Առանց կատարելագործվելու ձգտման, մրցունակ մասնագետից մինչև չպահանջված աշխատող՝ մեկ քայլ է. Կարեն Ալավերդյան

«Երիտասարդ դասախոս» խորագրի այս հարցազրույցը ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կարեն Ալավերդյանի հետ է։

Ունի տպագրված 11 հոդված, զբաղվում է հետազոտությամբ։ Դասախոսելուն զուգահեռ 2008 թվականից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում։

ՀՊՏՀ-ում դասավանդում է «Ֆինանսական գործառնությունների վերլուծություն» և «Աուդիտ» առարկաները։

Կարեն Ալավերդյանի հետ զրուցել ենք շարունակական մասնագիտական զարգացման, հաջողության հասնելու ուղիների, նրա հետաքրքրությունների մասին։

– Հարգելի՛ Կարեն, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերը չմերժելու համար։

Տարեցտարի նոր մասնագիտություններ են ի հայտ գալիս, և բուհերն իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն ժամանակի պահանջին։ Արդյո՞ք 4 տարի առաջ արված մասնագիտական ընտրությունը  (նաև կատարված ներդրումները) նորավարտ մասնագետի համար չի դառնա մարտահրավեր:

– Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում, ժամանակակից աշխարհը փոփոխվում է շատ ավելի արագ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ բոլորը պետք է փորձեն հարմարվել այդ փոփոխություններին՝ ինչպես մարդիկ, այնպես էլ ինստիտուտները, որոնց թվում են նաև բուհերը։ Դա նշանակում է, որ անհնար է բավարարվել մասնագիտություն ձեռք բերելու ընթացքում ստացած գիտելիքներով, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ գիտելիքներն անընդհատ թարմացնելու, ժամանակակից փոփոխություններին ու նոր իրողություններին հարմարվելու ուղղությամբ։ Կարող եմ մեկ օրինակ բերել. հաշվապահի կամ աուդիտորի աշխատանքը, բացի կրթությունից, պահանջում է նաև որոշակի փորձառության առկայություն, ինչպես նաև տարեկան որոշակի ժամաքանակով դրանք պարտադիր կերպով զարգացնելու պահանջ։ Վերջինիս նպատակը անընդհատ փոփոխվող շրջապատում պահանջված և արդի կարողություններ ունենալն է, որը մասնագիտական շրջանակներում հայտնի է «շարունակական մասնագիտական զարգացում» անվամբ։ 

– ՀՊՏՀ-ն տնտեսագիտական կրթություն ընտրող դիմորդների համար թիվ մեկ համալսարանն է։ Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը, ինչու ոչ՝ նաև կառավարչի Ձեր փորձը՝ մեր շրջանավարտներն աշխատանքի շուկայում կարողանո՞ւմ են պահպանել կայուն ու մրցունակ դիրքեր:

– Տնտեսագիտական համալսարանը իրավամբ մասնագիտական դարբնոց է։ Չնայած արագ փոփոխվող աշխարհին՝ մեր դասախոսները, կարծում եմ, փորձում են ուսանողներին տալ արդիական գիտելիքներ, որոնք հետագայում, մասնագիտական փորձառության հետ միասին, շուկայում մրցունակ դիրքեր ապահովելու հնարավորություն կտան։ Այնուամենայնիվ, առանց շարունակական մասնագիտական զարգացման և անընդհատ կատարելագործվելու ձգտման, մրցունակ մասնագետից մինչև չպահանջված աշխատող մեկ քայլ է, իսկ կյանքի լուսանցքում հայտնվելու հեռանկարը սարերի հետևում չէ։   

Հայտնի խոսք է՝ գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է։ Այսօր ուսանողների մեծ մասը նախընտրում է փորձառություն անցնել պետական կառույցներում։ Ինչո՞վ է պայմանավորված այդ մղումը։

– Իրականում սա ինձ համար բացահայտում է։ Կարծում եմ՝ պետական համակարգում փորձառություն անցնելու՝ ուսանողների մղումը պայմանավորված է երկրի կառավարման գործընթացին ծանոթանալու նպատակադրմամբ, ինչպես նաև պետական կառավարման համակարգում ներգրավված մասնագետների՝ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցելու պատրաստակամությամբ։ Դա նաև հնարավորություն է տալիս՝ հետագայում համալրելու այդ մասնագետների շարքերը։ Իմ գործընկերների շրջանում, օրինակ, շատ են դասախոսների կողմից աշխատանքի առաջարկ ստացած նախկին ուսանողները։     

– Ցանկությունների իրականացման մասին պատմող բազմաթիվ գրքեր կան այսօր, որոնք պատրաստի սցենարներ են առաջարկում, բանաձևեր առաջ քաշում։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը մոտիվացնող գրականության հանդեպ, ինչն այսօր նորաձև է։

– Ինքս կարդացել եմ նմանատիպ մի քանի գիրք ու կարծում եմ, որ դրանք այդքան էլ կարևոր ինֆորմացիա չեն պարունակում։ Այդպիսի գրականությունը բեսթսելլեր է դառնում հիմնականում լավ PR-ի շնորհիվ, սակայն ամեն մարդ ինքը պետք է կերտի իր հաջողության պատմությունը, քանի որ չկա որևէ պատրաստի սցենար կամ բանաձև, որը կաշխատի բոլորի համար։ Այդուհանդերձ, նման գրքերը կարող են որոշակիորեն մոտիվացնել անձին, ինչը ողջունելի է։  

– Ինչպե՞ս եք վերաբերվում փոփոխություններին. դիտարկում եք որպես զարգացո՞ւմ, թե՞ նախընտրում եք կայունություն։

– Նախընտրում եմ կայունություն, չնայած, կարծում եմ, ցանկացած փոփոխություն զարգացման հնարավորություններ է պարունակում։ Շատ կարևոր է հետևել, որ կայունությունը չհանգեցնի լճացման, որի համար, կարծում եմ, էական է անընդհատ կրթվելու, նոր երևույթներ բացահայտելու ցանկությունն ու ձգտումը։  

– Ունե՞ք հետաքրքրություններ կամ զբաղմունք, որը ազատ ժամերին Ձեզ բավարարվածություն և դրական հույզեր է փոխանցում։

– Ինձ հետաքրքրում է այլ երկրների մշակույթը։ Աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել և հնարավորության դեպքում կցանկանայի շարունակել բացահայտել այլ ազգերի նիստուկացն ու ապրելակերպը։

– Վերջում՝ մի քանի բլից-հարց.

– Լավագույն ֆիլմը, որ երբևէ դիտել եք։

– Վերջերս դիտած ֆիլմերից ամենատպավորիչը «Վերև մի նայիր» (Don’t look up) ֆիլմն է։

– Գիրք, որը վերընթերցելու պահանջ եք զգացել:

– Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի հեղինակած «Ինչու են ձախողվում պետությունները» գիրքը։

– Երաժշտությունը Ձեր կյանքում։

– Երաժշտություն հիմնականում լսում եմ մեքենայում, ժանրը կարևոր չէ, կարևորը՝ երաժշտությունը որակյալ լինի։

– Ի՞նչը կարող է Ձեզ ուրախացնել։

– Ընտանիքիս հետ անցկացրած ժամանակը, ընկերներիս ու մտերիմներիս հաջողությունները։

– Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել։

– Մարդկանց անխոհեմությունն ու անհամբերությունը։

– Ի՞նչն եք ամենից շատ արժևորում մարդկանց մեջ։

– Ճիշտ և սթափ դատելու կարողությունը։

Լուսանկարները՝ Կարեն Ալավերդյանի անձնական արխիվից

Զրուցեց Շուշան Շահվերդյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *