Պատմասացության (storytelling) 5 նմուշ և 5 սկզբունք

Թվերով, անուններով ու խիտ տեղեկությամբ հագեցած խոսքը ավելի փաստահեն է, սակայն մեծ լսարան ներգրավելու տեսանկյունից կարող է համոզիչ չլինել: Պարզ լեզուն, հումորը, կյանքից վերցված պատմությունները, խոսքի հանպատրաստից ոճը պատմասացության (storytelling) հիմնական հատկանիշներն են:

Պատմասացությունը` որպես ազդեցության արդյունավետ գործիք, կիրառվում է քաղաքականության, կրթության, բուժական հոգեթերապիայի, բիզնեսի, մարքեթինգի և այլ այնպիսի ոլորտներում, որտեղ պահանջվում է աշխատել լսարանի հետ: Ժամանակակից աշխարհի լավագույն պատմասացողներից մեկը չինական հսկայի՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման է: Ծանոթանանք 2018 թվականին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ Ջեք Մայի հնչեցրած ելույթից պատմասացության 5 օրինակելի նմուշի:
Պատմասացությունը փորձարարական գործիք է և, դրանով պայմանավորված, չունի կառուցման հստակ մեթոդաբանություն: Սակայն, այնուամենայնիվ, պատմասացության ստեղծման համար կա մի քանի ընդհանուր սկզբունք:

  1. Ոչ թե զեկուցել, այլ պատմել

Տվյալներով ու թվերով հագեցած խոսքը նման է զեկույցի: Իսկ ո՞ւմ են զեկուցում… Զեկուցում են վերադասին, տնօրենությանը, կառավարման խորհրդին, կարճ ասած՝ բոլոր նրանց, ում հետ կան պաշտոնական ու գործնական փոխհարաբերություններ: Պատմասացության հաջողության համար հարկավոր է դիպչել ունկնդիրների սրտերին, իսկ դրա համար պետք է ոչ թե զեկուցել, այլ պատմել ինչպես հարազատ ընկերոջը:
Այնուամենայնիվ, լավ պատմություն ստեղծելու համար չպետք է բացարձակապես հրաժարվել թվերից: Դրանք շատ կարևոր են պատմությունը «համեմելու» համար: Ջեք Ման 2-րդ պատմության մեջ թվերով ցույց է տալիս, թե շաբաթը քանի օր ու օրը քանի ժամ էին աշխատում իր պապիկը, ինքը կամ իր երեխաները: Թվերը հավաստիություն են հաղորդում խոսքին, օգնում են վստահ լինել, որ պատմասացողը չի հորինում:

2. Պատմել բաց ու անկեղծ ոճով

Կարևոր է ոչ միայն պատմությունը, այլ նաև պատմելու ոճը: Պարզ լեզուն ու առողջ հումորը կրճատում են պատմասացողի ու լսարանի միջև հոգեբանական հեռավորությունը: Երբ Ջեք Ման իր ձախողումների մասին պատմելիս ծիծաղում է, այդ հեռավորությունը կրճատվում է մի քանի «սրտաչափով»:
Ձախողումների, պարտությունների ու թույլ կետերի մասին պատմելը անկեղծության դրսևորում է, իսկ այն կարող է հրաշքներ գործել՝ կրճատված հեռավորության փոխարեն էմոցիոնալ կապ ստեղծելով: Ամերիկացի նեյրոտնտեսագետ, հոգեբանության, տնտեսագիտության ու կառավարման պրոֆեսոր Փոլ Զակը տարիներ առաջ կատարած հետազոտությունների արդյունքում պարզել է, որ երբ ձախողումների, կյանքի տխուր էջերի մասին անձնական պատմություններ լսելիս կարեկցում ու ապրումակցում ենք, ուղեղում սկսում է արտադրվել նյարդաքիմիական նյութ, որը կոչվում է օքսիտոցին: Դրա ազդեցությամբ ուղեղում առաջանում է «մոտենալն անվտանգ է» ազդանշանը: Երբ լսում ենք, որ Ջեք Ման մինչև 30 տարեկանը անընդհատ ձախողել է, մենք կարեկցում ենք, էմպաթիա զգում, արտադրվում է օքսիտոցինը, որն էլ թուլացնում է անվստահության, կասկածամտության «կապանքները» և պատրաստ ենք լինում հավատալ, վստահել ու հիանալ:
Պատմասացության մեջ կյանքի տխուր էջերի մասին խոսելը գրեթե պարտադիր է: Ամերիկացի պրոֆեսոր Փիթեր Բերգերի և այլ սոցիոլոգների կողմից մշակվել է պատմասացության ընդհանուր կառուցվածք, որտեղ ևս կա անդրադարձ կյանքի տխուր էջերին, երբ հերոսը դեռ չի խախտել իր կյանքի «հոմեոստազը», և արկածները չեն սկսվել.

Սկիզբ. ներկայացվում է հերոսի աշխարհը նախքան արկածներն սկսվելը,
Առճակատում. հերոսի կյանքը գլխիվայր շրջվում է, երբ նա սկսում է ինչ-որ բաներ փորձել,
Բանաձև. հերոսը հաղթում է չարագործին: Բայց դա բավարար չէ, որ նա կարողանա ապրել. կա՛մ հերոսը, կա՛մ աշխարհը պետք է վերափոխվեն:

3. Դրդապատճառի առկայություն

Լսարանը լսում է, երբ գիտի, որ ինչ-որ կերպ կարող է օգուտ ստանալ: Մենք լսում ենք Ջեք Մային, որպեսզի հասկանանք, թե ինչպես է նա դարձել հաջողակ առաջնորդ և արդյոք կան որոշակի խորհուրդներ, որոնք կարելի է կիրառել նաև մեր կյանքում: Դրդապատճառի առկայությունը ամենակարևորներից է․ եթե դա չլինի, մարդիկ ոչ միայն չեն հավատա, այլ ընդհանրապես չեն էլ գա լսելու:

4.Լսարանի մշտադիտարկում

Ջեք Ման այս պատմությունները պատմել է հարյուրավոր, գուցե, հազարավոր անգամներ: Այդ կրկնությունները նրան հնարավորություն են տվել անընդհատ խմբագրելու պատմությունն ու պատմելու ձևը՝ հաշվի առնելով, թե ինչպիսին է լսարանի արձագանքը ու հետադարձ կապը: Եթե սովորական զրույցի ժամանակ խոսողն անհետաքրքիր է, կարելի է թողնել ու գնալ, բայց եթե խոսողը համաժողովում է ելույթ ունենում, ինչքան էլ անհետաքրքիր լինի, ունկնդիրները չեն կարող հեռանալ սրահից: Այսինքն՝ լսարանի արձագանքը հասկանալու համար, բացի անընդհատ հետևելուց, այլ տարբերակ չկա, քանի որ ներկաները, այսպես կոչված, «գերի ունկնդիրներ» են: «Գերի ունկնդիր» եզրույթը առաջին անգամ կիրառվել է 1902 թվականին՝ ի նկատի ունենալով այն ունկնդիրներին, որոնք անկարող են փախչել:

5.Չկորցնել խանդավառությունը

Հայելու առջև, ընկերների միջավայրում, փոքր խմբերում պատմությունը «փորձարկելը» հրաշալի միտք է․ կրկնություններն օգնում են ազատորեն «լողալ», ճկուն լինել ու պատրաստ՝ իրավիճակային փորձարարությունների: Բայց, շատ հավանական է, որ կրկնությունները կստիպեն հոգնել ու ձանձրանալ: Երբ Ջեք Ման հերթական անգամ սկսում է խանդավառությամբ պատմել, թե ինչպես են նրան մերժել բոլոր գործատուներն ու համալսարանները, տպավորություն է առաջանում, որ նա դա առաջին անգամ է պատմում: Իրականում, համացանցում կարելի է գտնել հարյուրավոր տեսահոլովակներ, որտեղ Ջեք Ման տարբեր երկրներում, տարբեր առիթներով, բայց նույն խանդավառությամբ պատմում է նույն պատմությունը: Դա, գուցե, շատ բարդ է, սակայն պետք է գիտակցել, որ ունկնդիրների՝ լսելու ոգևորությունն ածանցվում է սեփական պատմության նկատմամբ պատմասացողի խանդավառությունից:
Հետևություն՝ խանդավառությունը հաջողակ պատմասացության գրավականն է:

Նյութի հեղինակ՝
Մելինե Աբրահամյան
ՀՊՏՀ շրջանավարտ

Օգտագործված աղբյուրներ՝
https://hbr.org/2014/10/why-your-brain-loves-good-storytelling
https://www.socialmediatoday.com/marketing/6-ways-tell-your-personal-story
https://virtualspeech.com/blog/storytelling-for-leaders
https://hbr.org/2014/10/why-your-brain-loves-good-storytelling

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *