Ղազար Միրզոյան․ «Հայրենասիրություն ասելով`պատկերացնում եմ սահմանում զենքը ձեռքին կանգնած զինվոր, իր ուժերի ներածի չափով հայրենիքին ծառայող քաղաքացի»

Համառոտ տեղեկանք

Ղազար Արմանի Միրզոյանը ծնվել է 2001 թ․ հունիսի 29-ին Երևանում։ Հաճախել է թիվ 177 միջնակարգ դպրոց, այնուհետև տարածաշրջանային N2 քոլեջ։ 2019-ին ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ, 2020-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Ասկերանում։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին մասնակցել է Աղդամի շրջանում մղվող մարտերին։ Պատերազմից հետո ծառայել է Արմավիրի մարզի զորամասում, այնուհետև՝ Ջերմուկում։Այժմ սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսում։

Ո՞վ էր Ղազարը մինչ ծառայությունը։

‒Ղազարը մեկն էր, ով սովորում էր համալսարանում, ապրում ակտիվ համալսարանականի կյանքով, մասնակցում միջոցառումների։ Ղազարը սիրում էր կիթառ նվագել, երաժշտություն լսել ։ Ճիշտ է, կիթառ նվագել սովորել եմ ինքնուրույն, բայց ասում են՝ բավականին լավ է ստացվում։

Իսկ ի՞նչ ժանրի երաժշտություն եք նախընտրում։

‒Ռոք, ջազ, բլյուզ, ռեպ։ Կախված տրամադրությունից ու միջավայրից՝ նախասիրություններս կարող են տարբեր լինել։

Դուք ասացիք, որ ակտիվ համալսարանական եք եղել, մասնակցել եք մի շարք միջոցառումների։ Կխոսե՞ք այդ օրերի մասին։

‒Համալսարանում ուսանելուս առաջին տարին, մինչև ծառայության մեկնելը, շատ ակտիվ, հետաքրքիր, փորձերով ու միջոցառումներով լի էր։ Եղել եմ կառավարման ֆակուլտետի Ուրախների և հնարամիտների ակումբի անդամ՝ վերջին «կավեենշիկներից», որովհետև, եթե չեմ սխալվում, մեզանից հետո КВН չի եղել։ Իսկ հիմա եթե լինի՝ անշուշտ ներկա կգտնվեմ․․․ բայց հանդիսատեսի աթոռին նստած, քանզի հիշողությունները թույլ չեն տա բեմ բարձրանալ․ երեք տարի առաջ այդ բեմում էի իմ լավ ընկերների՝ Արշակյան Հայկի ու Բախշյան Ալբերտի հետ․․․

Հայկի, Ալբերտի և բոլոր զոհված քաջորդիների հիշատակն ապրում է մեր սրտերում։ Որտե՞ղ էր անցնում ծառայությունդ, որտե՞ղ էիր պատերազմի օրերին։

‒Ծառայությունս մինչ պատերազմն անցել է Ասկերանում (Կովկասի ամենամեծ գունդն է), մի զորամաս, որի կարգապահությամբ հիանում եմ մինչ օրս։ Ասկերանում սովորել եմ լիարժեք տիրապետել զենքին, հրամանատարներիս պատասխանատվության և իրենց աշխատանքին անմնացորդ նվիրված լինելու շնորհիվ յուրացրել ենք այն ամենը, ինչ պետք էր իմանալ կռվի դաշտում։ Պատերազմի օրերին եղել եմ Աղդամում։ Պատերազմից հետո որոշ ժամանակ ծառայել եմ Արմավիրի մարզի զորամասում, այնուհետև Ջերմուկում։

‒Պատերազմական օրերից կամ ծառայությունից ի՞նչ եք ավելի հաճախ մտաբերում։

‒Դեպքերը շատ են, որոնք հիշում եմ, բայց կպատմեմ մի քանիսը։ Սկզբում՝ «Գագոյի» մասին։ «Գագոն» իմ ներքին ձայնն է, ով փրկել է իմ կյանքը․․․ Կրակ ենք վառել, ես կանգնած եմ  կրակի մոտ։ «Գագոն» ասում է՝ ներս գնա էլի, գնա զենքդ ստուգի։ Այնքան ասաց, մինչև գնացի։ Րոպեներ չանցած՝ հռթիռն ընկավ, պայթեց, ու մի մեծ բեկոր ուղիղ իմ կանգնած տեղը մխրճվեց։

Մի անգամ էլ կյանքս Սևոն է փրկել։ Սևոն մեր շուն էր։ Համեմատաբար խաղաղ էր, կրակոցներ կային, բայց՝ քիչ ու ոչ մեր ուղղությամբ։ Ես էլ թաքստոցում չեմ, Սևոն եկավ ու սկսեց շորերիցս քաշել, տանել դեպի թաքստոց, ինձ թաքստոցին մոտեցրեց, ինքը վազելով ներս մտավ, ես էլ՝ հետևից։ Արդեն ներսում էի, երբ տեսա՝ ոնց հրթիռն ընկավ կանգնածս տեղը։ Այդ անգամն էլ կյանքս Սևոն փրկեց։

Մի դեպք էլ պատմեմ։ Աղդամում էինք ու 3-4 օր գրեթե ոչինչ չէինք կերել։ Հանկարծ տեսնում ենք նռնենի՝ ճյուղերը բերքից կորացած։ Պատկերացրեք մեր ուրախությունը․ այդ պահին նուռը փրկություն էր (գոնե ծարավներս հագեցնելու համար)։ Այդ անգամ էլ Աղդամի նուռը դարձավ փրկիչ։

Իսկ ի՞նչ արեցիք հետո։

 ‒Հետո արդեն սնունդը տեղ հասավ։ Այդ 3-4 օրերը պատերազմի առաջին օրերն էին, երբ ամեն ինչ դեռ անորոշ էր։ Դեպք է եղել նաև, երբ պատերազմի օրերին մեզ անհրաժեշտ իրեր ու սնունդ հենց տնից են ուղարկել։

Մի անգամ, երբ տնեցիները փաթեթ էին ուղարկել, միջից նամակ գտա։ Քույրս էր գրել։ Այդ նամակն ամբողջ ներաշխարհս խառնեց․ հուզվել եմ, ժպտացել կարդալիս։

Մինչև հիմա պահում եմ, բայց երկրորդ անգամ կարդալ չի ստացվում։

Իսկ որո՞նք են խաղաղության մասին Ձեր պատկերացումները։

‒Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր տիրող խաղաղությունը հարաբերական է։ Առհասարակ, խաղաղություն ասելիս միտքս է գալիս այն ասույթը, որ խաղաղության հասնելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստ լինելն է։

Ինչպիսի՞ն են հայրենասիրության Ձեր պատկերացումները։

‒Սահմանում տալ չեմ կարող, ավելի լավ կլինի՝ ներկայացնեմ հայրենասիրության մասին իմ պարզագույն պատկերացումները։ Ցանկացած աղբ, սկած ծխախոտի մնացորդից, ցած չեմ նետի, կպահեմ այնքան, մինչև աղբամանը գցեմ։ Աղբը գետնին չթափելը ինձ համար հայրենասիրության մի փոքրիկ դրսևորում է՝ ամենապարզը, բայց ամենակարևորներից մեկը։ Ընդհանուր առմամբ, հայրենասիրություն ասելով, պատկերացնում եմ սահմանում զենքը ձեռքին կանգնած զինվոր, իր ուժերի ներածի չափով հայրենիքին ծառայող քաղաքացի։

Վերադառնանք մեր օրեր։ Ինչո՞վ եք զբաղվում այժմ, ինչպիսի՞ն է Ձեր առօրյան։

‒Համալսարան, դասեր, աշխատանք։ Նաև մասնակցում եմ 3D մոդելավորման դասընթացների՝ նոր մասնագիտություն և հմտություններ ձեռք բերելու համար։
Քանի որ ծառայության օրերին կրակային վարժության դասերն ինձ համար ամենասիրելին են եղել, հիմա էլ շարունակում եմ այդ զբաղմունքով առօրյաս լցնել՝ գնում եմ կրակային պարապմունքների։ Նաև կամավոր եմ «Ազատազէն» հրաձգարանում։

Եվս մեկ ու, թերևս, վերջին հարցը․ ի՞նչ խորհուրդ կտաք ծառայության մեկնող զինվորներին։

‒Նախ՝ կմաղթեմ բարի ծառայություն ու վերադարձ, հետո կցանկանամ ասել, որ սովորեն, լինեն պարտաճանաչ և ուշադիր։ Կարևորը ծառայությանը և իրենց առջև դրված ցանկացած խնդրի լուրջ վերաբերվելն է, քանի որ, ինչպես ցույց տվեց պատմությունը և ինչում համոզվեցինք բազմիցս, միշտ պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանել թշնամուց։

Նյութը պատրաստեցին Մարգարիտա Խաչատրյանը, Մարիամ Հարությունյանը, Վարդուհի Գալստյանը և Անի Դեգեմոնյանը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *