Մասնակից 2

Առավոտյան 6։30 էր։

Հանկարծ զանգ եկավ հեռախոսիս․

  • Պարո՛ն Խորենյան, Ձեր կնոջը կեսգիշերին տեղափոխել են հիվանդանոց։ Հիմա նրա հետ  ամեն ինչ կարգին է, բայց․․․

Քարացա։ Հեռախոսը ձեռքիցս վայր ընկավ։ Այլևս չէի ուզում լսել շարունակությունը, թեպետ կռահում էի, թե ինչ էր թաքնված այդ տխուր ու ափսոսող նոտաների տակ։

Ես հարուստ բիզնեսմեն էի, խոշոր ձեռնարկությունների սեփականատեր։ Թեպետ հարստությանս մի մասը ժառանգել էի հորիցս, բայց իմ առաջ դրել էի նպատակ, առաքելություն՝ այն եռապատկելու, քառապատկելու։ Ամուսնացել էի վաղուց՝ մոտ 15 տարի առաջ, սակայն երբևէ չէի զգացել այն բերկրանքը, ինչ զգում է յուրաքանչյուր հայր իր երեխային տեսնելիս։ Ամենամեծ երազանքս էր զգալ այդ երջանկությունը։ Ու թվում էր՝ մոտ էր։ Վերջապես։ Վերջապես Աստված որոշել էր ինձ էլ շնորհել այդ բերկրանքը։

Ես համարյա ամբողջ ժամանակս անցկացնում էի Մոսկվայում։ Այնտեղ էր հիմնարկներիս մեծամասնությունը։ Այդ ժամանակ էլ Մոսկվայում էի։ Սակայն զանգը ստանալուց անմիջապես անց գնեցի տոմսն ու եկա Երևան։ Օդանավակայանից  միանգամից հասա հիվանդանոց, ուր կինս էր պառկած, իսկ նրա կրծքի տակ՝ այդքան սպասված առաջնեկս, որ դեռ պիտի լույս աշխարհ գար։ Մոտեցա բժշկին․

– Ձեր կինը հիմա դեպրեսսիայի մեջ է, գոնե դուք պիտի ուժեղ լինեք, պարո՛ն։ Գիտեմ, որ երկար էիք սպասում այս երեխային։ Մենք փորձեցինք անել ամեն ինչ, սակայն հարվածը ուժեղ էր, երեխայի կյանքը չկարողացանք փրկել։

Կինս գլխապտույտ էր ունեցել և կորցնելով գիտակցությունը՝ գլորվել աստիճաններից։ Հիմա էլ ես, լսելով այս ամենը, կարծես գլորվեցի կյանքի աստիճաններից։ Ու՞մ  էր պետք այն հարստությունը, որ կուտակել էի, երբ զուրկ էի մնացել աշխարհի թերևս ամենամեծ հարստությունից՝ հայրական սերս ու խրատներս երեխայիս փոխանցելու հաճույքից։

-Բայց սա դեռ ամենը չէ։ Ցավոք սրտի, Ձեր կինն այլևս երբեք չի մայրանա,- շարունակեց բժիշկն ու դա եղավ ամենամեծ հարվածը։

Կնոջս հետ վերադարձանք տուն։ Ես էլ, կինս էլ մեր փոքրիկի համար տարիների ընթացքում այնքա՜ն իրեր էինք գնել։ Իրեր, որոնք այդպես էլ չունեցան հասցեատեր։ Երկուսիս համար հույսն արդեն մարել էր։ Կինս տուփից հանեց մի զույգ կոշիկ ու կտրուկ ձայնով ասաց․

-Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած․․․

Մասնակից 1

Ինն ամիս էր անցել, ինչ ավետաբեր բժշկուհին հայտնեց. «Դուք հայր եք դառնալու»: Պատկերացրեք՝ ինչպիսի ուրախություն էր ինձ համար լսել այս արտահայտությունը: Կարծես սկսեցի սիրել և՛ հիվանդանոցը, և՛ բժիշկներին, որոնք հերթը «առաջ գցելու» համար կաշառվում էին, և՛ ծանր շնչող թոշակառուներին, որոնց հևոցը առաջվա պես նյարդայնացնող չէր, և՛ մանուկների՝ պատվաստումից առաջ փրկության ճիչերը: Եվ ամենակարևորը՝ սկսեցի ավելի սիրել կնոջս՝ նրան, ով տոհմածառս շարունակողին էր ծնունդ տալու:

Երեխայի սեռը դեռ պարզ չէր, սակայն ի՞նչ տարբերություն. երեխան տան ճրագն է: Ուրախ էի այնպես, ինչպես չէի եղել երբևէ: Ի՞նչ է անում երիտասարդ ապագա հայրիկը հիվանդանոցից կնոջը տուն տանելուց հետո: Պատասխանը մեկն է. պետք է նշել ընկերների հետ: Մեր գինարբուքի մանրամասները, վստահ եմ, հետաքրքիր չեն ոչ մեկի:

Անցավ ևս մի քանի ամիս: Լսեցի մեկ այլ լուր. երեխայի սեռը պարզ է. «Դուք տղա եք ունենալու»: Ես կնոջս ամուր գրկելուց հետո վազեցի ընկերներիս գիրկը: Հավաքվեցինք, և սկսվեցին նորածնի համար գնումները: Սկզբում գնեցինք օրորոցը, հետո՝ հագուստ՝ մի քանի սրամիտ արտահայտություններով, և վերջապես տարբեր ոճի և գույնի կոշիկներ: Օ՜, ինչքա՜ն ուրախ էի ես. տղա էի ունենալու:

Անցավ ևս մեկ եռամսյակ: Սատանայի կերպարանքն ընդունած ծեր բժիշկը դուրս եկավ վիրահատարանից և հայտնեց. «Երեխան մահացած է ծնվել»: Ավետաբեր բժշկուհուն ազատել էին աշխատանքից:

Կնոջս համար գնած ծաղիկներն ու մանկան համար գնած փուչիկները կորցրին իրենց իմաստը: Թևերս կոտրվեցին, ոտքերս ծալվեցին, աչքերիս առջև սևացավ, ու էլ ոչինչ չեմ հիշում…

Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած: