Հին Նոր տարի կամ քանի Նոր տարի են ունեցել հայերը

Ավանդույթի ուժով մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, այսօր նշվում է հին տոմարով Նոր տարին։ Սա, իհարկե, ոչ պաշտոնական տոն է և, ըստ Հուլյան օրացույցի, նշվել է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Իսկ քանի՞ Նոր տարի են ունեցել հայերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ մենք ունեցել ենք երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ։

Վաղնջական ժամանակներում մեր նախնիները նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. չէ՞ որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին։ Ահա այդ օրն էլ հայերը դարձրել են նոր տարեգլուխ և մեծ տոնախմբությամբ նշել այն, փառաբանել բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որ տարին արգասաբեր լինի։

Հայկական երկրորդ Նոր տարին եղել է Նավասարդի 1-ը (օգոտոսի 11-ը)։ Մ․թ․ա․ 2492 թվականի հենց այս օրն է, ըստ ավանդության, Հայկը սպանել բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու հետնորդներին։

Հայկը, այսպիսով, նաև հայկական տոմարի հիմնադիրն է, ինչպես վկայում է միջնադարի նշանավոր տոմարագետ Հովհաննես Սարկավագը։

Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որը նշանակում է Նոր տարի։ Տոնի ամենամեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արածանի գետի ափերին, Նպատ լեռան փեշերին։ Տոնախմբությանը ներկա էին լինում թագավորն ու թագուհին, նշանավոր զորապետներ, արքունականներ, մարդիկ Հայաստանի գրեթե բոլոր գավառներից։ Տոնը, որ տևում էր մի քանի օր, ուներ նաև ազգային միասնության մեծ խորհուրդ։ Ընդ որում, տոների ժամանակ չափավոր է եղել և´ ուտելիքը, և´ խմիչքը. նավասարդավորների մեջ հարբեցողներ գրեթե չեն եղել։

Նոր տարվա հայկական ուտելիքների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում։ Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց։ Հայկական հնագույն առածն ասում է. «Առանց գինու նոր տարի կգա, առանց նգածաղիկի՝ կուշանա»։ Հայերը Նոր տարում վայելում էին նաև սքանչելի նգածաղիկը, որն աճում էր Մասիսի լանջերին։ Այստեղ էլ ազգային միասնության խորհուրդ կար. նգածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի, Միջնաշխարհի հետ, այսինքն՝ հայրենիքի սրտի հետ։

Հունվարի 1-ը՝ որպես նոր տարվա սկիզբ, ընդունվել է 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարով։ Բայց մինչ այդ, հայերն արդեն սկսել էին Նոր տարին տոնել այդ օրը։ Հունվարի 1-ի ուտելիքների մեջ մտել են տարվա անվան՝ Նոր տարի, Նավասարդ, սկզբնատառով՝ Ն-ով սկսվող սննդամթերքներ՝ նգածաղիկ, նուռ, նուշ և այլն։

Դե ինչ, շնորհավոր բոլորիս Հին Նոր տարին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *