Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Սուրեն Շուշանյան

Համառությունը կարող է դառնալ հաջողության գրավական. ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության շրջանավարտ Սուրեն Շուշանյանի համոզմունքն է։ Իր հաջողությունների համար նա պարտական է համառ բնավորությանը։

«Համալսարանում ուսումնառությունը ևս մեկ մարտահրավեր էր, որը պատվով հաղթահարեցինք թե՛ ես, թե՛ կուրսընկերներս»,- ասում է Սուրենը՝ անկեղծանալով՝ 4 տարվա ընթացքում, սկսած առաջին քննությունից մինչև ավարտական աշխատանքի ներկայացումը, փորձել է յուրաքանչյուր ձախողում նոր հնարավորություն ու փորձառություն դարձնել իր համար և երջանիկ է, որ միայնակ չի եղել այդ ճանապարհին։ «Շնորհակալ եմ ուսանողական տարիներին ինձ աջակցած բոլոր դասախոսներին, ֆակուլտետի դեկանին և, իհարկե, ընկերներիս, որոնք ցանկացած հարցում պատրաստակամ են եղել՝ օգնելու ինձ»,- ասում է Սուրենը՝ չբացառելով, որ կուսանի ՀՊՏՀ մագիստրատուրայում, որը նոր փորձառության ժամանակաշրջան կդառնա, նոր հնարավորություններ և մասնագիտական աճ կապահովի։ Առավել ևս, որ Սուրենը գիտահետազոտական աշխատանքի ներուժ ունի. ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության անդամ է եղել, հոդվածներ տպագրել, նույնիսկ՝ Economic Journalists Clumb (ejc.am)-ում։ Մասնագիտական առումով Սուրենին ոգևորում է տվյալագիտության և մեքենայական ուսուցման ոլորտներում աշխատելու հեռանկարը։

Իսկ առայժմ վայելում է արձակուրդը. ավարտական դիպլոմային աշխատանքը՝ «Կլիմայի փոփոխության վիճակագրական վերլուծությունը ՀՀ-ում», երիտասարդից քիչ ջանք չի խլել, արդյունքում «Գերազանց» գնահատականի է արժանացել ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կողմից։

Սուրենը մեկն է ՀՊՏՀ այս տարվա փայլուն շրջանավարտներից, որոնք վստահ քայլերով առաջ են շարժվում, իսկ այդ ճանապարհին կենսասիրությունն ու աշխատասիրությունը նրանց մշտական ուղեկիցներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *