Բարև, հայությու´ն. ես Գևն եմ՝ 20 տարեկան, գեղեցիկ, գանգուր մազերով, կանաչ աչքերով մի հրաշք անձնավորություն։ Կոպիտ եմ, համառ, բայց դրա հետ մեկտեղ բարի եմ և հասկացող։ Ունեմ շատ-շատ ընկերներ, բայց նրանց մեծ մասը ինձ հետ շփվում է մի նպատակով. շատ հարուստ ընտանիքից եմ։ Ունեմ փոքր եղբայր՝ իմ Ալենը. 3 ամսական է իմ կյանքի իմաստը։
Մի անգամ՝ տուն վերադանալիս, որոշեցի նվեր տանել նրան. քայլում էի ու անցա մի խանութի մոտով, որտեղ դրված էին մանկական կոշիկներ, վրան էլ ցուցանակ` «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած»։ Ինչ խոսք, հետաքրքիր գրություն էր, ու ցանկացա րոպե առաջ իմանալ, թե ինչու է այդպես գրված. միգուցե մարկետինգային քայլ էր՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար: Ինչևէ, մտա խանութ՝ հետաքրքրությունս բավարարելու։ Իմ հարցին, թե ինչու է այդպես գրված, խանութի ամբողջ անձնակազմի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց և մռայլվեց։ Աշխատակիցներից մեկը վերջապես խոսեց.
-Կոշիկները խանութի տնօրենի տղայինը պետք է լինեին… հա, պետք է լինեին, որովհետև այդպես էլ չի հասցրել դրանք կրել։
Լսելով դա՝ վերևում նկատեցի տնօրենին՝ թախծոտ աչքերով կանգնած: Նա ուշադիր նայում էր ինձ ու մի քանի րոպե հետո խնդրեց, որ իր հետ առաջանամ իր սենյակ։ Նստեցինք, ու տնօրենը սկսեց պատմել, թե ինչու է այդպես գրված ցուցանակին.
-Երբ որոշեցի կոշիկները այսպիսի ցուցանակով դնել խանութիս ամենաերևացող տեղում, շատերը սկսեցին մտնել ու հարցնել արժեքը, ասել, թե ինչ գեղեցիկ կոշիկներ են: Միայն դու էիր, որ հետաքրքրվեցիր, թե ինչու է այդպես գրված ցուցանակի վրա:
Երեք տարի առաջ էր, երբ կինս ասաց, որ փոքրիկի է սպասում: Այդ պահին չգիտեմ՝ ինչ զգացի. կարծես հողը ոտքերիս տակից փախչեր. ուրախությանս չափ ու սահման չկար: Վստահ էի, որ տղա եմ ունենալու, իմ տղան՝ իմ Դավիթը… գնել էի Դավիթիս համար կոշիկներ, որ պետք է այդ օրը երեկոյան նվիրեի կնոջս, բայց, ցավոք, չեմ հասցնում. այդ օրը կինս որոշում է անակնկալ անել և գալ աշխատանքիս վայր… ա˜խ, այդ չարաբաստիկ օրը. կնոջս հարվածում է մեքենան, վարորդն էլ փախուստի է դիմում: Մահանում են… հա, մահանում են՝ իրենց հետ տանելով նաև ինձ. այդ դեպքից հետո ես հոգեպես մահացել եմ։
Հետո պարզվեց, որ շատ հարուստ մարդու տղա է եղել, ու գործը ամբողջովին փակված է. նա մնացել է անպատիժ։ Կարծես ամեն ինչ սառավ. չէի կարող այլևս լսել նրան և առանց որևէ բառ ասելու դուրս եկա…
Ես՝ 17 տարեկան, հորս մեքենայի ղեկին, իսկ մեքենայի առջևում՝ այդ հղի կինը՝ անգիտակից պառկած…