… ԵՍ ԻՆՁ ՄՈԼՈՐԱԿԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ. ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր նախագիծ է սկսում։ Այսուհետ ամեն հինգշաբթի մեր բլոգում կարող եք կարդալ հարցազրույցների շարք՝ Տնտեսագիտական մայր բուհի երիտասարդ ու խոստումնալից դասախոսների հետ, որոնք հավատում են իրենց գաղափարներին, ամուր են իրենց համոզմունքներում և պատրաստ են  սեփական ներուժն ու կարողությունները ծառայեցնել նորարարական կրթական նախագծերի և գաղափարների իրականացմանը։

Շարքի առաջին հարցազրույցը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տաթևիկ Վարդանյանի հետ ժամանակակից կրթության, փոփոխությունների անհրաժեշտության, ապագայի տեսլականի մասին է։

Տաթևիկ Վարդանյանը միջազգային տնտեսագիտության ոլորտի մասնագետ է, դասախոսական 5 տարվա փորձ ունի, զուգահեռ աշխատում է ՀՊՏՀ կարիերայի կենտրոնում, ինչպես նաև զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով։

– Տաթև´, ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր հյուրասրահում։ Եվ այսպես, ակնհայտ է, որ բուհական կրթության արդիականացումը նոր մոտեցումներ ու որակներ է պահանջում: Ո՞վ է նոր սերնդի դասախոսը, ինչո՞վ է նա տարբերվում նախորդներից։

– Ժամանակակից աշխարհը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է ի հայտ բերել կրթական համակարգի համար, որոնք չէին կարող չանդրադառնալ համակարգի կարևոր սուբյեկտներից մեկի՝ դասախոսների վրա։  Նոր սերնդի դասախոսը, ըստ իս, փոփոխությունների առաջամարտիկը պետք է լինի։ Փոփոխություններ, որոնք միտված են արդիականացնելու բարձրագույն կրթությունը, ավելի մրցունակ ու առաջադեմ դարձնելու կրթական գործընթացը և, որ ամենակարևորն է, մոտիվացնելու ուսանողներին՝ արժևորել ու կարևորել ակադեմիական կրթությունը, հասկանալ դրա դերն ու նշանակությունն ինչպես յուրաքանչյուրիս անձնային աճի, այնպես էլ ընդհանուր հասարակության բարեկեցության համար։

Ես, իհարկե, անձնական համոզմունք ունեմ, որ առանց գնահատելու և մեծարելու այն մարդկանց, ում ջանքերով «կառուցվել է» տնտեսագիտական դպրոցը Հայաստանում, նոր սերնդի դասախոսի համար անհնար է իրականացնել անհրաժեշտ քայլերը։ Բայց նոր սերնդի դասախոսն ինձ համար ավելի դինամիկ է ու նախաձեռնող,  տիրապետում է կրթությունն ու գիտությունը գրավիչ դարձնելու ժամանակակից գործիքակազմին, և այնպես, ինչպես մեր նախորդ սերնդի ուսուցիչներն են մեզ ցույց տվել, ունի անձնազոհության անհրաժեշտ չափաբաժինը այս՝ բավական բարդ ոլորտում նվիրումով աշխատելու համար։

– Այսօր  հաճախ է խոսվում մրցունակ կրթության մասին։ Ի՞նչ եք հասկանում մրցունակ կրթություն ասելով։

– Մենք արդեն երկրորդ տարին է ապրում ենք COVID-19 համավարակի «իշխանության տակ», ինչը եկավ փաստելու, որ մրցունակ կրթությունը, առաջին հերթին, ճկուն կրթությունն է։ Նոր իրողություններին արագ հարմարվելու կարողությունը պետք է լինի կրթության մրցունակության հիմնաքարը։ Ընդ որում, բացարձակ կարևոր չէ՝ այդ իրողություններն ինչքանով են մեզ համար հաճելի և ցանկալի։

Մյուս կողմից, թվային կամ 4-րդ արդյունաբերական  հեղափոխությունը, թվում է, վայրկյանի արագությամբ անդրադարձ ունի մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա՝ փոխելով ընդհուպ մեր աշխատելու մշակույթն ու արժեհամակարգը։ Սա, իհարկե, չէր կարող ուղղակիորեն չփոխակերպել կրթությունն ու դրա մրցունակ լինելու նախապայմանները։ Եթե հարյուր տարի առաջ համալսարանները գիտելիքի «ամբարներն» էին, որտեղ սովորելով էր հնարավոր հասանելիություն ստանալ վերջին գրքերին, ակադեմիական հոդվածներին կամ հետազոտություններին, ապա հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում։ Համացանցն իր որոնողական համակարգերով մեզնից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ծանոթանալու ոլորտի լավագույն գիտնականների աշխատանքներին և դասախոսություններին։ Այս պարագայում, հարց է առաջանում՝ ինչպե՞ս դիմակայել համաշխարհային մրցակցությանը։ Մրցունակ կրթության բանալին ինձ համար նոր որակի և տեսակի կրթողներն են, որոնք ունեն վերլուծելու և այդ կարողությունը փոխանցելու հմտություն և պետք է փարոս դառնան արժեքների և համոզմունքների որոնման ճանապարհին գտնվող ուսանողների համար՝ կողմնորոշելով դեպի գիտելիքը ու օգնելով ճիշտ ֆիլտրել տեղեկատվական մեծածավալ հոսքերը։ Մրցունակ կրթություն ունենալն անսահման ջանք ու ամենօրյա հետևողական, բարեխիղճ, պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում ինստիտուտը կայացնողների կողմից։ Կրթողները, ակադեմիական գիտելիքն ուսանողին փոխանցելուց բացի, պետք է դառնան մենթորներ և օգնեն բացահայտել անձնային ու մասնագիտական իրական ներուժը, այն ծառայեցնեն հանուն հասարակական բարօրության։ 

– Գիտությամբ զբաղվելու ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանում։

– Անզեն աչքով տեսանելի են Հայաստանում գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք տարիների ընթացքում, կարծես, ավելանում են։ Բայց, միևնույն ժամանակ, ես խոր համոզմունք ունեմ, որ Հայաստանն ունի համապատասխան մարդկային կարողություններ ու ներուժ՝ գիտելիքահեն տնտեսություն և հասարակություն կառուցելու համար։ Հայաստանում գիտությունը կայացնելու ու զարգացնելու համար «հրաշքի» հույսին մնալ պետք չէ, հատկապես՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում։ Դրա փոխարեն անհրաժեշտ է գիտության առաջնահերթության և դրա զարգացման հստակ օրակարգ։

Այո՛, այս պահին երիտասարդ գիտնականների հոսքը դեպի գիտություն թույլ է, ինչը լրջագույն խնդիր է և ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ուղղությամբ հիմնական ներդրումները մասնավոր հատվածից են։ Ոլորտում մասնավոր հատվածի ֆինանսավորումը կարող է գիտությամբ զբաղվելը Հայաստանում մրցունակ դարձնելու հեռանկարներ ստեղծել։ Սակայն, խնդիրն այն է, որ գիտական համայնքի և մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները շատ չեն։

Ըստ իս, պետության խնդիրն այս պահին գիտության ենթակառուցվածքների կայացումն է, որի շնորհիվ գիտական համայնքը կարող է ծանոթ լինել ամենավերջին և ամենանոր գիտելիքի հետ աշխարհում։ Չէ՞ որ, եթե գիտնականը պետք է ստեղծի նոր գիտելիք, ապա պետք է հնարավորություններ լինեն նրա համար ծանոթանալու աշխարհում ստեղծված վերջին գիտելիքի հետ։

– Գործատուների պահանջն այսօր բոլորովին այլ է,  քան  10-15 տարի առաջ։ Ի՞նչ կարողություն և հմտություն պետք է ունենա երիտասարդ մասնագետը՝ առաջատար ընկերությունում աշխատելու և առաջխաղացման համար։ Արդյո՞ք բուհական կրթությունը բավարար է այդ չափանիշներին հասնելու համար։

– Հանգամանքների բերումով իմ աշխատանքային գործունեությունն ուղղակիորեն առնչվում է այս հարցին, քանի որ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի շրջանակներում ամենօրյա ռեժիմով աշխատում եմ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի գործատուների հետ։ Հայաստանում աշխատանքի շուկայի առաջարկի ու պահանջարկի խրոնիկ անհավասարակշռության արդյունքում երիտասարդ մասնագետները բավական հաճախ են բախվում իրենց կարողություններին և հմտություններին համապատասխան արժանապատիվ աշխատանք գտնելու դժվարություններին։ Մյուս կողմից, գործատուներն անընդհատ լավ ու որակյալ կադրերի փնտրտուքի մեջ են։

Այս առումով, Կարիերայի կենտրոնի միջոցով մենք փորձում ենք այդ խզումը լրացնել և բուհ-աշխատաշուկա անցումը երիտասարդների համար դարձնել արագ ու հեշտ։ Մեր մշտադիտարկումները փաստում են, որ մասնագիտական գիտելիքն առանցքային նախապայման է աշխատանք գտնելու հարցում։ Դինամիկ մրցակցության այս իրականությունում գործատուն բավական բծախնդիր և պահանջատեր է դարձել, քանի որ գիտի՝ մեկ աշխատատեղի համար պայքարելու է մի քանի թեկնածու։ Ուստի, բուհական որակյալ կրթությունը պարտադիր չափանիշ է աշխատանք փնտրող երիտասարդի համար։ Մյուս կողմից, մասնագիտական կարողություններին զուգահեռ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև փափուկ հմտություններին (soft skills)։ Մեր գործընկեր կազմակերպությունները հաճախ նշում են ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների ակադեմիական ու մասնագիտական մրցունակության մասին։ Սակայն, ցավոք, վերջիններս երբեմն կաղում են փափուկ հմտությունների զարգացման հարցում՝ սկսած մրցունակ CV գրելու կարողությունից մինչև հարցազրույցին պատշաճ ներկայանալը։ Այս առումով, ես անչափ կարևորում եմ հենց Կարիերայի կենտրոնի դերն ու նշանակությունը ուսանողների և շրջանավարտների կյանքում։ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի կողմից մշակվել է «Ինչպե՞ս լինել մրցունակ ՀՀ աշխատանքի շուկայում» վարպետության դասը, որը ՀՊՏՀ ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն է տալու անհրաժեշտ գործնական գիտելիքներ ձեռք բերել՝ աշխատանքի շուկայում ավելի արագ կողմնորոշվելու և մրցունակ լինելու համար։ Վարպետության դասերը կմեկնարկեն շուտով։

– Փոփոխությունների անհրաժեշտության մասին շատ ենք խոսում: Որտեղի՞ց սկսել այդ փոփոխությունները։

– Կարծում եմ՝ պարսիկ բանաստեղծ Ռումին հանճարեղ պարզությամբ տվել է այս հարցի պատասխանը. «Երեկ ես խելացի էի և ցանկանում էի փոխել աշխարհը, այսօր ես իմաստուն եմ և ցանկանում եմ փոխել ինքս ինձ»։ Ես էլ երբեմն նայում եմ իմ շուրջը, և ինձ թվում է՝ այնքան շատ բան կա փոխելու մեր հասարակությունում, որ տագնապայնության ալիքներ եմ զգում։ Այդ պահերին ինքս ինձ բերում եմ պրագմատիկ դաշտ՝ հիշելով Ռումիի խոսքերը։ Մեր երկրի ու հասարակության համար փոփոխություններն անսահման կարևոր են՝ հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ սանձազերձված 44-օրյա պատերազմից հետո։

Կրթական ոլորտում աշխատելով՝ ավելի մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում փոփոխությունների անհրաժեշտությանը։ Մենք հիմա որպես ազգ այս մոլորակի վրա ապրելու գոյապահպանության կռիվ ենք մղում՝ անկախ նրանից՝ գիտակցում ենք դա, թե՝ ոչ։ Արագ փոփոխվելու, դեպի ինքնաճանաչումը, գիտելիքն ու ինքնազարգացումը շարժվելու մեր կարողություններն են մեզ հաղթանակ բերելու այս ճակատամարտում։    

– Ե՞րբ սկսվեց Ձեր ուղին Տնտեսագիտականում։ Որպես աշխատանքային ասպարեզ ինչու՞ ընտրեցիք հենց այս համալսարանը, չէ՞ որ Ձեր գիտելիքն ու հմտությունները բարեհաջող կարող էիք կիրառել նաև մասնավոր հատվածում։

– Ըստ էության, իմ ուղին այս համալսարանում սկսվել է այն ժամանակ, երբ ես ընդունվեցի ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա, ապա՝ «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ ասպիրանտուրա։  Սակայն, կարելի է ասել, որ սերը Տնտեսագիտական համալսարանի, այս մասնագիտության և, առհասարակ, գիտության նկատմամբ, ինձ փոխանցվել է նաև գեներով։ Ամբողջ կյանքում ինձ համար անխոնջ աշխատանքի, նվիրումի օրինակ է եղել հայրս, ով օրնիբուն իր հետևողական և սրտացավ աշխատանքով ցույց է տալիս, թե ինչպես ավելի լավը դարձնել այն միջավայրը, որտեղ գտնվում ես։

Տնտեսագիտականն ինձ համար պարզապես համալսարան չէ, որտեղ ես աշխատում եմ։ Այն միշտ եղել է և կլինի հարազատ հանգրվան, որտեղ բազմաթիվ հիշողություններ ունեմ՝ սկսած մանուկ հասակից։ Իսկ ամենից առաջ, Տնտեսագիտական համալսարանն ինձ համար մարդիկ են. իմ՝ արդեն գործընկեր դասախոսները, որոնք ամբողջ կյանքում լինելու են իմ ուսուցիչները, վարչական անձնակազմի իմ սիրելի գործընկերները, որոնք պատրաստ են կիսել ցանկացած նախաձեռնություն և ոգևորությամբ միանալ մեր համալսարանն ավելի մրցունակ ու լավը դարձնելու ընդհանուր առաքելությանը և, իհարկե, մեր հրաշալի ուսանողները, որոնք մոտիվացնում են աշխատելու մեծ եռանդով ու նվիրումով։

Ճիշտն ասած, չգիտեմ և չեմ հիշում՝ երբ է ընդհանուր առմամբ սկսվել իմ ուղին Տնտեսագիտականում, բայց սրանք են այն պատճառները, որի համար ես ընտրել եմ աշխատելն այս համալսարանում, որտեղ անընդհատ կարծրատիպեր են կոտրվում և որտեղ միջավայրն ու մթնոլորտն ինձ ամեն օր ավելի լավն են դարձնում։

– Ակնհայտ է, որ Ձեր օրը խիստ հագեցած է անցնում` դասախոսություններ, աշխատանք, շփումներ… Կա՞ մի բանաձև, որը Ձեզ օգնում է հասցնել այդ ամենը:

– Ինչպես ՀՊՏՀ կարիերայի կենտրոնում, այնպես էլ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, որտեղ ես աշխատում եմ, առաջիկա ծրագրերն ու նախագծերը շատ են։ Փորձում եմ օպտիմալ հավասարակշռություն գտնել երիտասարդ գիտնական և դասախոս լինելու, հետազոտությամբ զբաղվելու, ակադեմիական ակտիվություն պահպանելու, մասնագիտական աճ ու, երբեմն, անձնական կյանք ունենալու միջև։  

– Ինչպիսի՞ն է Տաթևը աշխատանքից դուրս։

–  Աշխատանքից դուրս անընդհատ նոր երևույթների՝ մարդկանց, վայրերի ու իրադարձությունների փնտրտուքի և ուսումնասիրության մեջ եմ։ Շատ եմ ճանապարհորդել. եղել եմ Չինաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, եվրոպական մի շարք երկրներում։ Շատ փոքր տարիքից տարվել եմ ընթերցանությամբ։ Գիտեմ՝ մասնագիտական աճի վրա սևեռվածության, սոցիալական ցանցերի կլանողունակության այս դարում Դոստոևսկի կամ Բուկովսկի կարդալը մրցունակ չի թվում, բայց սիրում եմ իմ այս «կախվածությունն» ու չեմ էլ փորձելու երբևէ «ազատվել» դրանից։ Անսահման սեր ու հիացմունք ունեմ արվեստի նկատմամբ. ինձ համար ապրելու ու արարելու լավագույն մոտիվացիան է։

Բայց ամեն ինչից ու բոլորից շատ այս աշխարհում սիրում եմ իմ ընտանիքն ու իմ մի քանի ընկերներին, որոնք նույնչափ ընտանիք են։ Կարող եմ ժամերով խոսել, ծիծաղել, լացել, քննարկել իմ սիրելի մարդկանց հետ այն ամենը, ինչը կարևոր է կամ ոչ այնքան, և դրա համար ես ինձ մոլորակի ամենահաջողակ մարդկանցից մեկն եմ համարում։

Լուսանկարները՝ Տաթևիկ Վարդանյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *