Հուշապատում. Գրիշա Մաթևոսյան

ՀՊՏՀ

Սիրելի ՀՊՏՀ-ականներ,

բլոգի այս բաժնում սկսում ենք «Հուշապատում» շարքը, որտեղ, որպես երախտագիտության ու խոնարհումի տուրք, որպես հայրենյաց հերոսների անմահության վերահաստատում, կարող են տեղ գտնել մեր զոհված ուսանողների և շրջանավարտների մասին ձեր հուշերն ու պատմությունները:

Առաջին հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող Գրիշա Մաթևոսյանն է: Նրա մասին պատմում է կուրսընկերուհին՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

Սիսիանի հերոսը…

Գրիշա Վահանի Մաթևոսյան

2020 թվականի հուլիսին՝ Տավուշի մարտերի ժամանակ, ես կորցրեցի իմ հարազատ մարդկանցից մեկին՝ Գրիշին…

Գրիշի հետ սովորում էինք նույն կուրսում ու մեկ տարում շատ մտերմացանք: Գրիշը Սիսիանից էր ու էնքան համով ակցենտ ուներ. զանգում էր ինձ ու իրա տոնով ասում. «Բա դու հիմա ու՞ր ես»: Միշտ զրուցում էինք տարբեր թեմաներից, մեր չստացված անձնական կյանքից ու կատակում էր. «Լիլիթի՛կ ջան, չմտածես, մեզ որ ոչ մեկը չուզի, վերջում իրար կուզենք»:

Գրիշն անսպառ հումորով, դրական էներգիայով ու կյանքով լի էակ էր, ով էնքան նպատակներ ուներ…

Մի օր էլ զրուցում էինք, ասաց. «Սերը անգամ աթարին ա կպնում, դե պատկերացրու ինչքան վատն ենք, որ մեզ չի կպնում ու չի կպնում»:  Գրիշն էն մարդն էր, ում կարող էիր զանգել ցանկացած օր ու ժամի, ինքը կգար, կողքիդ կլիներ:  Գրիշը շատ էր սիրում мятный  կոնֆետ ու գրպանում միշտ ուներ դրանից, ես էլ ծնունդին մի մեծ տուփ էդ կոնֆետից նվիրեցի:

Վերջերս, որ զրուցում էինք, ասաց. «Աղջի՛կ, որ նշանվես ինձ կանչելու ես, չէ՞»:  Գրիշը շատ թիթիզ էր, ասում էր. «Լիլիթի՛կ ջան, դու պատկերացնո՞ւմ ես 2-րդ կուրսեցիների դեմքը, որ իմ նման սիրուն տղա մտնի լսարան»: Ափսոս, Գրի՛շս, չտեսան սիրունությունդ, բայց իմացան սխրանքիդ մասին, ու բոլորիս հուշերում դու կմնաս հերոս Գրիշը:

 2018 թվականի ձմռանը միջոցառման էի, ու Գրիշը մի քանի անգամ զանգել էր, չէի լսել, երբ դուրս եկա, պատահական իրար տեսանք ու ասաց: «Դու քանի՞ գլխանի ես, որ իմ զանգերին չես պատասխանում»:

 Ես, Նարեն ու Գրիշն էինք, քայլում էինք միասին, խոսում, ուրախանում. Նարեին ճանապարհելուց հետո գնացինք իմ կանգառ, դա մեր վերջին հանդիպումն էր, ու եթե ես իմանայի, որ վերջինն էր, որ վերջին անգամ եմ գրկելու Գրիշին, ես չէի նստի ավտոբուսը ու չէի գնա տուն…

Ուզում եմ իմանաք, որ մենք հրաշք ենք կորցրել… Ես անսահման շատ եմ կարոտում իրեն, ու ամեն անգամ իր մասին խոսելիս արցունքներս չեմ կարողանում զսպել…

 Երանի դուք էլ ճանաչեիք Գրիշին: Իր մահից էսքան ամիս անց  հազիվ իմ մեջ ուժ գտա ու պատմեցի ձեզ իմ երբևէ ճանաչած ամենալուսավոր մարդու մասին:

Գրիշի մահից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց…

Հասկացա, որ պետք ա ամուր պահել ընկերությունը, միշտ գրել, խոսել, հանդիպել, գրկել, պետք ա ավելի շատ ժամանակ տրամադրել հարազատներին ու սիրելի մարդկանց, որովհետև կգա մի օր, որ կուզենաս պինդ գրկես, բայց էլ չես կարողանա…

Լիլիթ Հովհաննիսյան

4-րդ կուրս, մարքեթինգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *