչպես Արթուր Մեսչյանն է ասում՝ հայ լինելը շատ դժվար բան է։

Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հայրենիքը է′լ ավելի լավը դարձնելու համար։

‒ Ցանկացած երկրի տնտեսության զարգացման հիմքը քաղաքացիների օրինական գործունեությունն է, որի պարագայում շահած են դուրս գալիս թե′ պետությունը և թե′ քաղաքացիները։ Ես էլ բացառություն չեմ լինի և, ինչպես նշեցի, երբ լինեմ ֆինանսապես կայուն վիճակում, իմ գործունեությունը օրինական դաշտում կծավալեմ Հայաստանում։

‒ Պատերազմից հետո փոխվե՞լ է խաղաղության մասին Ձեր ընկալումը։

‒ Խաղաղություն բոլորս ենք ուզում, ոչ ոք, հաստատապես, պատերազմի կողմնակից չէ։ Այնուհանդերձ, պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի։ Ու, ցավոք, մեր երկիրը, խաղաղության ձգտելով, բավարար չի պատրաստվել պատերազմի:

Կարոտ զգացե՞լ եք պատերազմի օրերին։

‒ Կարոտի զգացումն ինձ համար խտացավ պատերազմից հետո․ կարոտում եմ զորամասս, անմահացած ընկերներիս, կորցրած հողերը․․․ Մեզ՝ ծառայակիցներիս, մոտեցրեց հենց զորամասը, ամեն օր քնում-արթնանում ես ու ամեն ինչ անում ծառայակից-զինակիցներիդ հետ և նրանց համար։ Կորցրել եմ շատ թանկ մարդկանց, որոնք հայրենի հողը պահելու համար են զոհվել։ Ծառայությունը մեզ շատ էր մոտեցրել, ու իրենց կորստի հետ համակերպվելը շատ դժվար է, թեպետ նրանց ներկայությունը միշտ զգում եմ կողքիս։

Մի փոքր հետ վերադառնանք․ հե՞շտ էր անցնում ծառայությունը։

‒ Ընդհանուր առմամբ, պետք է գիտակցես՝ ուր ես գնում, ինչերի պետք է պատրաստ լինես։ Ես գիտակցում էի՝ ինչ է տալու ինձ բանակը և փորձում էի հնարավորինս հիշարժան դարձնել  այդ ժամանակահատվածը։ Բացի դրանից, ծանոթ էի նաև բանակի ներքին խոհանոցին և, այդ ամենը գիտակցելով, պատրաստ էի ծառայության։

Պատերազմից հետո դյուրի՞ն էր քաղաքացիական կյանքին վերադառնալը։

‒ Այո՛, որովհետև բոլոր ծառայողներն էլ սպասում են այդ օրվան։ Դե, ես էլ բացառություն չէի։ 

Կա՞ն պատերազմական օրերի դրվագներ, որոնց կցանկանայիք անդրադառնալ։

‒ Անկեղծ ասած, ծառայության ընթացքում լավ օրեր շատ են եղել, բայց ինձ համար այդ օրերը հիշելն ու դրանց մասին բարձրաձայնելը դժվար է, որովհետև հիշողությանս մաս կազմող ընկերներս, ցավոք, զոհվել են։ Յուրաքանչյուրի հետ կապված թանկ ու հարազատ հիշողություններ ունեմ․ չեմ կարող բոլորի մասին խոսել, չեմ էլ ուզում որևէ մեկին առանձնացնել։    

Որպես հայրենիքի առջև իր պարտքը կատարած երիտասարդ՝ ի՞նչ կմաղթեիք ծառայության մեկնող տղաներին։

‒ Յուրաքանչյուր երիտասարդի կյանքում ծառայության 2 տարին կարևոր ու բարդ փուլ է։ Սկզբնական շրջանում պետք է դժվարությունները միայնակ հաղթահարես, բայց, որոշ ժամանակ անց, ձեռք ես բերում ընկերներ ու սկսում եք թև ու թիկունք լինել, միասին անցնել դժվարին ճանապարհը։ Տղաներին խորհուրդ կտամ չընկճվել ոչ մի դժվարության առջև, մշտապես լինել զգոն, որովհետև տանը իրենց սպասում են։

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *