ԱՄԵՆԱՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴ, ՈՎ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ. ԱՐԳԱՄ ԱՐՏԱՇՅԱՆ

Այս հինգշաբթի զրուցել ենք ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Արգամ Արտաշյանի հետ։

Արգամ Արտաշյանը ՏՏ ոլորտի մասնագետ է, տնտեսագիտության թեկնածու։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ կառավարում, ՏՏ, հոգեբանություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա։ Դասախոսական 7 տարվա փորձ ունի, զուգահեռ զբաղվում է նաև կայքերի բովանդակության ստեղծմամբ (content writing), կայքերի մոդերացիայով, Amazon հաշիվների կառավարմամբ, առաջնորդության վերաբերյալ ուսումնասիրություններով և այլն։

Արգամ Արտաշյանի հետ զրուցել ենք նորի և ավանդականի, կարծրատիպերից ազատվելու, երջանկության ֆենոմենի և շատ այլ հարցերի շուրջ։

–  Ո՞վ է Արգամ Արտաշյանը։

– Ամենասովորական մարդ, ով փորձում է աշխարհը, նվազագույնը՝ իր շրջապատը, դարձնել ավելի լավը։

– Ձեր կենսագրությանը ծանոթանալիս ակնհայտ դարձավ, որ Դուք ոչ միայն կայացած մասնագետ եք, այլ նաև բազմահմուտ եք տարբեր ոլորտներում: Սա ինչի՞ արդյունք է՝ անձնային հատկանիշների՞,  շարունակաբար կրթվելու ցանկությա՞ն, թե՞ ուրիշներից մշտապես մեկ քայլ առաջ լինելու ձգտման:

– Հաստատ՝ ոչ վերջին տարբերակը (ժպտում է)։ Այնպես է պատահել, որ ես գրեթե չեմ դիմել որևէ աշխատանքի ընդունվելու համար (երբ էլ որ դիմել եմ, չեն ընդունել)։ Պարզապես, սկսած համալսարանն ավարտելու տարվանից, աշխատել եմ տարբեր ընկերություններում՝ որպես համակարգչային դասընթացների կենտրոնի տնօրեն, դասախոս, content wrtier, տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն, կրկին դասախոս, կայքերի բովանդակության ստեղծող և պատասխանատու (միայն անգլերեն և հիմնականում ՏՏ-ի հետ կապված),  Amazon հաշիվների պատասխանատու և այլն։ Ինչպես երևում է նշված մասնագիտացումներից և հաստիքներից, աշխատանքային փորձս վերաբերում է տարբեր ուղղությունների՝ մենեջմենթ, վեբ, օնլայն վաճառքներ, կազմակերպությունների ՏՏ կառավարում և/կամ ներդնում և այլն։ Առաջին հայացքից սրանք իրար հետ կապ չունեցող ուղղություններ են, սակայն իրականում (մի փոքր անկեղծանամ) յուրաքանչյուրն իմ կյանքում ունեցել է կոնկրետ առաքելություն, այսինքն՝ շատ կարևոր մայլսթոնների (նոր նախագծի մշակման անցումային շրջափուլ (հեղ.)) համար են եղել։ Եվ արդյունքում կարողացել եմ գիտելիքների, հմտությունների և փորձի հարուստ պաշար հավաքել, որն էլ մեծ սիրով և ոգևորությամբ փոխանցում եմ ուսանողներիս։

– Այս համատեքստում ի՞նչ կարևոր խորհուրդ կտաք երիտասարդությանը:

– Ինչպես միշտ եմ կրկնում (ուսանողներս կփաստեն)՝ ինչ հնարավորություն որ բացվում է, պետք է անպայման օգտագործել. ապագայում դրանցից յուրաքանչյուրը հաստատ ինչ-որ բանի պետք կգա։

– Ինչպիսի՞ն էին Ձեր ուսանողական տարիները։ Ի՞նչ հետք են թողել դրանք Ձեր անձի կայացման վրա։

– Առաջին տարիներին լավ չեմ սովորել (ժպտում է), այդ պատճառով, հետո դժվար էր լինում դասախոսներին համոզել, որ փոխվել եմ։ Մասնագիտական առումով, իմ մեղքով, միայն վերջին տարիներին կարողացա ձեռք բերել համապատասխան գիտելիքներ։ Իսկ անձնական առումով, այնպիսի իրադարձություններ տեղի չեն ունեցել, որ մեծ ազդեցություն թողնեին: Թերևս, միայն մտերիմ ընկերներիս հետ հանդիպումը կարելի է առանձնացնել։

– Ինչպե՞ս եք վերաբերվում նորարարության գաղափարին։ Կարելի՞ է նոր մեթոդները փորձարկել ուսանողների վրա։ Ավելի շատ նորի՞, թե՞ ավանդականի կողմնակից եք։

– Իմ ուսումնասիրությունների շրջանակում է ՏՏ ազդեցությունը կառավարման վրա ուղղությունը, և իմ դիտարկմամբ՝ այսպես կոչված Bro Culture-ը (երբ կազմակերպությունները կառավարվում են կառավարման փորձ չունեցող, երիտասարդ, սպիտակամորթ տղամարդկանց կողմից, որոնք ամեն գնով պատրաստ են հասնել իրենց նպատակներին) բավական արդյունավետ կառավարման մեթոդ է։ Որքան էլ որոշ տարրեր անընդունելի լինեն, դրանք արդեն իսկ ժամանակակից կառավարման մաս են։ Տվյալ դեպքում, կառավարում ասելով, նկատի ունեմ վերադաս-ենթակա, դասախոս-ուսանող և նմանատիպ այլ հարաբերությունները։ Անկեղծ ասած, իմ մանկավարժական գործունեության ընթացքում ես միշտ դուրս եմ եղել ստանդարտ «ակադեմիական» հարաբերություններից և միշտ ուսանողին ընդունել եմ որպես այդ հարաբերության մյուս կողմում գտնվող անձի, ոչ թե հիերարխիայի ավելի ցածր օղակում գտնվողի։ Ես ընկերություն եմ անում ուսանողների հետ։ Կարծում եմ՝ այս մոտեցումը հնարավորություն է տալիս ունեցածս գիտելիքներն ու փորձը առավել անկաշկանդ փոխանցելու նրանց։ Երևի դրանում մասնագիտական պատճառ էլ կա․ ՏՏ-ում հորիզոնական կառավարում և հարաբերություններ են։  

– Ի՞նչն է Ձեզ երջանկացնում։ Չափելի՞ է, արդյոք, երջանկության զգացումը, ըստ Ձեզ։

– Երջանիկ եղել եմ կոնկրետ իրավիճակներում, պահերի։ Ու դրանք այդքան էլ շատ չեն, ցավոք սրտի։ Պարզապես, իմ կյանքում ինչ ունեմ՝ հասել եմ բազմաթիվ դժվարությունների հաղթահարման արդյունքում։ Ընդհանրապես ինձ ոչինչ հեշտ չի տրվել։ Իսկ երբ նպատակիդ հասնելու համար ավելի մեծ ջանքեր ես ներդնում, քան պահանջվում է, վերջում կարիք է լինում հանգստության, ու երջանկության զգացողությունն իր տեղը զիջում է հանգստությանը։

– Ձեր կյանքում եղե՞լ է մի իրավիճակ, երբ չեք կարողացել կամ չեք ցանկացել հաշտվել ինչ-որ իրողության, երևույթի հետ։ Ինչպե՞ս եք վարվում այդ ժամանակ, ինչպե՞ս եք հաղթահարում խնդիրները։

– Մեկ-երկու դեպք եղել է։ Սկզբում, երբ փորձառու չես լինում, ամեն կերպ փորձում ես փոխել իրավիճակը, բայց ապարդյուն։ Փորձի հետ հասկանում ես, որ պետք է ընդունել իրականությունը և շարժվել ըստ դրա։ Արդեն երկար ժամանակ հենց այդպես էլ վարվում եմ։ Եվ պետք է ասեմ, որ կյանքիս փորձը սովորեցրել է, որ համբերությունը ամենալավ հատկություններից է. եթե ինչ-որ բան նախատեսված է քեզ համար, և այն ուզում ես ամբողջ սրտով, հաստատ կստանաս։ Եթե քոնը չէ՝ աշխարհն էլ շուռ գա, չես ունենա։

– Դուք երկու հրաշալի զավակի հայր եք։ Ո՞րն է ժամանակակից հայ ընտանիքի իդեալական մոդելը՝ ըստ Ձեզ։

– Նախ՝ պետք է ազատ դաստիարակել երեխաներին՝ առանց ազդելու նրանց նախասիրությունների վրա և հնարավորություն տալով ինքնադրսևորվելու։ Հետո՝ պետք է հասկանալ և հասկացնել, որ ամեն մեկն ունի իր կենսական տարածքը, ու պետք չէ ներխուժել այդտեղ։ Եվ վերջում, պետք է ամեն մեկն ունենա իր դերը, պարտականությունները, իրավունքները և պատասխանատվությունը ոչ միայն ընտանիքում, այլև աշխատանքային հարաբերություններում։

– Հաշված օրեր անց մենք հրաժեշտ կտանք 2021 թվականին։ Ի՞նչ սպասելիքներ ունեք 2022-ից,  ո՞րն է ամենագլխավոր մաղթանքը, որ կցանկանայիք հնչեցնել այս պահին։

– Անձնական առումով, արդեն ամեն ինչ պլանավորված է, և շարժվելու եմ ըստ այդ պլանի։ Ընդհանրապես, իմ ամեն օրը պլանավորված է. հակառակ դեպքում ոչինչ չեմ հասցնի։ Իսկ մաղթանքս կուղղեմ իմ շատ սիրելի ուսանողներին՝ ասելով, որ պետք է օգտվել ներկա բազմաթիվ հնարավորություններից, ժամանակ չկորցնել անպետքական մտքերի և գործողությունների վրա, դրա փոխարեն աշխատել, որպեսզի ժամանակակից արագ աշխարհում ոչ միայն հետ չմնան ուրիշներից, այլև առաջինը լինեն։

– Շնորհակալ եմ։

– Ես նույնպես շնորհակալ եմ հետաքրքիր հարցերի համար։

Լուսանկարները՝ Արգամ Արտաշյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *