Փոքր դիմանկար՝ մեծ ապագայի նախաշեմին

Լարիսա Բուռնուսուզյան

Լարիսա Բուռնուսուզյանն ավարտում է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը։ Հունիսի 7-ին գերազանց պաշտպանեց դիպլոմային աշխատանքը՝ «Ընթացիկ ակտիվների իրացվելիության վերլուծություն» թեմայով, և քննասենյակից դուրս եկավ 20 միավոր վաստակած։ Դիպլոմային աշխատանքը գրելու ընթացքում արդեն համոզվել էր՝ ընթացիկ ակտիվները հնարավոր է խորությամբ վերլուծել, իսկ կատարած վերլուծությունը օգտակար կլիներ նաև այն ընկերությանը, որտեղ աշխատում էր առաջին կուրսից՝ սկզբում որպես հաշվետար, այժմ՝ գլխավոր հաշվապահ։

Որ ուսումը պետք է համատեղեր աշխատանքի հետ, հասկացել էր դեռ մինչև բուհ ընդունվելը։ Այդ պատճառով էլ վճռել էր՝ հեռակա կսովորի։ Ուսումնառության ընթացքում էլ փորձել է կոտրել այն կարծրատիպը՝ իբր հեռակայում սովորող ուսանողը չի կարող բարձր առաջադիմություն ունենալ: Խոստովանում է՝ աշխատանքի ընդունվել  է այն հանգամանքի շնորհիվ, որ «Ժողի» ուսանողուհի է։Որ Տնտեսագիտականն իր համար թիվ մեկ համալսարանն է, Լարիսան հասկացել էր դեռ դպրոցում. երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ ու պայքարել ՀՊՏՀ ընդունվելու համար։Ասում է՝ «Ժողն» իրեն, գիտելիքից զատ, վստահություն է տվել․ «Գիտեք՝ հեռակայի դասերը մեկ ամիս են տևում, բայց մենք առկայի հարցաշարով ենք մասնակցել քննություններին, ոչ մի զիջում չի եղել. պիտի լավ սովորեինք։ Ցանկացած հարցով դասախոսները մշտապես կապի մեջ են եղել մեզ հետ, սիրելի դասախոսներ ունեմ, որոնց դիմել եմ նույնիսկ աշխատանքի ընթացքում ծագած այս կամ այն հարցով»։

Լարիսան այս պահին անհամբերությամբ սպասում է դիպլոմին. հաշվապահի միջազգային որակավորում ստանալու համար նախ դիպլոմ պետք է ներկայացնի, ապա քննություն հանձնի։

Հաշվապահությունից հետո մեծագույն սերը նկարչությունն է. նկարում է ընկերների, բարեկամների համար: Ազատ ժամանակ գրեթե չի ունենում, իսկ եթե ունենում է, ապա Հարկային օրենսգիրք է կարդում՝ ամեն անգամ մի նոր բան հայտնաբերելով։

Լարիսան ժպտերես աղջիկ է, սիրում է երազել, ու բոլոր նրանց, ովքեր երազանքի ճանապարհին են, խորհուրդ է տալիս խիզախել և դեմ գնալ կարծրատիպերին:

Ինքը հենց այդպես է վարվել՝ բակալավրիատի հեռակա կրթաձևում գերազանց սովորելով և մասնագիտական աշխատանքում համարձակ քայլերով առաջ ընթանալով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *