Հայկական դրամը 28 տարեկան է

Ուղիղ 28 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, Հայաստանում ներդրվեց ազգային արժույթը՝ դրամը։ Ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը, սակայն, ծագել էր դեռևս 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ հռչակվեց ՀՀ անկախությունը։

Ի դեպ, քչերը գիտեն, որ ազգային արժույթն անվանելու բազմաթիվ առաջարկներ են եղել ժամանակին՝ «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», բայց արդյունքում ընտրությունը կանգ է առել «դրամ»-ի վրա։

«Դրամ» թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է հունարեն «դրախմա» բառից։ Հայկական դրամի գրանշանի առաջարկված տարբերակներից էլ հավանություն տրվեց Կարեն Կոմենդարյանի և նկարիչ Ռուբեն Արուտչյանի համատեղ կատարած էսքիզներին և հաստատվեց հայկական դրամի գրանշանը՝ «֏»-ն։ Այն հայոց այբուբենի մեծատառ «Դ» տառն է՝ երկու հորիզոնական գծերով, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։

Նշենք, որ  ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է  ՀՀ կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները, սակայն,  պատրաստվում են արտերկրում, քանի որ Հայաստանում բացակայում են պետական դրամատպարանն ու դրամահատարանը։

Ի դեպ, հայկական դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան էլ կա։ Այն գտնվում է Կենտրոնական բանկի դիմաց և ստեղծվել է դրամի 15-ամյակի կապակցությամբ՝ 2008 թվականին։ Արձանի հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։

Այսօր նաև Բանկային աշխատողի օրն է, որը Հայաստանում նշվում է 2003 թվականից, երբ հայկական դրամն արդեն 10 տարեկան էր։

Շնորհավորում ենք բանկային ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *