ԻՆՁ ՉԱՓԱԶԱՆՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԱՅՍՕՐՎԱ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ․ ԱՆՈՒՇ ՇԻՐԻՆՅԱՆ

«Երիտասարդ դասախոս» խորագրի ներքո այս հինգշաբթի զրուցել ենք ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի դասախոս Անուշ Շիրինյանի հետ։

Անուշ Շիրինյանը  կիրառական վիճակագրության ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ կրթություն, նորարարություն, տվյալագիտություն, վիճակագրական ծրագրային ժամանակակից փաթեթներ, այդ թվում՝ ծրագրավորման լեզուներ։ Դասախոսական 10 տարվա փորձ ունի։ Դասախոսելուն զուգահեռ զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով, կազմակերպական, մեթոդական օժանդակություն ցուցաբերում ուսանողների կողմից հետազոտությունների կատարման, ՀՀ-ում և արտերկրում գիտական ամենատարբեր միջոցառումներին մասնակցության հարցում, ինչպես նաև մասնագիտական հմտությունների և կարողությունների շրջանակն ընդլայնելու նպատակով ակտիվորեն մասնակցում է տարբեր դասընթացների և վերապատրաստումների։

Անուշ Շիրինյանի հետ զրուցել ենք վիճակագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների դերի, դասախոս-ուսանող հարաբերության մասին։

– Ինչու՞ հենց վիճակագրություն։ Ինչո՞վ Ձեզ գրավեց կիրառական վիճակագրության ոլորտը։

-Առաջին հերթին՝ իր ունիվերսալությամբ: Չկա հասարակական կյանքի որևէ ոլորտ, որտեղ վիճակագրությունն անելիք չունենա: Վիճակագրությունը հնարավորություն է տալիս խորանալու երևույթների և գործընթացների էության մեջ, նկարագրելու կապերը, հասկանալու պատճառները, բացահայտելու ոչ ակնառու օրինաչափությունները։

Ցավոք, վիճակագրի մասնագիտության վերաբերյալ երբեմն թյուր պատկերացումներ են լինում։ Այս մասնագիտությունը ընկալվում է որպես պարզունակ հաշվետարություն, ինչ-որ թվերի հավաքագրում և պահպանում, դրանց հիման վրա ուրիշ թվերի դուրսբերում և այդպես շարունակ։ Մի խոսքով՝ ձանձրալի և ոչ արդիական մասնագիտություն, ոչ մի հետաքրիր բան։

Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ է։ Վիճակագրի մասնագիտությունը, ըստ էության, ներառում է ամենատարբեր երևույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, համակարգումը և վերլուծությունը, ինչպես նաև երևույթների ու գործընթացների վիճակի և զարգացման քանակական, նաև՝ որակական գնահատումը: Այսինքն՝ վիճակագրական գիտելիքով զինված մասնագետն ի վիճակի է կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, արդյունավետ կերպով դրանք մշակել ու ընդունել որոշում։ Հենց սրանում է վիճակագրության գրավչությունը:

– Քաղաքակիրթ աշխարհում բուհ ընդունվելը երիտասարդների համար նպատակներին ու երազանքներին հասնելու միջոց է։ Իսկ մեզ մոտ  դիպլոմ ունենալ ցանկանում են շատերը, անգամ եթե այն նպատակին չի ծառայելու։ Ի՞նչն է պատճառը՝ աշխատաշուկայի պահանջա՞րկը, դպրոցում մասնագիտական կողմնորոշման բա՞ցը, թե՞ դիպլոմ ունենալու ձգտումը:

– Ըստ իս՝ մեզ մոտ ևս բուհ ընդունվելը նպատակին հասնելու միջոց է, ուղղակի նպատակն է մի փոքր այլ: Խնդիրները բազմազան են, և Ձեր նշած բոլոր գործոններն էլ էական ազդեցություն ունեն: Այնուհանդերձ, առավել կարևորում եմ դպրոցում մասնագիտական կողմնորոշման բացը լրացնելու հիմնախնդիրը: Այսօր ավագ դպրոցը չի իրականացնում իր հիմնական նպատակը` մասնագիտական կողմնորոշում և նախնական մասնագիտական կրթություն տալը, և իր ուսումնական խնդիրներով շատ քիչ է տարբերվում հիմնական դպրոցից: Ավելին, ավագ դպրոցներում միշտ չէ, որ կան բոլոր հոսքերն ու ենթահոսքերը, այդ թվում՝ արվեստի, ռազմագիտական, մարզական և այլն: Արդյունքում, տնտեսագիտական համալսարան է ընդունվում նա, ով մանկուց երազել է դառնալ նկարիչ կամ դերասան:

Աշխատաշուկայի պահանջարկը ևս կարևոր գործոն է: Հաճախ դիմորդները մասնագիտություն ընտրելիս առաջնորդվում են ոչ թե իրենց նախասիրություններով և ուժեղ կողմերով, այլ ծնողների, բարեկամների և ծանոթների խորհրդով կամ հեղինակային, հնչեղ ու մոդայիկ մասնագիտությունների մի սեղմ ցուցակով, որ բացարձակապես չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջարկին:

Միաժամանակ պետք է ընդունենք, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ ընտրած մասնագիտության նկատմամբ սերը այս կամ այն պատճառով ծնվում կամ մարում է բուհում: Երկու դեպքում էլ մեծ ազդեցություն են ունենում դասախոսների մասնագիտական, անձնային որակները, կրթական ծրագրերի բովանդակությունը և մի շարք այլ գործոններ: Ուստի, հիմնախնդրի լուծումը հնարավոր է դիտվում միայն համակարգային ու արմատական փոփոխությունների դեպքում:

– Աշխարհն այսօր թևակոխում է տեխնոլոգիական դարաշրջան։ Ինչպե՞ս եք վերաբերվում առհասարակ նորարարություններին և, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կապել կրթությունը IT ոլորտի հետ։

– Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք տեխնոլոգիական աննախադեպ զարգացման արդյունքում ձևավորված նոր իրականություն, որը պահանջում է էական փոփոխություններ կատարել կրթության համակարգում։ Այն մոտեցումը, որ սովորեցնողը գիտելիքի հիմնական կրողն է, իսկ տպագիր դասագիրքը՝ գիտելիքի հիմնական աղբյուրը, արդեն հնացած է, քանի որ տեխնոլոգիաների շնորհիվ գիտելիքի փոխանցման աղբյուրներն ավելի մատչելի ու բազմազան են դարձել։

Փոխվել է նաև հաղորդակցական մշակույթը։ Եթե նախկինում հաղորդակցական մշակույթը հիմնվում էր բանավոր խոսքի վրա, իսկ ավելի ուշ՝ տպագիր տեքստի վրա, ապա այսօր դրա հենքը տեսալսողական միջոցներն են։ Սա ամենևին չի նշանակում, որ տպագիր տեքստերը պետք է անտեսվեն։ Պարզապես, կրթության ոլորտում պետք է օգտագործվեն հաղորդակցման առավել բազմազան գործիքներ։

– Ո՞վ է այսօրվա ուսանողը։

– Այսօրվա ուսանողը ինքնավստահ է, ըմբոստ, հարցասեր, մի քիչ էլ հանդուգն, թե ՛ լավ, թե՛ վատ առումով՝ կախված իրավիճակից, աշխարհին այլ աչքերով է նայում, մտածելակերպը կաղապարված չէ, ունի սեփական կարծիք, տեսակետ, քննադատական մտածողություն և իր իրավունքները պաշտպանելու ունակություն: Ինձ չափազանց հետաքրքիր է այսօրվա ուսանողի հետ աշխատելը:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարող է դասախոսը նպաստել ուսանողների լավագույն որակների զարգացմանը՝ լինեն դրանք աշխատանքային, մասնագիտական, թե անձնային։

-Առաջին հերթին՝ սեփական որակները զարգացնելով, դրանք ուսանողին փոխանցելիս ժլատություն չցուցաբերելով: Կարևորում եմ նաև փոխադարձ հարգանքի, վստահության և անմիջականության մթնոլորտը:

– Աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար ապագա շրջանավարտների մրցունակությունը բարձրացնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում։

– Ժամանակակից իրողություններն այնպիսին են, որ բուհի շրջանավարտը ապագա աշխատանքի մասին պետք է մտածի ուսման ընթացքում, երբ դրվում են նրա հետագա աշխատանքի ու մասնագիտական ​​հետագծերի հիմքերը։ Գործազուրկ երիտասարդների զգալի թվի առկայությունը, որոնցից շատերն ունեն մասնագիտական կրթություն, և միաժամանակ թափուր աշխատատեղերի առկայությունը, ի թիվս այլ բաների, վկայում են շրջանավարտների ոչ ճիշտ աշխատանքային ու մասնագիտական կողմնորոշումների, իսկ որոշ դեպքերում՝ ցածր պրոֆեսիոնալիզմի և մրցունակության մասին։ Այս պայմաններում առանձնահատուկ սոցիալ-տնտեսական նշանակություն է ստանում երիտասարդների մասնագիտական մրցունակության արդյունավետության բարձրացումը։ Հատկապես կարևորվում է աշխատաշուկայի պահանջներին առավելագույնս համապատասխանող մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը: Շատ է խոսվում այն մասին, որ բուհերը կիրառական գիտելիք չեն տալիս: Սակայն, ես այս հարցը մեկնաբանում եմ բոլորովին այլ դիտանկյունից. կիրառական գիտելիքները կարող են բավական կարճ ժամանակ անց այլևս արդիական չլինել` կապված տեխնոլոգիաների և գիտելիքի փոփոխության այժմյան տեմպերի հետ: Ուստի, կարծում եմ՝ բուհերը պետք է պատրաստեն բանիմաց, լայնախոհ, նպատակասլաց, վերլուծական կարողություններ ունեցող, քննադատական և համակարգային մտածողությամբ օժտված, վիճակագրական և այլ գործիքներին լիարժեքորեն տիրապետող, անընդհատ սովորելու և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու ցանկություն ունեցող շրջանավարտներ: Մրցակցային այսպիսի հատկանիշներ ունեցող շրջանավարտները հեշտությամբ կարող են հարմարվել տվյալ աշխատանքի պահանջներին և դիմակայել աշխատաշուկայի հարափոփոխ մարտահրավերներին։

– Բուհական տարիներն ինչպիսի՞ ազդեցություն են թողել Ձեզ վրա՝ թե´ որպես անհատ կայացման, թե´ մասնագիտական առումով։ Երախտագիտությա՞մբ եք հիշում Ձեր դասախոսներին։

-Բուհական տարիները կյանքիս լավագույն տարիներից են եղել բոլոր առումներով, և այդ տարիներիս կարոտը ինչ-որ չափով առնում եմ իմ ուսանողներից: Երախտապարտ և շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին, որոնցից շատերի հետ այսօր, հուրախություն ինձ, ջերմ գործընկերային, ինչու չէ՝ նաև ընկերական հարաբերություններ ունեմ: Մասնագիտական ձեռքբերումներիս համար առանձնահատուկ շնորհակալ եմ երջանկահիշատակ Հակոբ Հակոբյանին, նրա որդի Կարեն Հակոբյանին և վիճակագրության ամբիոնի բոլոր դասախոսներին: Նաև շնորհակալ եմ իմ այսօրվա անմիջական ղեկավարներին՝ ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին և դեկան Սոս Խաչիկյանին, ովքեր չեն թողնում, որ ես բավարարվեմ իմ ձեռքբերումներով և նպաստում են գիտելիքներիս շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը: Անչափ շնորհակալ եմ բոլորին:

– Ձեր անցած ճանապարհը որքանո՞վ է գոհացնում Ձեզ։ Ինչի՞ համար եք ափսոսում և ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում, եթե հնարավորություն ունենայիք։

-Լիովին գոհացնում է: Ունեմ հրաշալի ընտանիք, զբաղվում եմ սիրած գործով, կարողանում եմ օգտակար լինել շրջապատիս: էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Միակ բանը, որ կուզեի չլիներ իմ ու բոլորիս կյանքում, պատերազմն է: Տա՛ Աստված՝ հարատև խաղաղություն լինի, և մենք այլևս պատերազմ չտեսնենք:

Լուսանկարները՝ Անուշ Շիրինյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *