«Լավագույն հայրենասիրական արձակ»/Մարիամ Նիգոյան

Ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի հայտարարած հեղինակային ստեղծագործությունների մրցույթի «Լավագույն հայրենասիրական արձակ» անվանակարգի հաղթող, միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Նիգոյանի «Հողի գինը» պատմվածքը։

Հողի գինը

Երազ էր․․․ Կարծես ինչ-որ որոնումների մեջ լինեի՝ հայրենիքի որոնումների։ Երկար քայլելուց հետո հոգնեցի և նստեցի հողաթմբին։ Ինքնաբերաբար ձեռքս երկարեց և մի բուռ հող վերցրի, մոտեցրի քթիս։ Հա՜, հողի բույրն ուրիշ է, շա՜տ ուրիշ։ Բոլոր պատերազմները, միմյանց կոկորդ կրծելը, արյուն թափելը այս հողի համար են։ Այս մի բուռ հողի մեջ մեր ապուպապերի միսն ու արյունն են ձուլված․․․ Հողը հենց այնպես հող չէ․ հողը․․․ Հողը սրբություն է, ով հողի նկատմամբ պաշտամունք չունեցավ, հայրենիքի զգացողություն չի ունենա, հողն անգին գանձ է, հողը երկիրն է, պետություն է, ժողովուրդ ու ազգ պահողն է։ Քանի-քանիսը իրենց արյունը պիտի խառնեն մայր հողին, քանի-քանիսները պետք է իրենց ջահել կյանքը զոհաբերեն հայրենիքի համար։ Հայրենիքը այս հողն է, այսինքն՝ մեր արյունը, մեր սիրտն ու հոգին, իսկ շատերն ասում են՝ մի բուռ հողն ի՞նչ է որ․․․ Մի բուռ հողը մի ջահել կյանք է, զոհաբերված, նահատակված, անմահացած կյանք․․․ Անդրանիկը կասեր՝ «Փրկենք մեր պատիվը»․ ուրեմն հողը նաև պատիվ է, այո՛, պատիվ․․․ Նժդեհն էլ, Մոնթեն էլ,  մենք՝ հայերս, այս հող ու  քարերի ծնունդն ենք․ այս հողի ու քարերի մեջ ներծծված են մեր ապուպապերի միսն ու արյունը։ Եթե մեզ տան Ռուսաստանի տափաստանները, անտառոտ վայրերը, Ֆրանսիայի, Ավստրալիայի բարեբեր հողերը, մենք կկարողանայի՞նք նույն սիրով սիրել ու կապվել դրանց, ինչպես սիրում ու կապված ենք մեր ժեռ-քարերին։ Ո՛չ, ինքներդ էլ  գիտեք՝ ո՛չ։ Չենք կարող սիրել, որովհետև ո՞վ կթողնի, որ գնաս ու ուրիշի հողը տիրես, ասես՝ իմն է։ Մեր քարքարոտ հայրենիքը մեր տունն է․ դա է ի վերուստ մեզ բաժին տրված, և այն, ինչ մեզ տրված է, պետք է կարողանանք պահպանել։ Եթե մեր քարքարոտ հողը պաշտպանում ենք, ուրեմն պաշտպանում ենք մեր տեսակը երկիր մոլորակի վրա․․․ ՈՒ՞ր է իմ ծովից ծով Հայաստանը, ու՞ր է․ թղթի վրա հայրենիք չի լինում, հայը եթե գլուխը դնում է քարին ու քնում քարը բարձ  արած, ուրեմն այդ քարի ու հողի համար պատրաստ է կյանքն էլ զոհաբերելու։

Հեռվից հայրենիք չեն ունենում, հայրենիքում ապրում են, եթե անհրաժեշտ է, զոհվում։ Մենք երազող ժողովուրդ ենք, իմ երազում էլ, ահա՛, Վանա ծովի վրա եմ նավարկում, բայց․․․ Բայց ու՞մ մնացին Վանա լիճն էլ, Ուրմիա լիճն էլ, ու՞մ մնացին․․․ Ուզում եք հայրենի՞ք ունենալ, այդ հայրենիքում, այդ հայրենիքի հող ու ջրի, քար ու ժայռի վրա պիտի ապրեք։ Գնացե՛ք, գնացե՛ք  ձեր ոտքերի տակի հողը պահեք-պահպանեք․ դա է հայրենիքը։ Խրիմյան Հայրիկը մեզ պատգամել է միշտ երկաթե շերեփ ունենալ մեր տեսակը պահպանելու համար։ Փառք Վեհափառին, որ պատգամ թողեց մեզ՝ երկաթե շերեփ ունենալու, այն է՝ լինել ուժեղ և զենքով կռել մեր ինքնությունը․․․

Ահա՛, տեսեք, գալիս է Մեծն Տիգրանը՝ տնկիները ձեռքին․․․ Ծիրանենիներ․․․ Ծառեր պետք է տնկել, կյանքը կանգ չի առել, հատկապես ծիրանենիներ, ծիրանենին մեր կենաց ծառն է։ Հըմմ, բոլոր տնկիներն էլ կկպչեն,հողը լավն է, տնկիները՝առողջ։ Հենց պտուղ տան հայրենիք կկոչեմ ։Իսկ մինչ տնկիներին անդրադառնալը մի խոսք ուղղեմ ձեզ։ Հայը պետք է հպարտանա ոչ թե Մակեդոնացի Ալեքսանդրով, Նապոլեոնով, այլ Տիգրան Մեծով, Նժդեհով, Մոնթեով․․․․Քնից արթնանալիս յուրաքանչյուր հայ մարդ՝ երեխա թե մեծ, կին թե տղամարդ, որպես աղոթք պետք է մրմնջան՝ ես հպարտ ու երջանիկ եմ, որ հայ եմ, քանզի իմ երկիրը Հայաստանն է։ Յուրաքանչյուր երիտասարդ պետք է սրտի տրոփյունով սպասի այն օրվան, երբ իրեն կկանչեն իր Հայաստան հայրենիքի բանակում ծառայելու։ Յուրաքանչյուր հայ երիտասարդ պիտի պատվախնդրություն զգա հայրենքին ծառայելու, և ոչ թե տզրուկի նման նրա արյունը ծծելու․․․ Ողբ ու կականով չպետք է շարունակվի, հայի տեսակը թույլն ու տկարը չէ, գռփողն ու անիրավը չէ, կաշառակերն ու քծնողը չէ, օտարամոլը չէ, հարմարվողականը չէ, հայի տեսակը Սասնա ծռերն են, Մախլուտոները, Մոնթեները․․․․Դե, եկեք վերադառնանք իմ այգի՝ տնկիներիս։ 8-10 տարեկան տղաներ կիսահաս պտուղները լցնում էին գրպանները, բայց հանկարծ տղաներից մեկը պտուղները պոկելիս ջարդեց ճյուղը։ Գիտե՞ք, ինձ ինչը ուրախացրեց՝ տղաներից մեկի մտահոգությունը ծառի հանդեպ․ նա հանդիմանեց ընկերոջը, որ ճյուղը կոտրեց։ Նշանակում է՝ որքան էլ չարի ձեռքը կոտրի, ծառը բարի պահապան ունի։ Իսկ հիմա ասեք՝ ո՞րն է հայի տեսակը։ Մեր տեսակն այն տղան է, որը ցավ ապրեց ծառի ճյուղը կոտրվելիս։ Այդ տեսակը մենք պարտավոր ենք պահպանել։ Հայ մարդը կոտրող տեսակ չէ, հայ մարդն աճեցնող, բարիք ստեղծող տեսակ է․ ՀԱՅԸ արարող տեսակ է․․․
Եվ ի՞ նչ, կրկին վերականգնելու՞ ես այգիդ։

– Այո՛։
– Իսկ չե՞ս վախենում, որ չարկամները կրկին կկոտրեն ծառերը։
– Ո՛ չ, հայ ազգ, այլևս չեմ վախենում, քանզի նոր սերնդի մեջ ծառի արժեքն իմացողներ կան, կոտրված ճյուղի համար ցավեցողներ կան ․Հերի՛ք է, հոգնել եմ պատմության լաբիրինթոսում լույս որոնելուց․ այն մեր մեջ որոնելու ժամանակն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *