ՀԱՅԿ ՌՍՅԱՆ. «Հայրենասիրությունը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ արարքներով»

Համառոտ տեղեկանք

Ծնվել է 2001 թ. հունիսի 3-ին, Երևանում: Ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 23-ին, ծառայել է Արմավիրում, այնուհետև Որոտանում  (Կուբաթլու): Սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 1-ին կուրսում:

Դուք մեր խորագրի առաջին հերոսն եք, Դուք նաև մեր բոլորի հերոսն եք` անկախ մեր հարցազրույցից: Ներկայացեք, խնդրեմ:

-Ես Հայկ Ռսյանն եմ, ապրում եմ Քանաքեռ վարչական շրջանում։ Համալսարան ընդունվել եմ անվճար`պետպատվեր համակարգում, այնուհետև զորակոչվել եմ, մեկնել ծառայության և մասնակցել եմ 44-օրյա պատերազմին: Ծառայությունս ավարտելուց հետո վերադարձել եմ, շարունակում եմ ուսումս և փորձում եմ հասնել նպատակներիս։

Ո՞վ էր Հայկը մինչև ծառայությունը/պատերազմը:

-Հայկը շատ էր սիրում ֆուտբոլ։ 8 տարի զբաղվել է ֆուտբոլով, մարզվել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Մինչ ծառայության անցնելն էլ 2 տարի խաղացել է «Արարատ Արմենիայում»։ Շատ նպատակներ ուներ` ֆուտբոլի հետ կապված:

Անցյալո՞ւմ, ֆուտբոլն այլևս հեռանկարայի՞ն չէ Ձեզ համար:

-Ո՛չ, բանակից հետո ֆուտբոլի հետ կապված ծրագրեր չունեմ։ Ինձ թվում է` 2 տարին մեծ ընդմիջում էր, այլևս նպատակահարմար չէ շարունակել ֆուտբոլով զբաղվելը:

Դուք արդեն ուսանող էիք դարձել մինչ ծառայությունը, և, հավանաբար, երազանքները միայն ֆուտբոլի հետ չէին կապված:

-Ֆուտբոլով, իհարկե, տարված էի, բայց դրա հետ մեկտեղ չեմ անտեսել ուսումը։ Փորձել եմ համատեղել սպորտն ու ուսումը, և ինձ թվում է՝ հաջողվել է։

Պատերազմը գողացա՞վ Ձեր երազանքները:

-Ոչ թե պատերազմը, այլ ծառայությունը խանգարեց ֆուտբոլային կարիերային: Բայց ես չեմ համարում, որ անիմաստ եմ կորցրել այդ 2 տարին, ես ծառայել եմ իմ Հայրենիքին: Ոչ մի անգամ՝ բանակ գնալուց առաջ էլ, հիմա էլ, չեմ երկմտել ու չեմ ափսոսում, որ զինվորագրվել եմ ծառայության և պաշտպանել Հայրենիքս: Ու երևի այդ մտածելակերպը եկել է իմ ընտանիքից` պապիկիցս, հայրիկիցս։ Ճիշտ է՝ շատ դժվարություններ են եղել, բայց ամեն ինչ արել եմ հանուն Հայրենիքի։ 

Ի՞նչ կամ ո՞ւմ կորցրիք պատերազմի պատճառով։

-Շատ մտերիմ ընկերների կորցրի պատերազմում` և՛ մանկության, և՛ զինակից ընկերների։

Ո՞րտեղ էր անցնում Ձեր  ծառայությունը և որտե՞ղ էիք պատերազմի օրերին:

-Որոտանում (Կուբաթլու) էի, տանկիստ էի, տանկային գումարտակում եմ ծառայել: Հաճախ գնում էինք Ջրական (Ջաբրայիլ)` զորավարժությունների, և պատերազմից առաջ` սեպտեմբերի 10-ից, մեր գումարտակով այնտեղ էինք: Բայց, ինչպես տեսանք, նախատեսված զորավարժությունը վերածվեց պատերազմի։ Մենք պատրաստ էինք պատերազմին:

Հայրենիքի և հայրենասիրության մասին Ձեր պատկերացումները` մի քանի բառով:

-Ինձ համար հայրենիքը սկսվում է հենց սահմանին կանգնած զինվորից։ Հայրենասիրությունը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ արարքներով։ Ես չեմ ընդունում այն մարդու կարծիքը, ով ոչինչ չի արել հայրենիքի համար, բայց բողոքում է կամ դասեր տալիս: Եվ խոսքը միայն պատերազմական ժամանակահատվածի մասին չէ:

Փոխվե՞լ է խաղաղության Ձեր  ընկալումը:

-Ինչպես ասում են` մինչև չկորցնես, չես գնահատի: Այս խաղաղությունը հարաբերականորեն է մեզ տրված, այսինքն` մարդիկ չպետք է մտածեն, որ պատերազմն ավարտվել է, էլ չի կրկնվի, էլ կոնֆլիկտներ չեն լինի։  Խաղաղությունը պահպանելու համար պետք է գոնե մի քիչ պատմություն սովորել. պատմությունը ցույց է տալիս, որ սա մի քանի տարվա խնդիր չէ և գալիս է դարերի խորքից, որ մենք միշտ էլ թուրք զավթիչների հետ խնդիր ենք ունեցել, մեզ կարողացել են հեշտորեն խաբել։ Դրա վառ ապացույցը մեր էպոսն է. էպոսում չունենք հայի խորամանկ կերպար: Հենց Սասունցի Դավիթը ուժեղ, բայց միևնույն ժամանակ միամիտ կերպար է, իրեն կարողանում են խաբել, նա հայի հավաքական կերպարն է։ Ես կցանկանայի, որ փոխվեր հայի կերպարը` դյուրահավատ չլիներ:

Այս պատերազմն էլ պատմություն դարձավ, իր դասերը թողեց, իսկ կհիշե՞ն գալիք սերունդները Ձեր սերնդի սխրանքը:

-Կանցնի մի որոշ ժամանակ, և բոլորին էլ կհիշեն։ Այնպես չի, որ ես կռվել եմ, որ ինձ հիշեն, ես այդպիսի մտադրություն չեմ ունեցել, հաստատ չեմ մտածել ինչ-որ բան անել, որպեսզի ինձ հիշեն։

Կպատմե՞ք  մի դեպք, որը տեղի է ունեցել պատերազմի ընթացքում և տպավորվել է:

-Ինձ համար ամենածանր օրը հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն է եղել: Այդ օրը ունեցանք և´ տարածքային, և´ մարդկային կորուստներ: Իմ շատ ընկերներ զոհվեցին, մեր հրամանատարը զոհվեց…Այդ օրն իմ տանկն էլ պայթեցրին, ես մի քանի մետր հեռավորության վրա էի տանկից: Բարեբախտաբար, ոչ մի բեկոր ինձ չդիպավ։ Ես պատերազմի ժամանակ բացարձակ չեմ մտածել զոհվելու մասին, անգամ տանկս կորցնելուց հետո, երբ առանց «կասկայի և բռոնիի» էի, ինձ ոչինչ չի պատահել։ «Բեսպիլոտնիկի»` տանկի վրա ընկնելուց 2 րոպե առաջ ես տանկի մեջ էի, պետք է առաջ գնայինք, ուղղակի տանկը խափանվեց, դուրս եկա, մի քանի մետր վազեցի, և հենց այդ ժամանակ էլ ընկավ:

Ծանր խոհերից Ձեզ մի փոքր շեղեմ. ասացեք խնդրեմ՝ սիրո՞ւմ եք ընթերցել, Ձեր սիրելի հեղինակը, ստեղծագործությունը կամ գրական ժանրը, և ո՞ր գիրքն եք կարդացել վերջինը:

-Պատմական, գեղարվեստական գրքեր եմ շատ սիրում կարդալ, սիրում եմ Ջեկ Լոնդոնի բոլոր ստեղծագործությունները: Մեծ հաճույքով եմ կարդացել «Մարտին Իդենը», որը խոր հետք է թողել: ճիշտ է, շուրջ 6 տարի առաջ եմ կարդացել, բայց մինչև հիմա հիշում եմ։ Վերջին ընթերցածս գիրքը «Կոմս Մոնտե Քրիստո»-ն է…. պատերազմից առաջ էր։ 

Շնորհակալություն, Հա՛յկ, որ մեզ վստահեցիք Ձեր խոհերն ու հիշողությունները, մաղթում ենք Ձեզ ամենայն բարին և իղձերի իրականացում խաղաղ Հայրենիքում:

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *