Իմ ՀՊՏՀ

Էսսեների մրցույթ

ՀՊՏՀ-ն ես եմ, ՀՊՏՀ-ն դու ես, ՀՊՏՀ-ն մենք ենք․ նրա շունչը, հոգին, ոգին, նրա արևածագն ու մայրամուտը , անդորրն ու աղմուկը, նրա հաջողությունն ու պարտությունը, տերն ու ծառան, միսն ու արյունը, այդ օջախը մենք ենք կերտում, քար առ քար ամեն օր մենք կերտում ենք նրա ներկան և կանխորոշում ապագան, այն վերածնում է մեզ, մենք՝ իրեն․․․

Բոլորս էլ կյանքում ունենք երազանք… Իմ երազանքը կապված է մարդկանց հետ. այն իմն է, բայց ոչ ինձ համար… Այո, էդպես էլ է լինում, երբ ներդնում ես քո ժամանակի 200%-ը, ողջ ուժը, ջանքն ու եռանդը հանուն մի անծանոթի, ում հետ միակ ընդհանրությունդ բուհն ու ձգտումն է դեպի…

Այդ դեպին յուրաքանչյուրի համար չափազանց սուբյեկտիվ է. երկու տարբեր մարդիկ նույն գործողությունը կատարելիս անում են այն տարբեր վերջնաարդյունքի ակնկալիքով և տարբեր շահադրդումներից ելնելով… Լինելով բազմաթիվ մեծաքանակ հարթակների անդամ` սկսում ես քիչ-քիչ ճանաչել, հասկանալ, ընկալել մարդկանց աշխարհայացքը, և այդ դեպին քեզ համար դառնում է բազում ճանապարհներից կազմված մի խաչմերուկ, որտեղ չկա սխալ ընտրության հնարավորություն… Միևնույն ժամանակ ճիշտն էլ է բավականին սուբյեկտիվ. յուրաքանչյուր ոք նայում է իր թռիչքի բարձրությունից և իր դիտանկյունից․․․

Ինձ համար բուհը այն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական միջավայրերի միավորումն է, որը ոչ միայն տեսական գիտելիք, այլև բազում հարցերի շուրջ մտածելու տեղիք է տալիս․․․ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ է ձեզ համար բուհը, ունի՞ այն արժեք ձեզ համար, թե՞ զուտ դիպլոմ ստանալու, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու կամ էլ պարզապես օրվա դասը սերտելով՝ անվճարը ապահովելու տեղ է․․․ Հաա, համաձայն եմ՝ գալիս ենք բուհ սովորելու, լավ մասնագետ դառնալու, մեր օրվա հացը ապահովելու, բայց դրա հետ մեկտեղ, վերցնելով մեզ անհրաժեշտը, ի՞նչ ենք տալիս փոխարենը․․․ Գուցե թողնեմ խեղկատակի տպավորություն, բայց ապագա ՀՊՏՀ-ն պատկերացնելիս համեմատում եմ այն Հարվարդի կամ Օքսֆորդի հետ․ մի փոքրիկ ուսանողական քաղաք, որտեղ բոլոր երազանքները իրականություն են դառնում, որտեղ մտահղացումները ամեն քայլափոխի են և ի կատար են ածվում, որտեղ ուսանողը սիրում է իր բուհը անձնվիրաբար և առանց մեկ րոպե կասկածելու, որ գտել է իր տեղը։ Որտեղ ուսանողը գիտելիք վերցնելուց զատ կիրառում է այն և տալիս բուհին տասնապատիկը իր կորովի, եռանդի, ոգևորության, նորարարական գաղափարների, ուղեղի բոլոր մեխանիզմների ներդրմամբ, և իր պարտքն է համարում հետք թողնել իրենից հետո, թեկուզ իր փոքր, չնչին ներդրմամբ օգնել դիմացինին կամ հաջորդին վայելել ավելի լավ համալսարան, ավելի լավ կրթական համակարգ ու միջավայր, պայքարել հանուն արդարության, հանուն հավասարության, հանուն արժեքների, հանուն իր «փոքրիկ» 7000 հոգանոց ընտանիքի և յուրաքանչյուր այնտեղ գտնվող անդամի համար։Երբ ինձ երբեմն հարցնում են, թե համալսարանում ի՞նչ եմ աշխատում, ես կես կատակ կես լուրջ պատասխանում եմ․ «Աշխատում եմ ուսանող». այո, դա իրոք աշխատանք է, աշխատանք, երբ մեծագույն ակնկալիքդ արդյունքն է, որը պետք է ծառայի ի օգուտ բոլորի, երբ ներդնում ես էներգիա, ժամանակ, նյարդ, ռեսուրս առանց մեկ րոպե անգամ վարանելու, որովհետև գիտես՝ որոշ ժամանակ հետո քո նման մեկը կվայելի արածդ գործի պտուղները և կլինի շարունակողը բարեփոխման շղթայի․․․Կասեք ալտրուիզմ է կամ էլ միամիտ եմ, ես էլ կասեմ՝ մոտալուտ ապագայի այն արժեքներն են, որոնց կրողը կլինի մեզնից յուրաքանչյուրը՝ ինչպես ուսանող, այնպես էլ դասախոս և ղեկավար․ ապագան է թելադրում․․․
P.S. Մի փոքրիկ հավելում․ ցանկանում եք լինել հաջողակ՝ պատրաստ եղեք դաժան, քրտնաջան աշխատանքի, ցանկանում եք ունենալ լավ, որակյալ կրթություն՝ ատամներով պայքարեք ձեր բուհի համար, ցանկանում եք երջանկություն՝ պատրաստ եղեք արարել այն ձեր շուրջը, պարգևել դիմացինին և վայելել կատարված աշխատանքի ոչ նյութական արդյունքը․․․

Ալլա Հարությունյան
Ֆինանսական ֆակուլտետ բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրս

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *