«Ամեն ինչ անելու եմ, որ եռագույնը ծածանվելու, մեր հիմնը հնչելու պահը դիտելի ու լսելի դարձնեմ ամբողջ աշխարհին». Մանվել Խնձրցյան

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 28-ից հուլիսի 4-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մարզիկները հրաշալի արդյունք ցուցաբերեցին․ առաջնությանը մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը վերադարձան մեդալներով։ Արծաթե մեդալ նվաճեց նաև ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Աննախադեպ այս հաջողությանը կարճ ժամանակ անց հաջորդեց մյուսը՝ Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում օգոստոսի 16-ից 18-ը կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի երիտասարդական հավաքականը 2 մեդալ նվաճեց։ 3-րդ տեղի համար գոտեմարտում 6։2 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցչին, Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Երիտասարդ ըմբիշն արդեն Հայաստանում է և սիրով պատասխանել է ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Շուշան Շահվերդյանի հարցերին։

– Ողջույն, Մանվել, նախ շնորհավորում եմ քեզ վերջին երկու կարևոր հաղթանակների՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալ և աշխարհի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս առաջացավ այդ մրցաշարերին մասնակցելու ցանկությունը։

-Այս ամռանը երկու շատ ուժեղ առաջնություններ ունեցանք՝ Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունները։ Հայաստանի առաջնությունում վստահ հաղթանակ տանելուց հետո ուղեգիր նվաճեցի մասնակցել այդ կարևորագույն առաջնություններին։ Եվրոպայի առաջնությանը մասնակցեցինք ամբողջ թիմով, ունեցանք մեդալներ, ինքս գրավեցի 2-րդ հորիզոնականը։ Ի դեպ, սա իմ երրորդ եվրոպական առաջնությունն էր։ Այնուհետև օգոստոսի 16-ից 18-ը Ռուսաստանի Ուֆա քաղաքում տեղի ունեցավ աշխարհի առաջնությունը, որտեղից վերադարձա բրոնզե մեդալով։ Մրցումների ընթացքից գոհ եմ, բայց, իհարկե, կարող էի ավելին անել։

-Վերադառնանք մանկության և վաղ պատանեկության տարիներ։ Ո՞ր տարիքում և ի՞նչ հանգամանքներում առաջացավ սերը սպորտի նկատմամբ։

– Որ պիտի մարզիկ դառնամ, ընտանիքում ոչ ոք չէր երազում։ Առհասարակ, իմ ընտանիքում բոլորը հակված են եղել, որ ես բարձրագույն կրթություն ստանամ, ի սկզբանե էլ պարզ էր, որ գնալու եմ դպրոց, լավ եմ սովորելու, ընդունվելու եմ համալսարան և այլն։ Նպատակ, որպես այդպիսին, դառնալ մարզիկ, չի եղել։ 2010 թվականից սկսեցի հաճախել խմբակների․ սկզբում զուտ առողջ լինելու համար, իսկ հետո հասկացա, որ կարող եմ լավ մարզիկ դառնալ։ Կարծում եմ, որ եթե ունես մեծ ցանկություն, ամեն ինչ հնարավոր է։

– Ինչու՞ ընտրեցիր հենց ազատ ոճի ըմբշամարտը։

– Դա զուտ պատահական է եղել։ Արդեն նշեցի, որ ընտանիքումս բոլորը կրթության ոլորտի մարդիկ են։ Բայց քեռիս, որ հետաքրքրված էր սպորտով, մի օր որոշեց ինձ սպորտի խմբակ տանել։ Ահա այդ օրն էլ ճակատագրական եղավ ինձ համար։ Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ ես ոչ մի բան չեմ որոշել, իմ փոխարեն որոշել է քեռիս, ով այլևս մեզ հետ չէ, ու ես հիմա շնորհակալ եմ նրանից։

– Բնական է, որ բարձրանալու ճանապարհը հեշտ չի եղել։ Ի՞նչ դժվարությունների միջով ես ստիպված եղել անցնել բաղձալի արդյունքին հասնելու համար։

– Մարզական կարիերան շատ մեծ խնդիրներ է առաջացնում՝ սկսած վնասվածքներից մինչև հոգեբանական ծանր վիճակներ։ Եվ ոչ ոք ապահովագրված չէ դրանցից։ Չես կարող վստահ լինել, որ մրցումները, որոնց պատրաստվում ես ամբողջ էությամբ, կանցնեն այնպես, ինչպես պլանավորել ես։ Իսկ պարտությունները հոգեբանորեն ազդում են մեր նյարդերի վրա, ու դրանցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինում։ Բայց եթե ուզում ես դառնալ ճանաչված մարզիկ, պետք է մեծ կամք ունենաս, այդ հոգեվիճակներից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնես և կարողանաս շարունակել քո մարզական ուղին։

– Ինչպե՞ս ես կարողանում դիմանալ, հաղթահարել խոչընդոտները, ի՞նչն է քեզ ուժ տալիս։

– Գլուխ չեմ գովի, եթե ասեմ, որ ունեմ կենտրոնացվածության մեծ ներուժ, կարողանում եմ շատ արագ կենտրոնանալ՝ թե՛ ուսման մեջ, թե՛ սպորտում։ Պարապմունքների ժամանակ ես մաքսիմալ կենտրոնանում եմ մարզումների վրա, ինչն ինձ բավականին մեծ օգուտ է տալիս։

– Վերադառնանք Տնտեսագիտական բուհում քո ուսումնառությանը։ Ինչպե՞ս ես կարողանում համատեղել մարզումներն ու դասերը։ Պարբերաբար մրցումների գնալը, դասերից բացակայելն ազդո՞ւմ են քո առաջադիմության վրա։

– 2020 թվականին, երբ ընդունվեցի բուհ, մտատանջություն ունեի, որ բավականին դժվար է լինելու։ Սեպտեմբերի 2-ին, երբ ֆակուլտետի դեկանի՝ պարոն Միքայելյանի մոտ մտա, ծանոթացանք, ու ես ասացի, թե ով եմ, ինչ ձեռքբերումներ ունեմ, նա շատ ուրախացավ և խոստացավ հնարավորինս օժանդակել ինձ։ Նույնիսկ կատակով ինձնից խոստում կորզեց, որ մրցումներից առանց մեդալի չվերադառնամ։ Հուրախություն ինձ, այդ օրվանից սկսած, ես բոլոր մրցումներից վերադառնում էի մեդալով, ինքն էլ մեծ ոգևորությամբ քաջալերում էր ինձ։ Բուհում սովորելն ինձ հաճույք է պատճառում, մեծ խանդավառությամբ եմ հաճախում դասերին, շատ եմ սիրում հատկապես մասնագիտական առարկաներս։

– Այսինքն՝ դասերն ու սպորտն իրար չե՞ն խանգարում։

– Հարազատներս ու մտերիմներս ասում են, որ կյանքում գալու է մի պահ, որ պետք է ընտրեմ։ Դեռևս չեմ զգում, որ այդ պահը եկել է, դեռ կարողանում եմ համատեղել։

– Փոխվե՞լ է քո կյանքը չեմպիոն դառնալուց հետո։ Ինձ հայտնի է, որ դու շրջապատում բավական  համեստ մարդու համբավ ունես։

– Մարզական ոլորտից տեղյակ մարդիկ գիտեն, թե իրականում ինչ բարդ է այս կամ այն առաջադրանքը կատարելը։ Ես հաճախ եմ մեծ գովասանքի կամ գնահատանքի արժանանում, բայց համեստ մնալը մեր գործին միայն օգնում է։ Երբ հասկանում ես, որ բավական մեծ բան ես արել, բայց անելուց հետո փակում ես այդ էջը և բացում ես նոր էջ, դա օգնում է նոր հաջողություններ գրանցելու։

– Տարածված կարծիք կա, որ չեմպիոնական տիտղոսը պահպանելն ավելի դժվար է, քան նվաճելը։

– Դա այդպես է։ Լավագույն մարզավիճակում մնալու համար մեծ ճիգեր են հարկավոր։ Բայց պետք է առաջ գնալ։ Հիմա ես ավելի մեծ նպատակներ ունեմ․ երբ աստիճաններով բարձրանում ես, հասկանում ես, որ կարող ես ավելին, ձգտում ես ավելիին հասնել։

-Հիմա, երբ արդեն ունես չեմպիոնի տիտղոս, ո՞րն է լինելու քո հաջորդ քայլը, ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։

– Առջևում մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունն է։ Դրան մասնակցելուց հետո իմ բոլոր հաջորդ մրցումները պետք է մեծահասակների տարիքային խմբերում լինեն։

– Կա՞ մի նշաձող, որին ձգտում ես հասնել ամբողջ սրտով կամ, այլ կերպ ասած, ո՞րն է քո կյանքի գլխավոր մարզական նպատակը։

– Կարծում եմ՝ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող ցանկացած մարզիկի կյանքի գերագույն նպատակն օլիմպիական չեմպիոն դառնալն է։ Թող հավակնոտ չհնչի, բայց իմ երազանքը նույնպես օլիմպիական չեմպիոն դառնալն է։

– Ինչպիսի՞ն է ըմբշամարտի վիճակը Հայաստանում, զարգացման տեմպերը, մարզիկների պոտենցիալը․․․

– ՀՀ-ում ունենք սպորտաձևեր, որոնք, այսպես ասած, մերն են, կարողանում ենք դրանցով դրսում հաջողությունների հասնել։ Այդ սպորտաձևերից մեկն էլ ըմբշամարտն է, որն ունի երկու ճյուղ՝ հունահռոմեական և ազատ ոճի։ Ինքներդ էլ տեսնում եք, որ վերջին շրջանում ազատ ոճում շատ լուրջ հաջողություններ ենք գրանցում։ Ունենք մարզիկներ, որոնք այսօր լուրջ հայտ են նեկայացնում միջազգային հարթակներում։ Դա կարելի է կապել թե՛ մարզիկների տրամադրվածության, թե՛ նախարարության աջակցության և այլ հանգամանքների հետ, բայց որ լուրջ հաջողություններ և պոտենցիալ ունենք, դա հստակ է։ Ցանկացած մրցակցություն ապահովում է լրացուցիչ աշխատանք։ Ամեն պարապմունքի ժամանակ մենք մտածում ենք, որ կա մեկը, ով ավելի ուժեղ է, և պետք է նրա հետ պայքարել։ Դա տալիս է մեզ մոտիվացիա, ինչն էլ ցանկալի արդյունքի է հասցնում։

– Այս դժվարին ժամանակներում, երբ յուրաքանչյուր, թեկուզ չնչին հաղթանակ մեր երկրի համար շատ կարևոր է, ավելի է ընդգծվում մարզիկների դերը։ Երբ ծածանվում է եռագույնը, երբ հնչում է մեր երկրի օրհներգը, և դու հասկանում ես, որ դրա «մեղավորը» հենց դու ես, ի՞նչ զգացողություններ են քեզ պատում այդ պահին։

– 2020 թվականին ես պետք է մասնակցեի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, սակայն մրցումները տեղի չունեցան հայտնի պատճառներով՝ համաճարակ, պատերազմ․․․ Մեծ անհամբերությամբ սպասում էինք, թե երբ պետք է տեղի ունենան 2021 թվականի առաջնությունները, որպեսզի դուրս գանք գորգ, ցույց տանք, որ մեր երկիրն ունի մեր կարիքը, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրի անունը ևս մեկ անգամ ներկայացվի այս կամ այն հարթակում։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում է շուրջ 60 երկիր, մեծ առիթ են, որ կարողանանք այդ հնարավորությունն օգտագործել։ Առաջնությունների ժամանակ բոլոր հայ մարզիկներիս նպատակը մեկն էր, որ մեր դրոշը ծածանվելու, հիմնը հնչելու պահը դիտելի ու լսելի դարձնենք ամբողջ աշխարհին, որ թեկուզ այդ մի քանի րոպեն բոլորը ոտքի կանգնեն ու նայեն, թե ինչպես է մեր գորգում ծածանվում եռագույնը։ Ավելի հաճելի պահ մարզիկի համար, կարծում եմ, չկա։ Երկրի անունը բարձր պահելը պատվաբեր և պատասխանատու գործ է։ Հուսամ՝ դեռ շատ առիթներ կունենամ՝ այդ պատասխանատու գործը պատվով կրելու համար։

– Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ ու պատանի մարզիկներին։

– Մեծ ցանկությունը կարող է հասցնել ամեն ինչի։ Մարզիկները, սովորաբար, ընտրում են մարզական ուղի և բավարարվում դրանով։ Բայց հավատացնում եմ, որ հնարավոր է համատեղել ուսումը, սպորտը, արվեստները։ Եթե ունես մեծ ցանկություն, նպատակներ, գնահատում ես այն, ինչ անում ես, ապա մի օր դու անպայման կքաղես դրա պտուղները։ Պարզապես պետք է համբերել, լինել համառ և ինչպես ասում է ժողովուրդը՝ օրը կգա, բարին հետը։

– Հաջողություն քեզ, սիրելի Մանվել, և մարզական նորանոր օլիմպոսներ նվաճելու կամք ու վճռականություն։ Վստահ եմ, որ քեզնով հպարտանալու առիթներ դեռ շատ կունենանք։

– Ես էլ եմ շնորհակալ հարցազրույցի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *